կարևոր
5437 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-13 23:16
Հասարակություն

Այսքան սխալներ թույլ տված մարդն իրավունք ունի՞ դասագիրք գրել․ Աշոտ Ղուկասյան

Այսքան սխալներ թույլ տված մարդն իրավունք ունի՞ դասագիրք գրել․ Աշոտ Ղուկասյան

Վերջերս հանրային հեռուստաընկերության հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը 7-րդ դասարանի հայոց պատմության նոր դասագրքի շուրջ կազմակերպել էր զրույց հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի, և Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: Նախապես ասեմ, որ չափազանց թույլ ու անմակարդակ հարցազրույց էր: Այն իր կեղծ, արհեստական հարցադրումներով ու միտվածությամբ էժանագին տպավորություն թողեց և շատ հեռու էր ազգային-պատմական մտածողություն ունեցող հայ մտավորականի նկարագրից: Նրանք խիստ քամահրանքով էին արտահայտվում նախկին դասագրքերի և դրանց հեղինակների մասին, այն հեղինակների, որոնք հսկայական ներդրում են ունեցել հայ պատմագիտության զարգացման գործում: Նրանք հաղթողի կեցվածքով խոսեցին նախկին դասագրքերի կարծրատիպերի մասին, նույնիսկ փորձ արեցին նսեմացնել այդ դասագրքերի հերոսական ոգին ու պաթոսը: Իսկ Տիգրան Հակոբյան անձը Տիգրան Մեծի շրջանին վերաբերող նախկին քարտեզների կապակցությամբ, որպես սնապարծության դրսևորում, հեգնանքով ասաց, թե Հայաստանի տարածքները պետք էր հասցնել մինչև Չինաստանի սահմանները։

Երբ այդ անհայրենիք դասագիրքն արդարացիորեն խիստ  քննադատվում էր պատմաբանների, մանկավարժների, լրագրողների և, ընդհանրապես, հանրության կողմից, անկեղծ ասած, խղճացի Սմբատ Հովհաննիսյանին: Մտածեցի, որ նա գուցե պատահաբար է հայտնվել դասագրքաստեղծ աշխատանքի ոլորտում և դարձել քավության նոխազ: Բայց այդ հարցազրույցից հետո հասկացա, որ նա շատ վտանգավոր և ինքնահավան մարդ է: Այս հանգամանքն ինձ ստիպեց կրկին հրապարակային հանդես գալ և մեկ անգամ ևս ներկայացնել թույլ տրված սխալները (խոսքը տեխնիկական սխալների և վրիպակների մասին չէ, որոնց թիվը տասնյակներով է հաշվվում) և պատմական տարրական փաստերի չիմացությունը։ Ես չեմ խոսի հանրությանն արդեն հայտնի բոլոր սխալների մասին։ Պարզապես ցանկանում եմ մի պատկերավոր համեմատություն կատարել։ Երբ աշակերտը դպրոցում Հայոց պատմությունից որևէ դաս ներկայացնելիս թույլ է տալիս տարրական փաստական սխալներ, ուսուցիչը բարկանում է, ուղղում է նրա սխալները և ցածր գնահատական նշանակում։ Ընդ որում՝ պատմելու պահին աշակերտը դասագրքից չի օգտվում։ Իսկ ի՞նչ ասենք ԵՊՀ դասախոս, դոցենտ Սմբատ Հովհաննիսյանի հասցեին, ով դասագիրք գրելու ընթացքում, ձեռքի տակ ունենալով պատմական սկզբնաղբյուրներ ու գրականություն, դրանցից օգտվելու հնարավորության պարագայում անգամ թույլ է տվել ավելի շատ սխալներ, քան կարող էր թույլ տալ 7-րդ դասարանի ամենաթույլ աշակերտը։ Ահա դասագրքում տեղ գտած բազմաթիվ սխալներից մի քանիսը.

 1. «Արարատյան դաշտում են գտնվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները» (էջ 13)։ Այս պնդումը սխալ է, պետք է լինի՝ Այրարատ նահանգում։

 2. «Իրենց մեծությամբ և նշանակությամբ առանձնանում են Ուրմիա (Կապուտան), Վան (Բզնունյաց) և Սևան (Գեղամա) լճերը» (էջ 14)։ Սխալ է, պետք է լինի Վանա լիճ, Սևանա լիճ։

3. «Ավանդաբար Մեծ Հայքը կազմված է եղել 15 նահանգներից՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ։ Ընդհանուր՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածք» (էջ 15)։ Սխալ է․ 400 հազ. քառ. կմ-ն ոչ թե Մեծ Հայքի, այլ Հայկական լեռնաշխարհի տարածքն է, իսկ Փոքր Հայքը դուրս է թողնված Հայկական լեռնաշխարհի սահմաններից։

4. «Այդ նույն ժամանակ Արտագերս ամրոցում ամրացած Փառանձեմ թագուհին փորձում էր դիմադրել պարսիկներին, մինչ որդին՝ Պապը, կվերադառնար Բյուզանդիայից» (էջ 118)։ Սխալ է․ Բյուզանդիա այդ ժամանակ գոյություն չի ունեցել:

5. Հայ-պարսկական «Պատերազմական գործողությունների արդյունքում ավերվել էին... Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Դվինը, Վաղարշապատը, Վանը և այլն» (էջ 118)։ Սխալ է․ քաղաքների այս ցանկում Դվինը չի մտնում։

6. Մծբինի «Դաշնագրով երկու կողմերն էլ ճանաչում էին Մեծ Հայքի ինքնավարությունը...» (էջ 110)։ Սխալ է․ ոչ թե ինքնավարությունը, այլ՝ անկախությունը։

7. «Իսկ 850-851 թթ. տեղի ունեցավ հայերի մյուս խոշոր ապստամբությունը»  (էջ 145)։ Սխալ է․ պետք է լինի՝ 850-855 թթ․։

 8. «Այս­պե­ս՝ Ա­գա­թան­գե­ղո­սը, Փա­վս­տոս Բու­զա­նդն ու Ղազար Փար­պե­ցին, մի­մյա­նց շա­րու­նա­կե­լով և լրաց­նե­լով, շա­րադ­րել են III-IV դդ. հայոց պատ­մու­թյու­նը» (էջ 150)։ Սխալ է, որովհետև Ղազար Փարպեցին իր «Պատմություն Հայոց» երկում իրադարձությունների նկարագրությունը հասցրել է մինչև 480-ական թթ.:

9. Դավիթ Անհաղթն իր «Ի­մաս­տության սահ­ման­նե­րը» դա­սա­կան փի­լի­սո­փայա­կան աշ­խա­տության մեջ...» (էջ 151)։ Սխալ է․ պետք է լինի՝ «Ի­մաս­տասիրության սահ­ման­ումները»։

10. «Աշոտ III-ի կատարած կարևոր քայլերից էր նաև այն, որ նա կաթողիկոսանիստ աթոռը տեղափոխեց Շիրակ (Արգինա)՝ ապահովելով եկեղեցու միասնականությունը» (էջ 162)։ Սխալ է, քանի որ կաթողիկոսանիստ աթոռն Արգինա է տեղափոխվել Աբաս արքայի օրոք։

11. Բագրատունիների օրոք հայոց «Հզոր հեծելազորը բաղկացած էր արքունական և մարզպանական գնդերից, որոնց ընդհանուր թիվը հասավ 80-100 հազարի» (էջ 171)։ Սխալ պնդում է, քանի որ 80-100 հազարը ոչ թե հեծելազորի, այլ ամբողջ բանակի թիվն էր։

12. «Գագիկ I-ի օրոք արտաքին պայմանները դեռ նոր էին կայունացել, երբ բյուզանդական բանակները հայտնվեցին Բագրատունյաց Հայաստանի սահմաններին։ Արևմուտքից եկող վտանգի առաջին զոհերը եղան Տարոնը, հետո՝ Տայքը և Վասպուրականի Արծրունիների թագավորությունը» (էջ 167)։ Սխալ է․ Տարոնը Բյուզանդիան նվաճել է Աշոտ III-ի օրոք, իսկ Վասպուրականի թագավորությունը Բյուզանդիային է անցել Գագիկ I-ից հետո։

Սրանից հետո, այսքան սխալներ թույլ տված մարդն իրավունք ունի՞ դասագիրք գրել, դասախոս աշխատել և գիտնականի կոչում կրել։ Իհարկե՝ ոչ։ Ես մտածում էի, որ ուժից վեր բեռի տակ մտած հեղինակը ներողություն կխնդրի աշակերտներից, ծնողներից ու ուսուցիչներից իր անհայրենիք կեցվածքի և սխալներով լեցուն դասագրքի համար։ Բայց սխալվեցի։ Նա ոչ միայն ներում չի հայցում, այլև հաղթական կեցվածք ընդունելով, շատ հանգիստ խոսում է առաջիկայում դպրոցում իր դասագրքի ամրապնդման և երկու մասից բաղկացած ինչ-որ դասագրքի մասին։ Ս. Հովհաննիսյանի այս ինքնավստահությունը գալիս է, ըստ երևույթին, ԿԳՄՍ նախարարության հովանավորությունից, նրա տված պատվերից, նախարարի՝ դասագրքի շուրջ աղմուկի հետ հարմարվելու կոչից և Պ. Ղազարյանի կազմակերպած այս հարցազրույց-ներկայացումից։ Արժանանալով կրթության պատասխանատուների պաշտպանությանը՝ նշված հարցազրույցում նա անդրադարձ է կատարում նույնիսկ խորհրդահայ վերջին շրջանի դասագրքերին և դրանցում տեղ գտած թերություններին։ Եթե հեղինակին թվում է, թե վաղուց հնացած և իր դարն ապրած մի շարք կարծիքներ ու տեսակետներ դասագրքում զետեղելը, արևմտյան կեղծ, երկակի ստանդարտներ կիրառելը գիտականության ու թարմության վկայություն են, ապա չարաչար սխալվում է։ Դասագրքում մեր պատմությունն աղճատված է, դրանում բացակայում են վառ ու պատկերավոր շարադրանքը, ազգային գաղափարներով ու մտածողությամբ տոգորված տեքստային նյութերը։ Դրանց փոխարեն հեղինակն ինքնակամ փոխել է նոր ծրագրով նախատեսված բոլոր 7 թեմաների ձևակերպումներն ու շեշտադրումները և հարմարեցրել իր ապազգային հայացքներին, համոզմունքներին ու դիրքորոշումներին։ 

«Հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման պատմաաշխարհագրական միջավայրը։ Հայոց հայրենիքը» թեմայում չի նախատեսվում նախնադարի պատմության ուսումնասիրումը: Նոր ծրագրով այն պետք է ուսումնասիրվեր 6-րդ դասարանի «Իմ հայրենիքը և աշխարհը» դասընթացում։ Բայց Սմբատ Հովհաննիսյանը, անտեսելով ծրագրային պահանջը, դա բերել է 7-րդ դասարան, որի իրավունքը նա չուներ (հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է մրցույթի սահմանված կարգով ծրագրի բովանդակությանը չհամապատասխանող գիրքը երաշխավորվել որպես դասագիրք)։ Նա այդ փոփոխությունը կատարել է, որպեսզի կարողանա ցույց տալ, որ նախամարդը Հայկական լեռնաշխարհ է գաղթել Արևելյան Աֆրիկայից, որ Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդու գաղթի ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկը։ Իսկ նոր ծրագրով նախատեսված այս թեմայի երկրորդ մասը՝ «Իմ հայրենիքը», իսպառ բացակայում է դասագրքում։ Ամբողջ թեմայում ընդամենը մեկ անգամ է "հայրենիք" բառն օգտագործվում, այն էլ՝ հայերի արտագաղթի կապակցությամբ։ Ծրագրային 3-րդ՝ «Հայկական լեռնաշխարհը՝ որպես մարդկության օրրան և հայոց քաղաքակրթության բնօրրան» թեման ամբողջովին ձևափոխված է ու խեղաթյուրված։ Հեղինակը մոռացության է տվել մեզ համար թանկ ու նվիրական «օրրան» ու «բնօրրան» բառեզրույթները, Հայաստանի՝ որպես մարդկության օրրանի մասին Աստվածաշնչի վկայությունը։ Նա ամեն կերպ խուսափել է այն մտքից, որ Հին աշխարհի հոգևոր ընկալումներում ևս Հայաստանը դիտվել է որպես Եդեմ-դրախտ, որտեղ արարվել են առաջին մարդիկ։ 

Նոր ծրագրի կարևոր թեմաներից է «Հայերի ծագումնաբանությունը»։ Այս վերնագրով թեմա ևս տեղ չի գտել սույն դասագրքում (դարձյալ հարց է ծագում, թե ինչպես է ծրագրին չհամապատասխանող դասագիրքը երաշխավորվել գործածության)։ Հայերի ծագումնաբանության վերաբերյալ առանձին հարցեր կա՛մ շրջանցվել են, կա՛մ կեղծվել։ Խոսքը դրանցից միայն մեկի՝ հնդեվրոպական նախահայրենիքի և դրա հեետ կապված գաղթի մասին է։ Եթե գիտնականները վաղուց ապացուցել են, որ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվում է Հայկական լեռնաշխարհում և դրա հարակից տարածքներում, ապա ինչն է ստիպել հեղինակին՝ նախահայրենիքը որոնել Բալկաններում ու այլ տեղերում։ Պետք է կարծել, որ հեղինակը փորձ է անում վերականգնել հայերի եկվորության՝ վաղուց մերժված տեսությունը և հայ ժողովրդին դարձնել եկվորներ։ Նույնիսկ դասագրքում զետեղված Հայկական լեռնաշխարհի քարտեզի վրա վայ պատմաբանը "նախահայրենիքի" փոխարեն նրա ընդամենը մի փոքր մասում նշել է «ենթադրյալ նախահայրենիք» արտահայտությունը (ինչու "ենթադրյալ", ապազգային մտածողության դասական օրինակ)։ Սա վկայում է այն մասին, որ նա Հայկական լեռնաշխարհը  հնդեվրոպացիների նախահայրենիք չի համարում։ Ինչ վերաբերում է ծագումնաբանության մյուս հարցերին, ապա հեղինակը դարձյալ լռում է։ Նա չի հիշատակում նույնիսկ Հայկ Նահապետի անունը, էլ չեմ խոսում Հայկի ու Բելի կռվի, հայերի հաղթանակի և լեռնաշխարհում Հայկի սերնդի տարածման մասին։

«Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումները՝ Ք.ծ.ա․ III-II հազարամյակներում» թեմայում հայկական առաջին պետական կազմավորումը՝ Արատտան, բնութագրվում է որպես առասպելական երկիր, իսկ նրա գտնվելու վայրը՝ վարկածային, այսինքն՝ Արատտայի հայկական պետական կազմավորում լինելը և նրա՝ Հայաստանում գտնվելը ևս կասկածի տակ է առել։

Հիասթափեցնող է դասագրքի առաջին էջը, որը սկսվում է «Յուրաքանչյուր ազգի պատմություն կապված է ինչ-որ աշխարհագրական միաջավայրի հետ» նախադասությամբ։ Ինչպես կարելի է հայրենիք դարձած հողը, որի վրա ծնունդ է առնում նրա պատմությունը, ինչ-որ տարածք համարել։

Բոլորովին անընդունելի է, երբ 7-րդ դասարանի աշակերտներն առաջին անգամ սկսում են իրենց ժողովրդի ամբողջական պատմությունն ուսումնասիրել՝ որպես առանձին առարկա, գրքի առաջին և հաջորդ էջերը բացվում են օտար պատմիչների (Քսենոփոնի և Ստրաբոնի) նկարներով ու թեմայի հետ քիչ առնչվող նրանց տեղեկություններով։ Ըստ երևույթին, հայ պատմիչներն այս հեղինակի սրտով չեն։ Անկախ ինչ-որ մեկի ցանկությունից՝ Հայոց պատմության դասագիրքը կարող է բացվել միայն Մովսես Խորենացու և մյուս հայ պատմիչների պատկերներով և նրանց երկերի իմաստուն խոսքերով ու վկայություններով։ Առաջին էջերից զատ, այս «դասագիրք» կոչվածը ողողված է օտար պատմիչների ու գիտնականների կենսագրություններից վերցված նյութերով։ Սա նշանակում է, որ հեղինակը հայ պատմիչների և գիտնականների փոխարեն նախապատվությունը տվել է օտարներին և առաջնորդվել նրանց տեղեկություններով ու մոտեցումներով։ Չցանկանալով շարունակել սխալների և կեղծիքների այս շղթան՝ պարզապես թվարկենք ծրագրային այն կարևոր թեմաները և ենթաթեմաները, որոնք դուրս են թողնվել դասագրքից։ Դրանք են.

    • «Հայոց հայրենիքը»

    • «Հայկական լեռնաշխարհը՝ որպես մարդկության զարգացման օրրան և հայոց քաղաքակրթության բնօրրան»

    • «Հայկական թագավորությունները՝ Ք.ծ.ա․ II-I դդ․ (Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե)»

    • «Քրիստոնեությունը՝ հայոց քաղաքակրթության հիմնասյուն»

    • «Հայոց եկեղեցու դերի ու ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում»

    • «Հայոց եկեղեցու խորհուրդները, եկեղեցիների կառուցվածքը»

    • «Հայոց եկեղեցին VII - VIII դդ.»

    • «Հայ ինքնուրույն գրականության սկզբնավորումը» ենթաթեմաները։

    • Մի շարք թեմաներում բացակայում են «առօրյա կյանքն ու կենցաղը, հասարակական հարաբերություններ» ենթաթեմաները։

    • Հայկական արքայատոհմերի գլխավորած թագավորություններ ընդգրկող թեմաներում բանակը՝ որպես առանձնացված ենթաթեմա, բացակայում է (3-րդ թեմայում ընդհանրապես տեղ չի գտել)։

    • «Հայոց եկեղեցին՝ Բագրատունյաց ժամանակաշրջանում» ենթաթեման և այլն 

(դարձյալ հարց է առաջանում, թե ինչպես է պետական ծրագրին դասագրքի բովանդակության հետ այսքան անհամապատասխանություն ունեցող դասագիրքը նախարարությունը երաշխավորել գործածության։ Կարծում ենք՝ ամեն ինչ պարզ է)։

 Այժմ՝ մի քանի խոսք քարտեզների մասին, որոնց հետ կապված, ինչպես գիտենք, ևս լուրջ սխալներ կան։ Քարտեզների մասին շատ է խոսվել, որոնց զգալի մասը դարձյալ կեղծված է և լուրջ վտանգներ է պարունակում։ Եվ քանի որ հեղինակն իր սխալն անպարկեշտորեն չի ընդունում, մեկ-երկու խոսք պետք է ասեմ։ Տիգրան Մեծի ժամանակվա քարտեզում "Ադրբեջան", "Թուրքիա" անվանումները գրելը նա պատճառաբանում է նրանով, որ այդ քարտեզով աշակերտները կհամեմատեն հայոց տերության տարածքները ժամանակակից Թուրքիայի, Ադրբեջանի և մյուս հարևան երկրների տարածքների հետ և կհասկանան, թե որքան տարածք են նրանք յուրացրել Հայաստանից։ Եթե սա էր հեղինակի ուզածը, ապա դրա համար պետք չէր դիմել վտանգավոր կեղծիքի։ Նա կարող էր առաջարկել աշակերտներին՝ վերցնել Բաբկեն Հարությունյանի Հայոց պատմության ատլասի Ա և Գ մասերը (այդ ատլասներից դպրոցներում շատ կան) և, կողք-կողքի դնելով, համեմատել Տիգրան Մեծի տերության քարտեզը և Հայաստանի Երրորդ Հանրապետության քարտեզներն ու հեշտությամբ տեսնել տարածքային կորուստները։ Դրա համար պետք չէր Ադրբեջան և Թուրքիա պետությունները տանել Տիգրան Մեծի ժամանակներ (Ք.ծ.ա․ 1-ին դար) ու շուրջ 2200 տարով հնացնել Ադրբեջանի և ավելի քան 1300 տարով Թուրքիայի պատմությունը։ Այսպես, դասագրքի հեղինակը ջուր է լցնում ազերի-թուրքական ջրաղացին։ Եթե Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները տեղեկանան այս մասին, ապա դասագրքի հեղինակին կարժանացնեն ազերի-թուրքական հերոսի կոչման։ Գուցե Տիգրան Մեծի տերության քարտեզն այդպես է գծվել, որպեսզի Տիգրանը թուրք-ազերիներից կադաստրի թուղթ պահանջեր, ինչպես արվում է այսօր։

Լուրջ սխալ կա նաև «Բագրատունիների տերությունը՝ IX դարի վերջին և X դարի սկզբին» քարտեզում։ Այդ քարտեզում միայն Բագրատունիների թագավորության տարածքի վրա գրվել է՝ Մեծ Հայք։ Բայց չէ՞ որ այդ շրջանում Բագրատունիներին ենթակա մանր թագավորությունները և մահմեդական ամիրայությունները ևս գտնվում էին պատմական Մեծ Հայքի տարածքի վրա։ Այդ դեպքում ինչո՞ւ է Մեծ Հայքը նշված միայն Բագրատունիների թագավորության, այլ ոչ թե ամբողջ Հայաստանի տարածքի վրա։ Մի՞թե Վասպուրականի, Սյունիքի թագավորությունները կամ Կայսիկների ամիրայությունը և այլն, Մեծ Հայքի տարածքներ չեն։ 

Որքան շատ ենք խոսում այս անհայրենիք դասագրքի մասին, այնքան ավելի ենք համոզվում, որ դրա հեղինակը պատվեր է կատարում՝ մեր պատմությունը ծառայեցնելով օտարների շահերին։ Այդ են վկայում վերը նշված սխալները և մոտեցումները, որոնք տեղ են գտել դասագրքում։ Նա իր համար սկզբունք է դարձրել մեր պատմության առանցքային փաստերը և երևույթները ներկայացնել որպես վարկածներ և դնել կասկածի տակ ու կեղծել, որից էլ օգտվում են մեր թշնամիները, մասնավորապես՝ թուրքերը և ազերիները։ Ազերիներն արդեն իսկ ՀՀ-ն համարում են Արևմտյան Ադրբեջան, իսկ մենք լռում ենք, կեղծում ու զիջում, տեր չենք կանգնում մեր պատմությանը և արժեքներին։ Պետք է հիշել, որ պատմության մեջ արձանագրված և ապացուցված՝ մեր ժողովրդի մասին պատմող ցանկացած հավաստի փաստ ու տեղեկություն մենք պետք է իմաստավորեք, գնահատենք ու արժևորենք մեր ազգային գաղափարների, արժեքների և շահերի դիրքերից։ 

Այժմ անդրադառնանք «դասագիրք» կոչվածի արտատեքստային մասին՝ մեթոդիկային, որը նրա հեղինակը համարում է կարևոր ձեռքբերում։ Հեղինակն իր դասագրքում ընդգրկել է մեծ քանակությամբ մտավոր գործողություններ պահանջող բայերի փունջ (հիշիր, վերլուծիր, համադրիր, բնութագրիր, բացատրիր, գնահատիր, ընդհանրացրու և այլն), առանց մտածելու, թե որքանով է դրանց կիրառումը չափելի դարձնում աշակերտների պատասխանները և վերջնարդյունքները։ Ասենք, որ հեղինակը չի կարողացել կազմած հարցերն այդ բայերի գործողություններին համապատասխան ձևակերպել, ուստի դրանք գրեթե բոլորը նույն բովանդակությունն ունեն։ 

Դասագրքում կան նաև սկզբնաղբյուրներից բերված հատվածներ, կենսագրական նյութեր և գործնական առաջադրանքներ։ Դրանք անհրաժեշտ են, բայց դրանց կուտակումներն արվել են դասագրքի տեքստային դասանյութերի հաշվին։ Այդ է պատճառը, որ դասագրքում չկա գրեթե մի դասանյութ, որն իր բովանդակությամբ ամբողջական պատկերացում տա տվյալ թեմայի մասին, որ պահանջվում է ծրագրով։ Պետք է հիշել, որ դասագիրքը դասավանդման ու ուսումնառության ամբողջ միջոցները մի տեղ հավաքելու ժողովածու չէ։ Դրա համար կան քրեստոմատիաներ, պրակտիկումներ, հարցերի, առաջադրանքների և խնդիրների ժողովածուներ, ալբոմներ, ատլասներ, աշխատանքային տետրեր և այլն։ Դասագրքի 176 էջի (այդքան պետք է լինի էջերի քանակը՝ ըստ մրցույթի պահանջի) սահմաններում փորձել ուսուցանվող տեքստային բովանդակությունը կրճատել մինչև դրա ծավալի կեսը, մեղմ ասած, անմտություն է։ Այդ  պատճառը, որ տեքստային նյութի հաղորդվող բովանդակությունը բավարար չէ տրված հարցադրումներին պատասխանելու համար, նույնիսկ չի կարող աջակցող տեղեկույթի դեր կատարել աշակերտների համար։ Մեկ հարցի մասին ևս։ Կառչած այդ անհայրենիք դասագրքից՝ կրթության պատասխանատուներն առաջարկում են հաշվել դրանում տեղ գտած սխալները, կազմել ամփոփագրեր, ուղարկել դպրոցներ և այլն։ Ինչի՞ համար է պետք այդ ամենը։ Ինչո՞ւ պետք է պատմաբանները, մտավորականներն իրենց ողջ ուժերը կենտրոնացնեն Սմբատ Հովհաննիսյանի սխալներն ուղղելու և նրա անունով նորովի շարադրված դասագիրք ստեղծելու վրա։ Մի՞թե նոր, շատ ավելի լավ դասագիրք գրողներ չկան։ Բացի այդ, այն տպավորությունն է ստեղծվում, որ կրթության ոլորտում բոլոր խնդիրները լուծված են, և կրթության պատասխանատուների միակ հոգսը մնացել է Սմբատ Հովհաննիսյանի անհայրենիք դասագիրքը, այդ չարիքը դպրոցում ամրապնդելը։ Պարզապես անհրաժեշտ է հետ կանչել այդ դասագիրքը և նոր դասագրքի մրցույթ հայտարարել։ Չպետք է մոռանալ, որ դպրոցներում ուսուցիչների ու աշակերտների մոտ ձևավորվել է ատելություն այդ դասագրքի նկատմամբ՝ իր բոլոր հետևանքներով։

Վերջում մի քանի խոսք նախարարության ձախողած դասագրքաստեղծ աշխատանքի մասին: Ասենք, որ նոր ստեղծված դասագրքերը մեծիմասամբ չեն ծառայում իրենց նպատակին։ Հանրային ուշադրության կենտրոնացումը 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի վրա անուշադրության մատնեցին մյուս առարկաների դասագրքերը։ Ոչ բանիմացության պատճառով փակուղում հայտնված նախարարության պատասխանատուները փորձում են ելք գտնել։ Նրանք սկսել են փոփոխություններ մտցնել դասագրքաստեղծ աշխատանքների կազմակերպման գործում և մրցույթի անցկացման կարգում։ Որոշել են սահմանել առարկայական հանձնաժողովների ընտրության նոր կարգ, որի համաձայն՝ դրանք կազմված կլինեն միայն գիտական աստիճան ունեցողներից։ Սակայն դա էլ չի օգնի, եթե պատասխանատուները չհասկանան և չփոխեն իրենց անորոշ ու անհասկանալի պատկերացումները դասագրքի մասին և չհրաժարվեն իրենց շատ սիրած հովանավորչության մեխանիզմներից (ապացույցը՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը)։ Խիստ կարևոր առաջնահերթություն է դասագրքին ներկայացվող արհեստականորեն մշակված չափանիշների փոփոխության հարցը։ Գործող կարգի համաձայն՝ 176 էջանոց դասագիրքը (դրանից ավելի էջ ունեցող դասագիրքը չի վերցվում մրցույթի) պետք է բավարարի 62 չափանիշի։ Այդ 62 չափանիշներից յուրաքանչյուրն էլ իր հերթին կազմված է 2-4 ենթաչափանիշներից։ Սա նշանակում է, որ 176 էջանոց դասագիրքը պետք է բավարարի շուրջ 130-150 չափանիշի։ Սա պարզապես աբսուրդ է, դասագրք գրելու ցանկության սպանություն։ Այս վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ է ունենալ փորձաքննություն անցած դասագրքին ներկայացվող երկու տասնյակից ոչ ավելի չափանիշներ (պահանջներ), որոնք լավագույնս կհամապատասխանեն պատմագիտության, մանկավարժության և  մեթոդիկայի ժամանակակից մակարդակին ու ձեռքբերումներին։

Աշոտ Ղուկասյան

Մանկավարժ-պատմաբան,

երաշխավորումից հանված 7-րդ դասարանի  Հայոց պատմության նոր դասագրքի համահեղինակ

 

Կարդացեք նաև՝