կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 12:30
Քաղաքական

Ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել, որոնք թույլ են տվել նման խայտառակ երևույթի ծնունդ մեր երկրում. Բ. Եսայան

Ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել, որոնք թույլ են տվել նման խայտառակ երևույթի ծնունդ մեր երկրում. Բ. Եսայան

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը գրում է.

«Մի վայրկյան իսկ չեմ կասկածում, որ դավաճանի հեռանալը ընդամենը ժամանակի հարց է։ Չի կարող 10 միլիոն ժողովուրդը հանդուրժել նման ստորացումը։
 
Շատ ավելի կարևոր հարց է, թե մենք ինչ դասեր կքաղենք, ինչպես կվերակառուցենք ջախջախված Հայրենիքը։ Իսկ սրա համար կարևորագույն նախապայման կա՝ մենք պետք է հասկանաք, թե անցած 30 տարում ազգովին և անհատաբար ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել, որոնք հավաքաբար թույլ են տվել նման խայտառակ երևույթի ծնունդ մեր երկրում, նրա այսքան անուղեղ «աջակիցների» առկայությունը և, ի վերջո, այդ տականքի հայտնվելը երկրի ղեկավարի աթոռին։ Սրա մեջ մեղավոր ենք բոլորս անհատաբար, մեր չափով, մեր դերակատարության, պատասխանատվության ու պարտականությունների շրջանակում։ Գիտակից, ազգային ու պետական մտածողություն ունեցողները մեղավոր են, քանի որ չեն կարողացել իրենց գաղափարները ժողովրդի մեծամասնությանը հասկանալի դարձնել։ Դրանով ձախողել են նաև հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող իրական Էլիտա ձևավորելու կարևորագույն խնդիրը, որը յուրաքանչյուր պետության կայունության հիմքն է։ Միայն այդպիսի էլիտան կարող էր իր օրինակով, իր վարքագծով, կենցաղով ու գաղափարներով հիմքը դառնալ կիրթ, բարոյական, պատասխանատու ու գիտակից քաղաքացիներից կազմված հասարակության համար։
 
Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք ստեղծել հոգևոր-մշակութային այնպիսի արժեհամակարգ, որ հասարակությունը չգլորվի նյութապաշտության, ամենաթողության անդունդը։ Դրա արդյունքում մենք ունեցանք պետականության համար որևէ պատասխանատվություն չզգացող, իրենց ձայնը վաճառող, հետո այդ ձայնը գնողներին մահացու բոլոր մեղքերում մեղադրող ու հայհոյող բարոյազուրկ ամբոխ, որը պատրաստ է գնալ ցանկացած իր նմանի հետևից, որն ավելի բարձր է հայհոյում, ավելի անբարո մեղքեր է վերագրում հենց նրանց, ում ձեռքից ուտում էր ինքը։
 
Ավելի մեղավոր են պետական կառավարման մարմինները, որոնք պարտականություն ունեին պետականության հիմքերն այնպես ստեղծել, որ նման բախտախնդիրները ոչ միայն իշխանության չհասնեին, այլև իրենց գաղափարները սաղմնային վիճակում մերժվեին հասարակության կողմից։ Մեղավոր են, քանի որ, ուզեին թե չուզեին, 600 տարի անկախությունից և պետությունից զրկված ժողովրդի աչքում իրենք էին մարմնավորում «պետականությունը», և իրենց յուրաքանչյուր սխալ ու սայթաքում հենց պետականության վարկաբեկումն էր։
 
Եվ վերջապես, մեղավոր են պետության ղեկավարներն ու քաղաքական առաջնորդները, որոնք չկարողացան ստանձնել հասարակության իրական ղեկավարի դերը, մոռացան, որ իրենց պարտականությունը ոչ թե իշխելն է, այլ առաջնորդելը, իսկ առաջնորդել կարող ես, երբ հեղինակություն ես վայելում, քեզ հավատում են, վստահ են, որ իրենց կտանես ճիշտ ուղղությամբ, իսկ կասկած առաջանալու դեպքում՝ կարող են ստանալ անհրաժեշտ բացատրություն։ Եվ, որ ամենակարևորն է՝ իրենք չեն կարող ոչ միայն որևէ կեղծիք թույլ տալ, այլև իրականությունը թաքցնելու փորձ անգամ անեն։ Հասարակությունը դա զգալու շատ նուրբ բնազդ ունի, էլ չեմ ասում բամբասանքներին հավատալու «բնատուր» հատկանիշը։
 
Եվ, անկասկած, մեղավոր են լռողները, «սա ինձ չի վերաբերվում» ասողներն ու մի կողմ քաշվողները։
 
Մեղավորների շարքն ու մեղքերի թվարկումը երկար կարող եմ շարունակել, բայց վստահ եմ մի բանում, եթե մենք չենք անցնելու այս քավարանով, չենք գիտակցելու ու ապաշխարելու, այլ չարիքը հեռացնելուց հետո շարունակելու ենք գնալ ատելությունն ու անհանդուրժողականությունը խորացնելու ճանապարհով, իսկ հաղթողները մեծամտորեն ու արհամարհանքով նայելու են հասարակությանը վերևից, «հպարտանալով» չարիքը հեռացնելու մեջ իրենց դերակատարությամբ, մենք շատ կարճ ժամանակ հետո կունենանք այս աղետի կրկնությունը»։