կարևոր
7840 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-15 12:39
Քաղաքական

«Զարմանալիորեն», «սկզբնաղբյուրների սակավության» պատճառով, բաց են թողնվել հայոց թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան սահմանները․ Հովհաննես Խորիկյան

«Զարմանալիորեն», «սկզբնաղբյուրների սակավության» պատճառով, բաց են թողնվել հայոց թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան սահմանները․ Հովհաննես Խորիկյան

«7-րդ դասարանի նոր դասագրքում «զարմանալիորեն», «սկզբնաղբյուրների սակավության» պատճառով բաց են թողնվել հայոց թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան սահմանները», - Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Խորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին:

«Կրկին 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին

Ժամանակիս սղության, երկրի ծանր վիճակով պայմանավորված անտրամադիր լինելուս պատճառով որոշել էի այլևս չանդրադառնալ այս տարի հրատարակված 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին, բայց դասագրքի հատկապես մի հատվածն ինձ կրկին զարմացրեց:

Հայոց պատմության նախկին դասագրքերում (կարևոր էլ չէ՝ երբ են հրատարակվել ու վերահրատարակվել) կա մի հատված, որը համադրեցի 7-րդ դասարանի նոր դասագրքի հետ: Նոր դասագրքի էջ 54-ում կարդում ենք. «Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել, որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում (այս առումով պատահական չէր դասագրքում «Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.» քարտեզը, որպեսզի որդեգրած գիծը շարունակվեր նաև հաջորդ դարերի պատմության շարադրանքում-Հ.Խ.)։ Թագավորության սահմանները հյուսիս-արևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք»: Նախկին դասագրքերում (Հայոց պատմություն, 6-րդ դասարան, Եր., 2013, էջ 61; Հայոց պատմություն, 6-րդ դասարան, Եր., 2023, էջ 61; Հայոց պատմություն, 10-րդ դասարան, Ընդհանուր և բնագիտամաթեմատիկան հոսքեր, Եր., 2014, էջ 46; Հայոց պատմություն, 10-րդ դասարան, Հումանիտար հոսք, Եր., 2014, էջ 68; Հայոց պատմություն, 10-րդ դասարան, Հումանիտար հոսք, Եր., 2021, էջ 68;) գրված էր. «[Երվանդ Սակավակյացի օրոք հայոց] թագավորության սահմանները հյուսիս-արևելքում (6-րդ դասարանի 2013թ. դասագրքում՝ «հյուսիսում՝ Կուր գետ և Սև ծով») հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ [ճիշտ կլիներ հարավ-արևելքում] Մարաստան, իսկ հարավում՝ Հյուսիսային Միջագետք…»: 7-րդ դասարանի նոր դասագրքում «զարմանալիորեն», «սկզբնաղբյուրների սակավության» պատճառով բաց են թողնվել հայոց թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան սահմանները: Չեմ կարծում՝ պատահականություն է, որովհետև հատկապես ներկայիս ՀՀ տարածքը, Արցախի Հանրապետության տարածքը (ինձ համար Արցախը կա) դիտարկվել են որպես հայ ժողովրդի ձևավորման սահմաններից դուրս գտնվող [դատարկ] տարածություններ (տե՛ս իմ անդրադարձը https://168.am/2023/10/13/1943835.html ), որոնք պատմական Հայաստանի մեջ չեն մտել: Հաջորդ տարիներին հայոց պատմության այլ դասարանների դասագրքերում ևս մ. թ. ա. VI դարում հայոց թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան սահմանը մինչև Կուր գետը դուրս կմնա տեքստերից ու քարտեզներից:

Իհարկե, նաև այլ խնդիրներ կան դասագրքում, բայց մի քանիսը կնշեմ: Օրինակ, Քսենոփոնը չի նշում, որ Տիգրան Երվանդյանը Կյուրոս Բ Մեծի մանկության ընկերն էր (էջ 55, ընդ որում՝ դասագրքի մեթոդական ուղեցույցում Քսենոփոնի «Կյուրոպեդիա» երկը նշված է): Իրականում Քսենփոնը նշել է, որ Տիգրանը Կյուրոսի որսընկերն էր («որսի ժամանակ ընկերակցել է»): «Հայաստանը Ք. ա. 522-520 թթ. Պայքար աքեմենյան տերության դեմ (Ք. ա. 522-521)» քարտեզը նախկին դասագրքերից հայտնի «Հայաստանը Ք. ա. 522-521 թվականների» քարտեզի խմբագրված, փոփոխությունների ենթարկված տարբերակն է: Նախկին քարտեզի տարածքի սահմանագծումն էլ է վիճելի (օրինակ, Սև ծովի հարավային առափնյա տարածքներ), բայց Սմբատ Հովհաննիսյանը տեղյակ չէ, որ Իզալան Հայաստանի կազմում է եղել (Բեհիսթունի արձանագրության աքքադերեն/բաբելոներեն տարբերակում Իզալան հիշատակվում է Ուրաշտուի (իմա՛ Հայաստանի) կազմում՝ առանց Ասորեստանի հետ կապելու: Եթե հեղինակը ընտրովի մոտեցում չցուցաբերեր մասնագիտական գրականության նկատմամբ, այս հարցերին տեղյակ կլիներ:

Անձամբ ճանաչել եմ Սիմոն Կրկյաշարյանին, խորը հարգանք ունեմ նրա գիտական վաստակի նկատմամբ, բայց Սմբատի կողմից դասագրքի մեթոդական ուղեցույցում միայն Ս. Կրկյաշարյանի «Հին Հայաստանի պետական կառուցվածքը (մ․ թ․ ա․ VI-մ․ թ․ ա IV դդ․)», Երևան, Լուսակն, 2005 մենագրությունը (մեկ այլ մենագրություն էլ է հիշատակում, որը գիտական առումով բավականին հնացել է) հայոց հին պատմության հարցերում կարևորելը մեղմ ասած ճիշտ չէ, քանի որ պատմագիտությունը Կրկյաշարյանի 2005 թվականին հրատարակված գրքից (հեղինակի՝ 1980 թ. պաշտպանած դոկոտորական ատենախոսության անփոփոխ հրատարակությունն է) հետո շատ է զարգացել:

Ուղեցույցի՝ գրականություն և լրացուցիչ նյութեր ուսուցչի ինքնակրթության և ինքնազարգացման համար ներկայացված պատմագիտական գրականության մեջ մեր մեծ պատմաբանների աշխատությունների փոխարեն նշված են Հ. Դավթյանի հակագիտական, հակաեկեղեցական աշխատությունները (օրինակ, Հ. Դավթյանը գրում է, որ «Հայաստանում քրիստոնեությունը տարածողները Տրդատ Մեծի օրոք հրեաներն էին, և հայոց թագավորը չի զլացել ընդունելու նրանց գրավիչ առաջարկը՝ փողը բանակի համար, նոր կրոն իր գահի ամրապնդման համար»), որոնցից մեկի վերաբերյալ տե՛ս պ.գ.դ. Վ. Վարդանյանի գրախոսությունը (https://arar.sci.am/Content/39111/file_0.pdf)»:

 

Կարդացեք նաև՝