Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմաբան, Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է.
«Հայոց պատմության 7-րդ դասարանի աղմկահարույց դասագիրքը ստեղծող «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի նախագծի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը մեկնաբանություն է տվել Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին պատկանող թերթին՝ անդրադառնալով նոյեմբերի 30-ին «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի կողմից հրավիրված «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային քննարկումների արդյունքում կազմված մասնագիտական եզրակացությանը:
Նախ այն մասին, թե ո՞վ է սույն անձը, ով իրեն իրավունք է վերապահում քննարկել, ավելին՝ չհամաձայնել կամ որակումներ տալ շուրջ երկու տասնյակ գիտնականների, այդ թվում՝ բուհերի դեկանների ու ամբիոնների վարիչների, ԳԱԱ ինստիտուտների տնօրենների ու առանձին ծանրակշիռ մասնագետ-պատմաբանների միահամուռ տեսակետներին ու առաջարկներին:
Նայում ենք կենսագրականը՝ ավարտել է ԵՊՀ, ուշադրություն, գերմաներենի բաժինը, այնուհետև, կրկին ուշադրություն, պաշտպանել է ատենախոսություն... քաղաքագիտության բնագավառում:
Ահա ողջ զավեշտը. գերմաներենի մասնագետ-քաղաքագետը դուրս է եկել պատմագիտության ոլորտի ծանրակշիռ գիտնականների դեմ ու առանց այլևայլության վստահեցնում՝ «գիտական առումով դասագիրքը որևէ խնդիր չունի»:
Դա նույն բանն է, որ, օրինակ, սանտեխնիկը նայի մի անորակ ֆիլմ ու ասի՝ ֆիլմը ոչ մի խնդիր չունի:
Իսկ միգուցե ժամանակին իր՝ Սորոսի հիմնադրամի խորհրդի անդամակցությու՞նն է պատճառը, որ Վահրամ Սողոմոնյանն ուժգնորեն պաշտպանում է հայոց պատմության այդկերպ աղավաղումները և, ըստ մասնագետների հայտարարությունների, միտումնավոր կեղծարարությունները:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, օրինակ, հայտարարել է, որ Վահրամ Սողոմոնյանի հետ մասնավոր զրույց է ունեցել, որի ժամանակ վերջինս կասկածի տակ է դրել Էրեբունի-Երեւանի կապը. «Նա կարծես ինձ հասկացնում էր, որ մենք Ուրարտուի հետ ուղիղ կապ չունենք: Եվ երբ ես ասացի՝ դա մեր ինքնության մասն է, պատասխանեց՝ եկեք թողնենք «ինքնություն, ժառանգություն» հասկացությունները: Նա նաեւ Էրեբունի-Երեւանի կապն էր կասկածի տակ դնում ու նշում էր, որ Էրեբունին կապ չունի այսօրվա Երեւանի հետ, դա Սովետի ժամանակվա միֆ է… Իսկ երբ ես ասացի՝ իսկ կարո՞ղ է դու թուրքերի հետ ուղիղ կապ ունես, ինձ ասաց՝ թուրքերի՝ չէ, բայց մենք, հավանաբար, մոնղոլների հետ կապ ունենք: Ես ասացի՝ ինքը գուցե ունի, բայց ես հաստատ մոնղոլների հետ կապ չունեմ… Նման գաղափարներով առաջնորդվող մարդն է այս դասագրքի պատվիրատուն»:
Հետաքրքիր է՝ ո՞վ է կրկնում այն թեզը, որ մենք Ուրարտուի հետ կապ չունենք, կարո՞ղ է Վահրամ Սողոմոնյանը հանկարծ, շատ պատահաբար, կրկնում է թուրքական պատմագիտական շրջանակների այդ նույն թեզը, որ հայերը ոչ մի կապ չունեն ուրարտական ժառանգության հետ, ինչի արդյունքում՝ սեփականել են Ուրարտուն... Ու այսքանից հետո ՀԺ-ին հարցազրույց տալ ու ասել՝ որևէ հիմք չկա, որով կարող են պնդել, թե դասագիրքը գրված է թուրքական ազգայնամոլական պատմագիության մոդելի հիման վրա։ Իսկ ես ասում եմ՝ կա՛: Հիմքը հենց Ուրարտուն հանձնելն է թուրքերին՝ Արցախի բարեհաջող հանձնումից հետո: Հիմքը հենց դասագրքում Էրեբունի - Երևան օրգանական կապի խզումն է:
Վահրամ Սողոմոնյանն անձնվիրաբար պաշտպանելով հեղինակ Սմբատ Հովհաննիսյանին՝ փաստում է, որ նա դասագիրքը միայնակ գրել է՝ խորհրդակցելով բազմաթիվ խորհրդատուների հետ։ Հարց՝ ովքե՞ր են նրանք: Միգուցե այդ դասագրքի չափորոշիչներն ստեղծողներից հայտնի Լիլիթ Մկրտչյա՞նը, ով թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի միջոցով իրականացված ծրագրերից մեկով, ստանալով մոտ 20 հազար եվրո բյուջե, նպատակ էր հետապնդում «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում», թե՞ Բրյուսովի շրջանավարտ, այդ նույն մերժված ու վտանգավոր չափորոշիչները ատամներով պաշտպանող, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ով այդ նույն Լիլիթ Մկրտչյանի ու կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները, որտեղ Հայաստանը (հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհը) անվանել է Անատոլիա (էջ 52) կամ քննադատել «Հայոց պատմություն» դասագրքի նախորդ հեղինակներին՝ այն բանի համար, որ նրանք դասագրքում «զարմանալի արագությամբ» ներառել են Ապրիլյան քառօրյան հերոսացնող դրվագներ:
Կրկնում եմ՝ ովքե՞ր են այդ «թաքնված» խորհրդատուները, որտե՞ղ են ապրում, ինչո՞վ են զբաղվում, կարելի՞ է իմանալ դրանց անունները:
Եվ վերջում. մեկնաբանություններում կդնեմ ադրբեջանական ալիքի՝ հայ գիտնականներին ծաղրող ու վիրավորող տեսանյութը: Թե ում կամ ինչն է հիշեցնում այն՝ թողնում եմ մարդկանց դատողությանը»:
Կարդացեք նաև՝
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը ազգային աղետ է, վտանգ ու սպառնալիք․ Անժելա Հարությունյան
Սկանդալային դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է. մարդը գրել է, կինը՝ խմբագրել
Հայոց պատմության դասագրքի խնդիրը չունի մասնագիտական լուծում, այն բացառապես քաղաքական է. դիտարկում
Աղմկահարույց դասագրքի հերթական անճշտությունը. ոչ թե Ք.ա. 26-25-րդ, այլ 16-15-րդ դարեր
Աղմկահարույց դասագիրք. ի՞նչ դիրքորոշում ունեն հայտնի հաստատությունները
Պապ թագավոր և Փաշինյան կամ չկա հերոսը, չի լինի նաև հակառակը` դավաճանը. արձագանք` ասուլիսին
Օրերս Րաֆֆին վտարվեց դասագրքերից. երկիր հանձնելիս այն խոչընդոտ է. ահազանգ` գրականագետից
Փորձ եք արել` այս կոնկրետ դեպքում ձախողել եք. գիտնականի դիտարկումը դասագրքի մասին