Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Բանասեր, մանկավարժ «Trésors d’Arménie» հայկական ասոցիացիայի ուսումնական մասի տնօրեն Անժելա Հարությունյանը հոդված է հրապարակել Հայոց պատմության 7-րդ դասարանի վիճահարույց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կողմից վերջերս ներկայացված պարզաբանումների վերաբերյալ․
Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Աֆրիկյան ցեղերի մոտ պատմությունը խաթարելը ՄԵՂՔ Է, որի համար կարող են մահապատժի ենթարկվել, իսկ մեր նոր իրականության մեջ պատմության խաթարումն ու աղավաղումը կոչվում է նոր չափորոշիչ ու նոր մեթոդ։
Թե որոնք են այն նոր չափորոշիչները, որոնց պիտի համապատասխանի Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը և որն էլ հիմք է բերում դասագրքի կազմման հարցում հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, հարցի մի կողմն է, այն էլ լիովին մշուշոտ, բայց կան բացարձակ ու բոլոր ժամանակներում պարտադիր ձևով գործող չափորոշիչներ, որոնց պիտի համապատասխանի պատմության ցանկացած դասագիրք, դրանք են՝
• սովորողին հաղորդել ճշգրիտ, ամբողջական և կառուցվածքային տեղեկատվություն, ինչը ներառում է առանցքային և ստույգ պատմական ժամանակաշրջաններ, իրադարձություններ, անձինք․․․,
• ներկայացնել գիտականությանը համապատասխան բովանդակություն, այլ ոչ թե անձնական մոտեցում ստույգ փաստերի հարցում,
• ներկայացնել պատմական իրադարձությունների ճշգրիտ ժամանակացույց, որ սովորողը ճիշտ ընկալի իրադարձությունները և դրանց հերթագայումը ժամանակի մեջ:
Այս ամենի հետ անմիջականորեն աղերսված է, թե ինչ սկզբունքներ պիտի հարգի այն անձը, ով հեղինակում է պատմության դասագիրքը, և թե ինչ նա չի կարող անել։
• Հեղինակը իրավունք չունի ներկայացնել պատմական փաստերը սխալ․ կամայական կամ կողմնակալ ձևով։
1. «Արևելքում լեռնաշխարհի սահմանները հասնում են մինչև Ուրմիա (Կապուտան) լիճ» (էջ 12)։ Այնինչ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը Կասպից ծովն է։
2. «Արարատյան դաշտում են գտնվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները» (էջ 13)։ Այս պնդումը սխալ է, պետք է լինի Այրարատ նահանգում։
3. 14 էջի՝ «Հայկական լեռնաշխարհի դիրքն ու 15 աշխարհները (նահանգները)» քարտեզում Փոքր Հայքը Հայկական լեռնաշխարհից դուրս է ներկայացված, որը կոպիտ սխալ է։
• Հեղինակը իրավունք չունի միտումնավոր կամ ոչ միտումնավոր բաց թողնել պատմական կարևոր և անքննելի փաստեր՝ հիմնվելով այս կամ այն մեթոդի վրա՝
1․ Ուրարտու դասի քարտեզում Ուրարտուի մեջ ներառված չէ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը, ասել է թե՝ Հայաստանը և հայերը կապ չունեն Ուրարտուի հետ, այնինչ պատմական աղբյուրներում Արցախի մասին առաջին վկայությունները Վանի թագավորության ուրարտական շրջանից են։
2․ Դասագրքում բացակայում է ծրագրով նախատեսված «Քրիստոնեության առաջացումը և տարածումը: Քրիստոնեությունը հայոց քաղաքակրթության հիմնասյուն» ենթաթեման: Կա անորոշ ենթաթեմա՝ «Քրիստոնեական վարդապետություն: Աստվածաշունչ»։
3․ Ստացվում է՝ բնավ կարևոր չէ Հայաստանը՝ քրիստոնեության օրրան ու հայերի՝ առաջին դավանողներ լինելու փաստը նշելը, այնինչ պատմությունը ամեն ինչի ծնունդը վեր հանելու առաքելությունն ունի և այն դեպքում երբ հեղինակն ինքը՝ որպես դասագրքի ու առարկայի նպատակ է ձևակերպել սեփական պետության ու ժողովրդի դերակատարումը պատմության համապատկերում գիտակցող քաղաքացու զարգացումը։
4․ Դասագրքում բացակայում է Վանի թագավորության նշանավոր արքաներից մեկի՝ Ռուսա II-ի մասին որևէ տեղեկություն (էջ 43)։ Ոչ մի հիշատակում չկա Երվանդյանների Հայկազունի լինելու մասին։
5․ Դասագրքի «Հասարակական-պետական կարգը» ենթագլխում (էջ 96) բացակայում է ծրագրով նախատեսված «բանակ» ենթաթեման և այսպես շարունակ։ Ստացվեց՝ թիրախավորվել են ԱԶԳԻ ԾՆՈՒՆԴ - ԿՐՈՆ – ԲԱՆԱԿ, չկա հայի ուրարտական նախահիմքը, քրիստոնեության ակունք լինելը և պետական կարգում բանակ ունենալը։
Հեղինակը իրավունք չունի նվազագույնի հասցնել կարևոր և առանցքային պատմական փաստերը։
1․ Դասագրքում բացակայում է ծրագրով նախատեսված «Հայկական թագավորությունները (Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե)» ենթաթեման:
2․ Դասագրքում կիսատ է ներկայացված ծրագրով նախատեսված «Հայոց եկեղեցական կառույցի ձևավորումն ու ամրապնդումը։
3․ Ծրագրով նախատեսված «Հայ մշակույթի ոսկեդարը և ազգային-քրիստոնեական մշակույթի զարգացումը VI-IX դդ. (թարգմանական գրականությունը, Հայ ինքնուրույն գրականության սկզբնավորումը…)» ենթաթեմայում բացակայում է «Հայ ինքնուրույն գրականության» մասին տեքստը (էջ 149) և այսպես շարունակ։
• Հեղինակը իրավունք չունի զբաղվել պատմական փաստերի շահարկմամբ և դրանք խեղաթյուրել՝ ծառայելու քաղաքական, գաղափարական կամ անձնական օրակարգին։
1․ «Հայկական լեռնաշխարհը որպես մարդկության զարգացման օրրան և հայոց քաղաքակրթության բնօրրան» ենթաթեման դասագրքում փոխարինվել է «Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները» վերնագրով, որպեսզի նրանում ներկայացվի նախամարդկանց՝ Աֆրիկայից դեպի Հայկական լեռնաշխարհ գաղթը, և այդ ճանապարհին Հայոց աշխարհը դառնա նրանց հանգրվաններից մեկը։
2․ Բավականին սխալ և կամայական որոշում է (նույնիսկ կարելի է ասել կոպիտ սխալ) «Տիգրան Մեծի կայսրությունը Ք. ա. 80 թ. (ժամանակակից սահմաններով)» քարտեզում ժամանակակից պետությունների անունները (հատկապես՝ Ադրբեջան) տեղադրելը (էջ 80)։
3․ Վահանանց պատերազմը վերնագրվել է «Նվարսակի պայմանագիրը» (էջ 131) և այսպես շարունակ։
Չէ՞ որ միայն ստույգ պատմական փաստերի շնորհիվ է սովորողը կարողանում ճշգրիտ պատկերացում կազմել պատմական անցյալի մասին, ըմբռնել այդ անցյալը և վերլուծել։
Վերը նշվածն էլ հենց խախտվել է Սմբատ Հովհաննիսյան հեղինակի կողմից, ով կամայական ձևով որոշել է, որ, օրինակ, Տիգրան Մեծի ժամանակաշրջանը ներկայացնող դասում պետք է տեղ գտնի ոչ թե Մեծ Հայքի քարտեզը, ինչը ճշգրիտ և ստույգ արտացոլումն է պատմական այն ժամանակաշրջանի, երբ եղել է Մեծ Հայք, այլ պիտի տեղ գտնի քարտեզ՝ ժամանակակից սահմաններով։ Սա դիտարկում ենք անընդունելի ԿՈՊԻՏ ՍԽԱԼ։ Անհիմն են ու նաև ոչ համոզիչ հեղինակի բացատրությունները․
• թե այդ քարտեզում Արցախը նշված չէ Ադրբեջանի կազմում, քանի որ այն ունի տարբերվող գրություն,
• թե այս ժամանակակից սահմաններով քարտեզի նպատակն է զարգացնել սովորողի հետազոտական մտածելակերպը, չէ՞ որ երբ սովորողը տեսնի գրված Լեռնային Ղարաբաղ, ապա հարց կառաջանա նրա մոտ՝ իսկ ուր է Դաշտայինը և այլն,
• թե ինքը չէր կարող կեղծել պատմական փաստերը և ներկայացներ Արցախը 2020 թ,-ի նոյեմբերի իրադարձություններից առաջ եղած սահմաններով, երբ այդ սահմաններն այսօր այլ են,
• թե իր համար Արցախը 2000 քկմ չէ միայն, այն ավելին է․ քան ԼՂ ինքնավար մարզը, դա իր պատկերացրած Արցախը չէր լինի՝ առանց Գետաշենի, Արծվաշենի, Շահումյանի և այլն, և այլն։
• թե կարևոր է ոչ թե անձը, այլ արարքները, այսինքն՝ արժևորենք արարքները, բայց ոչ դրանք գործող անձին։
Այն, որ պատմության դասագրքի նպատակներից մեկն էլ այն է, որ ձևավորի քննական, վերլուծական և հետազոտական մոտեցում, դա ոչ ոք չի ժխտում, և դա նորություն կամ հայտնագործություն չէ, բայց հեղինակը երևի մոռանում է մի շարք կարևոր հանգամանքներ․
1․ Գրության ձևը քարտեզի վրա փոխելը դեռևս չի նշանակում, որ Արցախը չի նշել Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը՝ ԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՁԵՎԸ ԸՆՏՐՎՈՒՄ Է ՄԵԿ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԱՎԵԼԻ ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆԸ ԴԱ ԱՉՔԻ ԶԱՐՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Թերևս լավ կլիներ, որ հեղինակն ի նկատի ունենար մի փաստ, որ Արցախը, որը երբեք չի եղել Ադրբեջանի պատմական մաս, այնուամենայնիվ պետական առաջ տարվող թեզով 1994 թ,-ից հետո անգամ Ադրբեջանի կողմից միշտ ներառված է վերջինիս քարտեզներում, իսկ մենք շտապում ենք հանել մերը՝ մեր պատմականը, շտապում ենք ջնջել՝ հիմնավորելով, թե մեզ կասեն՝ կեղծում եք փաստերը։ Պահելով են պահպանում, իսկ հանելով՝ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ։ Ուստի պահանջում ենք մեր պատմական Արցախը նշել և պահպանել թե´ Ուրարտուի կազմում, թե´ Տիգրան Մեծի քարտեզում՝ որպես հայկական երկրամաս ու պատմական անքննելի փաստ բոլոր ժամանակների համար։
2․ 7-րդ դասարանցին նոր-նոր է սկսում ճանաչել, ուսումնասիրել իր պատմությունը, իր ծննդաբանությունը՝ որպես հայ ազգ, իր ակունքը, ուստի նա չէր կարող արդեն իմանալ, որ կա Դաշտային Ղարաբաղ։ Նման հարցեր կարող է տալ միայն պատմությանն արդեն շատ իրազեկ ու բանիմաց մեկը, բայց ոչ 7-րդ դասարանցին, ով նոր պետք է ճանաչի, հետո նոր քննի, վերլուծի, համեմատի։ Բայց եթե հիմքը 7-րդ դասարանում արդեն սա է, որտեղ արդեն իսկ չկա Արցախ Մեծ Հայքում, ապա բարձր դասարանցին էլ դա չի հարցնելու և խնդիրն էլ այս է, որ հեղինակին մեղադրում են փաստերը աշակերտին սխալ հաղորդելու ու իր ուզած ձևով կրճատելու, աղավաղելու մեջ։
3․ Ոչ ոք չի խնդրում հեղինակին կեղծել պատմական փաստերը, ճիշտ հակառակը, ասում ենք՝ ՄԻ´ ԿԵՂԾԵՔ։ Ու երբ Տիգրան Մեծի քարտեզից հարց են տալիս, հեղինակը շարունակ արդարանում է՝ ասելով, թե այդ ժամանակ արդեն Արցախից մնացել էր 2000 քկմ + ու կարծես հիմարի տեղ դնելով լսարանին, ո՞ր ժամանակի մասին է խոսում, երբ դասը Տիգրան Մեծի մասին է, ոչ թե նիկոլ փաշինյանի։ Ոչ մի կեղծիք բնավ չկա, եթե ժամանակակից սահմաններով իր այդ քարտեզը դրվի Արցախ թեմայի դասում, կարող են դրվել անգամ մի քանի քարտեզներ, որ սովորողը տեսնի Մեծ Հայքի Արցախ նահանգի սահմանների փոփոխությունը պատմական ժամանակի շղթայում, և հեղինակի ասած կապը ներկայի հետ ապահովվի։ Իհարկե, միանշանակ կեղծել կլիներ, եթե Արցախը 2020 թ,-ի նոյեմբերի իրադարձություններից առաջ եղած սահմաններով ներկայացնող քարտեզը դրվեր Նիկոլ Փաշինյանի ղեկավարման մասնավորապես այս տարիներին առնչվող դասում, բայց, հարգելի պարոն Հովհաննիսյան, դասը Տիգրան Մեծի մասին է, ուստի ով է ասել, որ նախ իրավունք ունեք քարտեզ հորինել ինչ-որ մեթոդից ելնելով, հետո այն պարտադրել, իսկ ստույգ ու ճշմարիտ քարտեզը հանել, ինչը արգելված է ակադեմիական ազնվության սկզբունքներից ելնելով, հետո էլ բերել արդարացումներ, թե ձեր քարտեզում եթե Արցախը չնշեիք, էդպես պատմական փաստերը կեղծել կլիներ։ Նախ ձեր քարտեզը պիտի ընդհանրապես չլիներ Տիգրան Մեծին առնչվող դասում, իսկ պարտադիր կերպով այն պիտի դրվեր Նիկոլ Փաշինյանին առնչվող դասում, քանի որ անմիջականորեն վերաբերում է և արդյունքն է նրա կառավարման տարիների և վարած քաղաքականության։ Ինչի մասին է խոսքը։ Մեր ասելիքը մեկն է՝ ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԴԱՍՈՒՄ ԱՅԴ ՆՈՐ ՔԱՐՏԵԶԸ։ Լինելու դեպքում անգամ, այն կարող էլ լինել կցորդ, հավելյալ, լրացուցիչ քարտեզ այն հիմնական քարտեզին, որը ներկայացնում է այն ժամանակվա Մեծ Հայքը, ու վերջ։ Բայց ՆԱԽ ՊԻՏԻ ԼԻՆԵՐ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿԸ ԱՐՏԱՑՈԼՈՂ ՃՇԳՐԻՏ ՔԱՐՏԵԶԸ, հետո մնացած լրացյալները՝ հետազոտական, համեմատական քննության և այլ հմտություններ սովորողի մոտ ճիշտ զարգացնելու համար։ Միգուցե հին ու նորի համադրությունը, անցյալը ներկայի հետ շաղկապող այս նոր սահմաններով քարտեզը տեսնելով՝ նոր սերունդը կդառնա ավելի պահանջատեր, թե ինչ է ունեցել ու ինչ է հիմա մնացել իր ունեցածից, ու կցանկանա վերականգնել կորցրածը։
4․ Իսկ հեղինակի այն մոտեցմանը, որ ոչ թե լինի անձը, այլ արժևորված լինեն նրա արարքները, հիմա ինչպե՞ս պատկերացնենք Վարդանանց պատերազմում Վարդան Մամիկոնյան հերոս պատմական անձը չկարևորելը, Իտալական արշավանքում չկարևորվի Նապոլեոնի դերը, Մակեդանացունը՝ վերջինիս արշավանքներում կամ Մեսրոպ Մաշտոցի անձը համազգային նշանակություն ունեցող Գրերի գյուտի հարցում, իսկ մեծն Կոմիտասի անձը՝ մեր երաժշտական դեմքի, ինքնության ճանաչման ու պահպանման հարցում։ Չէ՞ որ վերջիններիս՝ քաղաքական, ռազմական, հասարակական, մշակութային ու ազգային հայրենանվեր հենց նման գործիչ, նման անհատ լինելու փաստն է եղել նրանց քայլերը կերտողը։ Այսինքն՝ եթե չունենանք այդ որակները կրող անձինք, չենք ունենա նման արարքներ։ Զուգահեռ տանելով ներկայի հետ, ինչը հեղինակն այդքան կարևորում է, այսօր, օրինակ, որ ունենք նման պատկերը մեր երկրում, միգուցե դա էլ այսօրվա հենց նման ղեկավար անձի, նրա կրած որակների ու ըստ այդմ, նրա նման քայլերի արդյունքն է։ Պատահական չէ մեր պատմահայր Խորենացին ասել՝ "Ինչպիսին մարդն է, էնպիսին էլ արարքներն են։
5․ Բացի այդ՝ արդյոք պատմագետը իրավունք ունի իրեն վերապահել քարտեզագետի գործառույթը։ Պետք է, ի վերջո, տարբերել պատմագետ-քարտեզագետ-էթնոաշխարհագրագետ-մեթոդաբան-ուսուցիչ և այլն։ Դասագիրքը, դպրոցը, կրթությունը հանրախանութ չէ, որտեղ մենեջերը կարող է նաև գանձապահ ու այս կամ այն բաժնի ապրանք դասավորող աշխատել, հարգելիներս։ Ուստի անհեթեթ ու ծիծաղելի է հեղինակի մոտեցումը, որ թող ուսուցիչները իր տվածի օրինակով տան մյուս քարտեզները, իսկ իր նոր մեթոդի արտացոլում հանդիսացող այս քարտեզն էլ կարող էր առաջարկել միայն ու միայն որպես լրացուցիչ գործիք ուսուցչին։ Իսկ եթե ավելացնենք այն, որ Հ1-ի եթերում հեղինակը խոստովանեց, որ ինքը խախտել է քարտեզագրության կանոնները, ապա կարելի է արձանագրել, որ պատմագետ Սմբատ Հովհաննիսյանը կատարել է ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ։ Պատմական քարտեզներն են ներկայացնում , թե ինչպես են եղել ազգային սահմանները նախորդ դարաշրջաններում, դրանք կարևոր դեր են խաղում երկրների պետական սահմանների որոշման գործում, կարող են օգտագործվել որպես օրինական ապացույց տարածքային վեճերի կամ սահմանային բանակցությունների ժամանակ։ Միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք սահմանում են պետական, ազգային սահմանները, հաճախ հղում են անում պատմական քարտեզներին՝ տարածքային սահմանների մանրամասները պարզաբանելու համար։
6․ Բացի այդ՝ Տիգրան Մեծի դասում Մեծ Հայքի քարտեզը դնելու դեպքում հեղինակը այլևս խնդիր չէր ունենա այդքան մորմոքվելու, որ հիմա իր պատկերացրած Արցախը չէ, քանի որ այն ժամանակ հենց իր նշած ու մի բան էլ ավելի տարածքներով Արցախ նահանգն էր։ Այդպես ճշգրիտ ակունքով ներկայացնելով գուցե հեղինակը կկարողանար փարատել Արցախի հանդեպ իր այն սերն ու փափագը, որի մասին խոսում էր։ Այդ դեպքում՝ ինչու չի արել։ Էդտեղ ով կասեր իրեն՝ փաստեր եք կեղծում՝ ՈՉ ՈՔ։
7․ Եվ, ի վերջո, հեղինակը պիտի տարբերի դասագիրքը մեթոդական ձեռնարկից և ուղեցույցից, որոնք դասագրքին կից տրամադրվող գործիքակազմ են ուսուցչի համար։ Ուստի թե´ Տիգրան Մեծի դասում ժամանակակից սահմաններով քարտեզը դնելը, թե´ Հայաստանի Հանրապետությունը Ուրարտուի կազմի մեջ չներառելը, թե ամեն օր ի հայտ եկող նոր խեղաթյուրումները պարզապես հեղինակի կամայական, կողմնակալ մոտեցումը, բացթողումն ու խեղաթյուրումն են, ինչի իրավունքը հեղինակը պարզապես ՉՈՒՆԻ։
8․ Եվս մեկ կարևոր հանգամանք՝ հեղինակը միշտ խոսում է մեթոդից, որւ նպաստում է քննական մտքի, հարցադրումներ կատարելու զարգացմանը, բայց ահա գիրքը գրել է միանձնյա՝ սեփական դիտակետից ամեն ինչին նայելով, կարելի է ասել՝ սեփական կետից սկսելով, որի կիրառման աղետալի արդյունքը համազգային մասշտաբներով ենք անգամ տեսել ու զգացել։ Ստացվում է՝ հեղինակը իր իսկ գոված մեթոդը չի կիրառել իր պարագայում, գիրքը հեղինակելիս չի եղել կարծիքների , հակառակ տեսակետների բախում, քննարկում, ինչն էլ դասագիրք գրելու կարևոր նախապայման է։
Ու համոզմունքը նորից մեկն է, որ թե´ բացթողումները, թե´ Արցախ անվան գրության այլ ձևը, թե´ մնացած բոլոր խեղաթյուրումները միտումնավոր, թե ոչ, խախտում են ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ և հետապնդում են միտումներ՝
✔7-րդ դասարանցուն, ով նոր է սկսում ճանաչել իր պատմությունը, մատուցել այն աղճատված, աղավաղված և ոչ ստույգ ձևով։
✔Իր պատմությունը նոր սովորող հայ աշակերտի աչքը սովորեցնել "ադրբեջանցի ազգ", "Ադրբեջան պետություն" ու "Արցախը Ադրբեջանի կազմում" մտքերին։ Ի դեպ, անդրադառնալով վերջինիս, հարցազրույցի ժամանակ հեղինակը նշեց,թե նոր քարտեզից պարզ է դառնում, որ հսկայական այսպիսի տարածքներ ընդգրկվել են Տիգրան Մեծի ժամանակ։ Ուղղակի հեղինակը ամեն տեղ մոռանում էր ասել ՀԱՅԿԱԿԱՆ բառը՝ հայկական տարածքներ, ոչ թե ուղղակի հսկայական տարածքներ։
✔նպաստել վաղնջական հայոց հետքի ծննդաբանական ոչնչացմանը,
✔կասկածելի դարձնել Արցախը՝ հայի դարավոր հող ու օրրան լինելու պատմական անքննելի փաստը։ Չէ՞ որ եթե չկա ուրարտական շրջանում Հայաստան, ուրեմն չի եղել նաև Արցախ, որը հիշատակվում է միայն ուրարտական շրջանից, և այլն։
Իսկ ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությունը այս գրքի հարցում միայն ու միայն կասկածներ է հարուցում։ Այն, որ մրցութային 2-րդ դասագիրքը չեղարկվել է՝ հիմք ընդունելով ինչ-ինչ բողոքներ, և փորձագիտական քննության արդյունքում կայացվել է՝ ՀԱՐՄԱՐ չէ որոշումը, հետաքրքիր է՝ ինչին հարմար չէր կամ, ավելի ճիշտ՝ ում, հարց է առաջանում, թե այս գրքի փորձագիտական քննությո՞ւնն ինչ է ցույց տվել, և ովքեր են երաշխավորել այսքան բացահայտ սխալներով լի այս դասագիրքը։ ՄԻԳՈՒՑԵ ԿԱՐԻՔ ԿԱ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ՀԵՆՑ ԱՅԴ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ԵՐԲ ԱՄԵՆ ՕՐ Ի ՀԱՅՏ ԵՆ ԳԱԼԻՍ ՃՇԳՐԻՏ ՊԱՏՄԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ՆՈՐ ԱՂՃԱՏՈՒՄՆԵՐ ԻՐԵՆՑ ԻՍԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԾ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ։ Կամ ինչ ասել է՝ հիմա բարձրացված աղմուկը բողոք չի համարվում, քանի որ դիտարկումների շեմը այն ժամանակ 10 %-ից ավելի չէր, իսկ բողոքարկման ժամկետն էլ լրացել է։ Ստացվում է՝ եթե ժամանակին քննությունը չի պարզում սննդամթերքի թունավոր լինելը, և այն ինչ-ինչ եղանակով մտնում է հանրախանութ, ապա սպառողների կողմից թունավորման դեպքեր գրանցելուց հետո անգամ այն շարունակում է մնալ և թունավորել մյուսներին։ Իսկ պատմության դասագիրքը սովորողի միտքը սնող հոգևոր կերակուր է, իսկ թունավոր, հիվանդ հոգով ու մտքով թույլ սերունդ պետք է միայն ու միայն լավ կառավարելի հասարակություն ունենալու համար։
Արդեն իսկ դիտարկվել են ոչ թե զուտ վրիպակներ, այլ պատմական ճշգրիտ փաստերի խեղաթյուրումներ, բացթողումներ, աղավաղումներ, ինչն իր հերթին հակասում է ակադեմիական ազնվության և ճշգրիտ փաստեր ներկայացնելու չափանիշներին։
Եվ հարց ԿԳՄՍ նախարարին՝ ի վերջո ասեք Ձեր թիվը՝ տիկին նախարար։ Ինչ թիվ պիտի կազմեն դասագրքում առկա և ամեն օր դիտարկվող ակնհայտ սխալները, հայոց պատմության աղավաղումներն ու խեղաթյուրումները, որ դասագիրքը ԱՐԳԵԼԵՔ պետական մակարդակով։ Եվ հիշեցնենք, որ դասագրքի թեմաների և գլուխների վերնագրերի զգալի մասը չեն համապատասխանում 30 նոյեմբերի 2022 թ․ No 72-Ն Ձեր իսկ հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի ծրագրին։ Բայց փաստն այն է, որ այս դասագիրքը այնուամենայնիվ այս ձևով անգամ երաշխավորվել է գործածության նախարարության կողմից, ուստի կասկած էլ չի մնում վերևում նշված ՀԱՐՄԱՐ-ի ու երաշխավորողի մասին։
Ստացվում է վրիպակ անվանվող ակնհայտ սխալները դեռ պիտի սպասենք, որ շտկվեն, քանի որ ԿԱՐՈՂ Է շտկվեն, կարող է և ոչ, իսկ ահա գիրքը ՊԱՐՏԱԴԻՐ ուսուցման ձեռնարկ է դառնում, այլ ոչ թե կարող է շտկելուց հետո մտածեն՝ տրամադրեն դպրոցներին, թե ոչ։ Ահա սա է մերօրյա ԿԳՄՍ նախարարության վարած ու որդեգրած քաղաքականությունը։ Իսկ թե ինչու է այդ քաղաքականությունը․ թող յուրաքանչյուր դատող ու գիտակից հայ ինքը հասկանա։ Իսկ թե պիտի սպասենք , որ ուսուցչական համայնքը բողոքի, նոր մտածեն՝ հանեն այդ դասագիրքը, թե ոչ, արդեն իսկ աբսուրդի ժանրից է։ Միանշանակ ուսուցիչը այսօր անելիք ունի, քանի որ նրան է վստահված ու նա է կրում վսեմ, ազնիվ, պետականամետ գաղափարներով ու ճիշտ արժեհամակարգով քաղաքացի և քաղաքացիական գիտակցությամբ սերունդներ կրթելու վեհ առաքելությունը բոլոր ժամանակներում։ Բայց , ցավոք, մենք ապրում ենք այն պետության և այն իրականության մեջ, որտեղ ուսուցիչը, թերևս, ամենախոցելի շերտն է, նա այսօր կամակատար է և կատարածու։ Նա կախվածության մեջ է տնօրենությունից, ով էլ իր հերթին՝ նախարարությունից, իսկ կախվածությունը ենթադրում է վախ՝ կորցնելու աշխատանքը և զրկվելու գրոշային աշխատավարձից։ Չէ՞ որ մեր իրականության մեջ շատ են, օրինակ, դպրոցի տնօրեններ, ովքեր պետության ու նախարարության հեզ ու հնազանդ կատարածու են, միայն թե իրենց դպրոցում մի բան ավել կառուցվի, պետությունից մի հատկացում իրենց ավել տրվի, բայց փոխարենը աչք են փակում և լուռ են իրենց իսկ պետության մեջ կատարվող աղետների հարցում։ Իսկ այս դասագիրքը ազգային աղետ է, վտանգ ու սպառնալիք։ Ուստի սպասել, որ ուսուցչական համայնքը կբողոքի, անիմաստ է, և այս հանգամանքը պարզ գիտակցելով է, թերևս, որ վստահաբար այդ տարբերակն են առաջարկում նախարարությունից։
Այսօր եթե ոչ ուսուցիչը, ապա ԾՆՈՂԸ կարող է փոխել ամեն բան ու սատար կանգնելով ուսուցչին՝ լուծել այս կարևոր հարցը։ Ծնողը պիտի գիտակցի, որ այսօր գողանում են իր երեխայից, գողանում են նրա պատմական ժառանգությունը, ուրանում են, ջնջում՝ իբրև թե տեխնիկական սխալ, իր երեխայի վաղնջական հետքը, իր երեխայի հայրենիքի՝ քաղաքակրթությունների օրրան լինելու փաստը։ Իսկ մարդու համար իր պատմության գիտակից կրողը լինելը զուտ հպարտություն չէ, այլ պատիվ։ Հենց այդ ՊԱՏՎԻ գիտակցումն է, որ վաղը կդառնա ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, ինչը այսօր պետք չէ, երևի վերը նշված ՀԱՐՄԱՐ ՉԷ հիմնավորմամբ նորից։ Ուստի սիրելի ծնողներ, հատկապես՝ հայ մայրեր,հիշենք, որ մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր երեխաների առջև՝ մեր ինքնությունը ճշգրիտ փոխանցելու հարցում, այլև նրանց առջև, ովքեր մեզ են վստահել ու փոխանցել մեր ինքնությունը։ Ուստի դիտարկելուց բացի՝ պետք է անցնել ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐԻ։
✔ Ոչինչ չի խանգարում Ծնողական համայնքին դիմել գործուն քայլերի՝ հանդես գալ պահանջով՝ արգելելու այս գիրքը։
✔ Ոչինչ չի խանգարում մտահոգ պատմաբաններին ձևավորելու պատմագիտական խորհուրդ՝ պահանջով՝ փորձագիտական նոր քննության ենթարկելու գիրքը։
✔ Իսկ հեղինակը, ով նշեց, որ ։ նշում է, որ ինքը բաց է քննարկումների հարցում, ոչինչ չի խանգարում ապացուցել իր ազնիվ մտայնությունները և փոխել դասագրքի խնդրահարույց բոլոր կետերը։ Իսկ ինձ համար Սմբատ Հովհաննիսյանը ոչ թե միակ մեղավորն է(ծանոթ արտահայտություն է չէ՞), այլ սովորական կատարածու է, քանի որ եթե չլիներ նա, հեշտությամբ կգտնվեր մեկ ուրիշը՝ պետություններ կործանելու այս գլոբալիստական ծրագիրը իր հերթին մեր երկրում քարոզելու, նոր սերունդ աշակերտին իր պատմության, իր հետքի ու իր ինքնության ճանաչումը աղաղվաղված մատուցելու մտայնությամբ։
Իսկ վերջում անդրադառնալով հեղինակի ներկայացրած հիմնավորմանը, թե դասագրքի նպատակը պետք է լինի ոչ թե անցյալը սովորեցնել որպես ԵՂԱԾ, ԱՎԱՐՏՎԱԾ ՄԻ ԲԱՆ, այլ դա կապել ներկայի հետ, կարծես նպատակ ունի ասել, որ մենք ցեղ ենք, որ արդեն չկանք, մեզնից ոչինչ էլ չի մնացել ու մեր հաշիվը փակված է, ինչ միտք ունի դա նշելը (Վիլյամ Սարոյան, «Յոթանասուն հազար ասորի»), ասեմ, որ մի ժամանակ չէ, որ մենք մեծ ժողովուրդ ենք եղել, մենք մեծ ենք նաև այսօր, մենք այն ազգն ենք, որի քաղաքակրթությամբ մինչ օրս հիանում են։ Աղետն ու արհավիրքը, վիշտն ու ցավը, սարսափն ու տառապանքը անպակաս են եղել մեզնից, հաճախ ենք հուսահատության ու խելագարության դուռը հասել, բայց, միևնույն է, եղել ենք, կանք ու դեռ կլինենք։ Եվ այսօր մեր երկրում արվող ամեն բան, լինի դա դասագիրք հեղինակել, ֆիլմ նկարահանել, թե մեկ այլ բան, պիտի լինի միայն մեկ միտումով՝ ձևավորել հինավուրց ցեղի նորօրյա զավակներ՝ երիտասարդ, ուժեղ, եռանդով լի, զավակներ, որոնցից յուրաքանչյուրն ինքնին մի մեծ ցեղ է։
Այսօր ամեն հայ պիտի ապրի Սարոյանական այն գիտակցումով, որ մենք թե´ մեր կյանքն ենք ապրում, թե´ կանգնած ենք որպես մի մեծ ցեղ։
Լինում են ժամանակներ, երբ էլ առավել կարևոր է շեշտել քո ով լինելը, ոչ թե ասել՝ ինչ կարևոր է, որ դա սովորողը իմանա, որպեսզի կարողանաս դիմակայել մարտահրավերներին ու պահպանես քո պատմական դեմքն ու հետքը։ Հայ երգարվեստում դրա փայլուն օրինակն է ազգանվեր ու հայրենասեր Կոմիտասը, ով անձնազոհաբար ընկած գյուղերը՝ գտավ, հավաքեց ու հավաքագրեց հայի երգը, բացահայտեց ու մեզ ճանաչել տվեց մեր ճշգրիտ դեմքը, մեր ճշգրիտ ինքնությունը։
Պատմական դեմքն ու հետքը ճշգրիտ պահպանելն է հատկապես փոքր ազգերի լինելիության գրավականը։
ԵԹԵ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԱՀՊԱՆՎԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՐԻՑ ԴԱՐ ՉԻ ՊԱՀՊԱՆԻ ԻՐ ԴԵՄՔԸ։
Հ․Գ․ Վերևում բերված սխալների, խեղաթյուրումների և վրիպակների ցանկը մեջբերված է պատմաբաններ ԱՇՈՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԱՆԺԵԼԱ ՏԵՐՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ՝ Դիտարկումներ՝ Սմբատ Հովհաննիսյանի «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հոդվածից, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան ֊ հնագետ Միքայել Բադալյանի, պատմաբան Արմեն Ասրյանի կատարած դիտարկումներից»։