Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը առանձին հրապարակումների շարքով անդրադառնում է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած բացթողումներին, սկզբունքային նշանակություն ունեցող բովանդակային սխալներին և կեղծարարություններին:
Հիշեցնենք, որ դասագրքի հեղինակն է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը:
Ստորև ներկայացնում ենք շարքի առաջին հրապարակումը:
***
Սկիզբ
«Ի՞նչ է պատմությունը» բաժնում (էջ 3) որևէ խոսք չկա «ազգ» հասկացության մասին, որը մեր ժողովրդի պատմության ուսումնասիրության առանցքում պետք է լինի:
Նպատակների մեջ որևէ խոսք չկա առ այն, որ հայոց պատմությունն ուսումնասիրելու պարագայում աշակերտներին անհրաժեշտ է հասու դարձնել հայ ազգի քաղաքակրթական տեղի ու դերի, ժառանգության և համաշխարհային քաղաքակրթության մեջ իր ուրույն մասն ունենալու մասին:
«Ինչպե՞ս ուսումնասիրել պատմությունը» (էջ 3) հարցադրման ներքո որևէ խոսք չկա մեթոդաբանության մասին, ավելին՝ այն ուսումնասիրելը համեմատվում է քննչական գործողության հետ: Նախ, քննչական գործողությունը սկսվում է հանցագործությունից, ինչ է, մենք ի սկզբանե երեխային մղում ենք հանցագործությա՞ն:
Հայկական լեռնաշխարհ
Նախ պետք է տալ Հայկական լեռնաշխարհի կոորդինատները: Հենց սկզբից անընդունելի է և դատապարտելի, որ 7-րդ դասարանում հայոց պատմություն սովորող երեխան առաջինը Փոքր Ասիա բարձրավանդակի փոխարեն ստանա թուրքական «Անատոլիական» տերմինը, որը կիրառում են 13-րդ դարում Փոքր Ասիայում հայտնված թուրքերը:
Դասագրքում հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը հիշատակվում է Ուրմիա լճով: Քարտեզագրությունից անտեղյակ մարդն անգամ անմիջապես կնկատի, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը Կասպից ծովն է, իսկ Ուրմիա լիճը գտնվում է լեռնաշխարհի հարավ-արևելքում: Սա կատարված է դիտավորությամբ՝ ադրբեջանցի հորջորջված հարևաններին չնեղացնելու հանգամանքից ելնելով, ինչն էլ հենց կեղծարարություն է: Հատկանշական է, որ բերված քարտեզներում, այնուամենայնիվ, Հայկական լեռնաշխարհի և Մեծ Հայքի արևելյան սահմանը տրված է մինչև Կասպից ծովը (էջ 14):
Պետք է փաստել, որ ապօրինություն է առանց հեղինակային իրավունքի նշման քարտեզների կիրառումը, որոնք նաև համարակալված չեն և չունեն յուրաքանչյուր դասի հետ տրամաբանական համադրելիություն: Տրված 15 նահանգները, բնականաբար, պատկանում են Մեծ Հայքին, որի պատմական վկայության մասին ևս հիշատակություն չկա (իմա՝ Աշխարհացույց, Մովսես Խորենացի և Անանիա Շիրակացի):
«Կլիմա» բաժնում նշված չեն տարվա եղանակային ջերմաստիճանները (էջ 14-15): Փոքր Հայքի և մյուս վարչամիավորների մասին բնավ տեղեկություն չկա: Հայաստանի Հանրապետության նկարագրության մեջ չի հիշատակվում պատմական Ուտիք նահանգը, որի մի մասը ներկայիս Տավուշի մարզի տարածքն է, և սա կարելի է ընկալել դիտավորություն. գաղտնիք չէ, թե ներկայիս որ երկրին է սահմանակցում ՀՀ-ն այդ մարզի սահմանով:
Դասն ամփոփող հարցադրումն այնպես է ձևակերպված, որով հենց սկզբից Հայկական լեռնաշխարհի՝ իբրև կենսատարածքի նկատմամբ ձևավորվում է բացասական նախատրամադրվածություն. իբր, առանց տեխնոլոգիական հայտնագործությունների, հնարավոր չէ այնտեղ ապրել:
Դասագրքում որևէ բառ չկա «Հայրենիք», «Ազգ» հասկացությունների և պատմական ժառանգության քաղաքակրթական եզրույթի մասին: Որևէ միտք չկա հայ երեխայի մոտ իր հայրենի բնաշխարհի նկատմամբ հպարտության և տիրոջ զգացողություն ձևավորելու առումով:
«Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները» թեմայում պնդում է կատարվում, որ նախապատմական ժամանակների գրավոր աղբյուրներ չկան, այնինչ, առկա են հսկայական թվով ժայռապատկերներ, որոնք մասամբ են ուսումնասիրված (էջ20):
«Առաջին մարդկանց գաղթն ու Հայկական լեռնաշխարհը» թեմայում (էջ 21) հեղինակը զարգացնում է անանուն, անհասցե եկվորության տեսություն (որի հեղինակներին չի նշում, տալով գիտնականներ բնորոշումը) առ այն, որ հայերը նույնպես եկվոր են: Սա շատ վտանգավոր թեզ է:
Դասագրքում ուշադրությունից դուրս են մնացել էնեոլիթի, բրոնզի և երկաթի դարաշրջանների քաղաքակրթական ձեռքբերումները։ Չստուգված փաստերով և անհեղինակ քարտեզ է տեղադրված էջ 22-ում՝ մարդկության տեղաբաշխման գաղթի քարտեզը։
Հայ ժողովրդի կազմավորման խնդիրը քննվում է «Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումների» ենթավերնագրի տակ, որը բովանդակային առումով ճիշտ չէ։ Հնարավորինս հերքվում է հայերի տեղաբնիկ լինելու տեսությունը և կասկածի տակ է դրվում Հայկական լեռնաշխարհի՝ հնդեվրոպական նախահայրենիքի մաս լինելը(էջ 28-29)։
Էջ 29-ում հայերենի անջատվելը հնդեվրոպական ընդհանրությունից ներկայացվել է Ք․ա․ 8-րդ հազարամյակում (որտեղի՞ց նման տեղեկություն, երբ լեզվագիտական տվյալները պնդում են, որ հայերենն աջատվել է Ք․ա․ 4-րդ հազարմյակում)։
Դիտավորություն է էջ 30-ի քարտեզում Հայկական լեռնաշխարհի տարածքը «ենթադրյալ նախահայրենիք» բնութագրելը։
Որպես ամփոփում` պետք է նշել, որ հայ ժողովրդի կազմավորման գործընթացը եղել է, ըստ հեղինակի, ոչ իրեն պատկանող տարածքում։ Այստեղ չկան նաև «հայ», «հայրենիք», «Հայաստան» բառերը և հայերի էթնիկ անվանումները։
Շարունակելի