կարևոր
7171 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-23 20:08
Հասարակություն

Պետք է բոյկոտել ու կտրուկ մերժել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը. պատմաբան. «Հրապարակ»

Պետք է բոյկոտել ու կտրուկ մերժել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը. պատմաբան. «Հրապարակ»

Շաբաթ օրվանից մի շարք դասախոսներ, ուսուցիչներ և ծնողներ ֆեյսբուքում ֆլեշմոբ են սկսել՝ ընդդեմ պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագրքի և բոլորին կոչ են անում միանալ իրենց: Բանն այն է, որ նրանք կարծում են` Հովհաննիսյանի հեղիանակած դասագիրքը` 7-րդ դասարանի պատմության դասագիրքն ապազգային է, գրքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են պատմական իրողությունները: Ֆլեշմոբի մասնակիցները պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հեռացնել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7֊րդ դասարանի պատմության դասագիրքը դպրոցական ծրագրից: 

Պատմաբան Աշոտ Ղուկասյանը ավելի վաղ «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ այս տարվա հունիսին ԿԳՄՍ նախարարությունն անհիմն կերպով մերժել է իր հեղինակած «Հայոց պատմության» դասագիրքը, փոխարենը հաստատել Հովհաննիսյանի աղմկահարույց դասագիրքը: Նա ասել էր. ««Այս տարի հայտարարվեց նոր դասագրքերի մրցույթ: Մենք` հեղինակներս, «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից ներկայացրինք Հայոց պատմության դասագրքերը, որը նախատեսված է 7-րդ դասարանի համար: Հանձնաժողովի հիմնական մասը մանկավարժներից էր կազմված: Մեր խումբը ներկայացրել էր երկու դասագիրք` «Իմ հայրենիքը» եւ «Հայոց պատմություն»` նախատեսված 7-րդ դասարանի համար: Հայոց պատմության դասագիրքը, որն այդպես էլ ԿԳՄՍՆ-ն չցանկացավ կյանքի կոչել, ունի երեք հեղինակ. ես եմ, որդիս` Արսեն Ղուկասյանը, եւ Անժելա Տերյանը: Երկու շաբաթ անց արդյունքներն ամփոփելուն պես մեզ հայտնեցին, որ բավականին լավ արդյունքներ ենք վաստակել, ավելին` այն հաստատվել է որպես դասագիրք: Սակայն ավելի ուշ մեզ հայտնում են, որ մեր հեղինակած դասագրքերի վերաբերյալ բողոքներ կան, եւ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է այն տպագրության չարժանացնել»: 

Աշոտ Ղուկասյանն այսօր «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ֆլեշմոբերով չեն կարող այս հարցը լուծել, պետք է կտրուկ մերժել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը, որտեղ աղավաղված է Հայոց պատմությունը: Նրա կարծիքով` ԿԳՄՍ նախարարությունը դեռևս չի հիմնավորել, թե ինչու է մերժել իր հեղինակած դասագիրքը: Ի դեպ, սկզբում դասագիրքը հավանության է արժանացել նախարարության կողմից, ավելի ուշ իրեն ասել են, որ այդ որոշումը բողոքարկվել է եւ իրենք վերանայել են իրենց որոշումը: Ընդ որում` ոչ դասագրքերի ճակատագիրը վճռող հանձնաժողովը, ոչ բողոքարկողների կազմը չի հրապարակվում` գաղտնի է պահվում:

«Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքն արդեն դպրոցում է: 40 հազար տպաքանակով մտել է դպրոց: Միայն գրելն ու ֆլեշմոբ անելը քիչ է, պետք է բոյկոտել: Եթե հանվեն այդ դասագրքերը ծրագրից, այլընտրանքային դասագրքի հարցը կբարձրանա: Ես երեք անգամ գրություն եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարություն: Վերջինն առավել կտրուկ: Ակնկալում եմ, որ բացատրություն կտան հստակ, թե ինչու են իմ դասագիրքը դուրս թողել ծրագրից, և վերջապես՝ նրանք ովքեր են: Հանձնաժողովը մեկ էջից բաղկացած դիտարկում (բացասական կարծիք) էր իբրև ուղարկել, բայց դա ուղղակի ծիծաղելի էր, անգամ չգիտեմ, թե ով կամ ովքեր են այդ դիտարկման հեղինակները: Մարդիկ պետք է իրականությունն ընկալեն», - ասում է պատմաբանը: 

Հարցին, ինչո՞ւ է դասագիրքն ընտրող հանձնաժողովի կազմը գաղտնի պահում ԿԳՄՍ նախարարությունը, չե՞ք փորձում պարզել, թե ովքեր են նրանք, մեր զրուցակիցն ասաց. «Երրորդ գրությունը, որ ուղարկել եմ նախարարություն, հենց այդ մասին է: Ես պահանջում եմ հանձնաժողովի անդամների անունները: Ո՞նց կարելի է այդպես աշխատել, ո՞նց կարելի է մի ողջ դասագրքի մասին կես էջ կարծիք գրել, փոխարենը` խայտառակությունը մտցնել դպրոց:  ԿԶՆԱԿ-ը ոչ մի կապ չունի այդ հանձնաժողովի հետ: Դասագրքերի հարցերով հենց ԿԳՄՍ-ն է զբաղվում», - ասաց նա: 

Աշոտ Ղուկասյանի կարծիքով` դպրոցները Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը պետք է դեն նետեն ու անցնեն առաջ. «Պետք է այդ դասագիրքը հայտնվի ոչ թե դպրոցում, այլ դպրոցի բակում, որից հետո միայն կարող ենք մեր նպատակին հասնել», - եզրափակեց Ղուկասյանը:

Աղբյուրը՝ hraparak.am