Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք»:
Գ.Նժդեհ
Յուրաքանչյուր ժողովրդի համար թե՛ սերնդի դաստիարակության, թե՛ պետականության կերտման գործում չափազանց կարևոր է ազգային պատմության դերը։ Սա է պատճառը, որ շատ ու շատ ժողովուրդներ, ինչպես օրինակ, թուրքերը իրենց համար փորձում են ստեղծել գրեթե իդեալական պատմություն՝ հաճախ կեղծելով պատմական փաստերը:
Մե՛նք՝ հայերս, բավականին հարուստ պատմություն ունենալով, երբեք նոր պատմություն հորինելու կարիք չենք ունեցել, թեև օտարներն ու օտարի շահերը սպասարկողները հաճախ են փորձել կեղծել կամ խեղաթյուրել մեր պատմությունը:
Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց խորհրդային կեղծիքներից հայոց պատմության մաքրման գործընթացը։ Թվում էր, որ այսուհետ պայքարը միայն թուրքական պատմակեղծարարության դեմ է լինելու, սակայն 2018 թ․ «թավշյա հեղափոխությունից» հետո յուրահատուկ գրոհ սկսվեց ազգային արժեհամակարգի դեմ․ թիրախ դարձան հատկապես հայոց լեզուն և հայոց պատմությունը:
2019 թ․ առաջարկված կրթական նոր չափորոշիչները1 նախատեսում էին հայոց լեզվի և հայոց պատմության դասաժամերի կրճատում բուհերում, գրականության դասագրքերից հայ միջնադարյան գրականության դուրս բերում, հայոց պատմության դասագրքերի խմբագրում և թուրքերի տեսանկյունից «թշնամական կերպարների» հեռացում, ինչպես նաև պատմական փաստերի խեղաթյուրում:
Այսպես կոչված, «կրթական նոր չափորոշիչները» առաջ բերեցին գիտական հանրության, մի շարք ուսուցիչների և ուսանողների դժգոհությունը, մասնավորապես ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը և բազմաթիվ հարգված գիտնականներ մատնանշեցին չափորոշիչների և դրանց հիման վրա ստեղծվող դասագրքերի վտանգները2: Բողոքի ակցիաներ սկսեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, որին միացան բազմաթիվ ուսանողներ: Չափորոշիչների կիրառումը և դրանց հիման վրա դասագրքերի տպագրումը հետաձգվեց նախ՝ կորոնավիրուսի, հետո՝ պատերազմի, դավաճանական կապիտուլյացիայի և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով։
2023 թ․ տպագրվեց 7-րդ դասարանի հայոց պատմության նոր դասագիրքը։ Այս «վայ» դասագիրքն իսկական աղետ է նոր սերնդի համար և աննկարագրելի ավեր հայոց պատմագիտության ասպարեզում:
Դասագրքի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանն է, որը չի խորշել պատմության ակնհայտ կեղծումից:
Այժմ կփորձենք հնարավորինս հակիրճ քննարկել դասագրքում տեղ գտած առավել ակնհայտ կեղծիքները և բացահայտել դրանց վտանգները՝ սկսելով մեր պատմական հայրենիքի՝ Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ հիշատակություններից:
Այսպես՝ ըստ դասագրքի՝ Հայկական լեռնաշխարհը «… գտնվում է Իրանական և Փոքրասիական (Անատոլիական) բարձրավանդակների, Միջագետքի հարթավայրի և Սև ծովի միջև»3։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ կարգին է, բայց 7-րդ դասարանի երեխային սովորեցնում են Փոքր Ասիան և Փոքրասիական բարձրավանդակը կոչել միայն 13-րդ դարում այստեղ հայտնված քոչվոր թուրքերի տված «Անատոլիա» և «Անատոլիական բարձրավանդակ» անունով: Ինչո՞ւ, եթե ակնհայտ է, որ այլոց հայրենիքները զավթելու նպատակով են թուրքերը Փոքրասիական բարձրավանդակին կցել այդ արհեստական անունը:
«Արևելքում լեռնաշխարհի սահմանները հասնում են մինչև Ուրմիա (Կապուտան) լիճ…»4։ Հետաքրքիր է՝ Ս. Հովհաննիսյանն իրո՞ք չգիտի Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը։
«Քարտեզագրությունից անտեղյակ մարդն անգամ անմիջապես կնկատի, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան սահմանը Կասպից ծովն է, իսկ Ուրմիա լիճը գտնվում է լեռնաշխարհի հարավ-արևելքում»5։
Ուրեմն հեղինակն ակնհայտորեն կեղծում է՝ գուցե ադրբեջանցիներին չնեղացնելու համա՞ր:
Հետաքրքիր է, որ հայոց պատմական հայրենիքի մասին խոսելիս Ս. Հովհաննիսյանը «մոռացել» է տեղեկություններ հայտնել նաև Փոքր Հայքի մասին:
Մեկ այլ ուշագրավ դիտարկում․ դասագրքում նշվում է. «Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և հիմնականում (ոչ ամբողջությամբ) ընդգրկում է Այրարատ, Սյունիք և Գուգարք նահանգները»6։ Այս դեպքում հարց է ծագում․ ո՞ր նահանգի մի մասի տարածքում է գտնվում ՀՀ Տավուշի մարզը, եթե այն ո՛չ Գուգարքում է, ո՛չ Այրարատում, ո՛չ էլ Սյունիքում։ Այս դեպքում էլ դասագրքի հեղինակը «մոռացել» է Ուտիք նահանգը, որի մեծ մասը զավթած Ադրբեջանը այդ տարածքով սահմանակցում է Տավուշի մարզին և վերջինիս նկատմամբ զավթողական նկրտումներ ունի: Ինչպիսի՜ համերաշխություն «հարևան» ադրբեջանցիների հետ:
«…․Մարդկության նախապատմության վերաբերյալ գրավոր նյութեր չկան»7,—ասում է այն պատմաբանը, որի երկիրը լիքն է ժայռապատկերներով, որոնց միայն մի մասն է ուսումնասիրված։ Ի՞նչ են դրանք, եթե ոչ գրավոր նյութեր, որոնք պատկերացում են տալիս վաղնջագույն ժամանակներում Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ մեր նախնիների մասին:
Ինչևէ, անցնենք առաջ:
«…Ամենից վճռորոշ գաղթը կատարեց հոմո սապիենսը, որը սնունդ փնտրելու նպատակով մոտ 80.000 տարի առաջ Արևելյան Աֆրիկայից շարժվեց դեպի հյուսիս: Գաղթականները հասան Արևմտյան Ասիա, այդպիսով նաև Հայկական լեռնաշխարհ»8։ Պատմաբան-հնագետները զարմացած կարող են հարցնել՝ այդ դեպքում ովքե՞ր էին ապրում Գուգարքում հայտնաբերված, շուրջ 1,8 միլիոն տարվա թվագրում ունեցող բնակատեղիում, կամ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ազոխ գյուղի քարայրում հայտնաբերված 300.000 տարեկան մարդկային մնացորդները ո՞ւմ էին պատկանում, եթե դասագրքի հեղինակը Հայկական լեռնաշխարհի բնակիչներին Աֆրիկայից է բերում, այն էլ 80.000 տարի առաջ՝ շատ նրբորեն առաջ տանելով «հայերի եկվորության» չարչրկված, բայց վտանգավոր տեսությունը (այս տեսության մասին առավել մանրամասն ավելի ուշ կխոսենք այլ հոդվածներում): Սա «հայերի եկվորության» տեսությունը նրբորեն պաշտպանելու միակ դրսևորումը չէ. «Բալկանյան տեսության համաձայն՝ հայերի նախնիներն են Բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգացի գաղութարարները»9։
Դրա փոխարեն՝ պատմահայր Խորենացու հաղորդած տեղեկությունները հայերի տեղաբնիկության վերաբերյալ Ս. Հովհաննիսյանը առասպելական է որակում: Դասագրքում, փաստորեն, միայն հպանցիկ նշվում է, որ Մովսես Խորենացին հայերին վերագրում է տեղական ծագում, այն էլ առասպելի հիման վրա, և ոչ մի խոսք հնագիտական գտածոների, ինչպես նաև Աստվածաշնչի վկայությունների մասին, որոնց համաձայն՝ Աստված մարդկությունն արարել է եդեմ-դրախտում, որը գտնվում էր Եփրատ, Տիգրիս, Գեհոն (Արաքս) և Փիսոն (Ճորոխ) գետերի ակունքների շրջանում, ասել է թե՝ Հայկական լեռնաշխարհում և, իհարկե, ոչ մի հիշատակություն համաշխարհային ջրհեղեղի, Արարատի վրա Նոյյան տապանի հանգրվանելու և Հայկական լեռնաշխարհից մարդկության վերասկզբնավորման մասին….: Փաստորեն, հայերի տեղաբնիկ լինելն «առասպել» է: «Առասպել», որը հաստատվում է հնագիտական պեղումների շնորհիվ, շումերական, աքքադական, խեթական սեպագրերով, Աստվածաշնչի վկայությամբ և հայ ժողովրդի ծագման վերաբերյալ արաբական ու վրացական աղբյուրներով, որոնց մասին, իհարկե, Սմբատ Հովհաննիսյանը «մոռացել» է։ Այն դեպքում, երբ այս տարածաշրջանում միայն 13-րդ դարում հայտնված քոչվոր թուրքերն իրենց համարում են այս տարածաշրջանի բնիկները:
Այսպիսով՝ «Հնարավորինս հերքվում է հայերի տեղաբնիկ լինելու տեսությունը, և կասկածի տակ է դրվում Հայկական լեռնաշխարհի՝ հնդեվրոպական նախահայրենիքի մաս լինելը»10։ Շատ նրբորեն առաջ է տարվում թե՛ գիտականորեն և թե՛ Աստվածաշնչի միջոցով վաղուց հերքված «հայերի եկվորության տեսությունը» այն դեպքում, երբ գո՛նե հնդեվրոպական ժողովուրդների նախնիներն իրենց ապագա հայրենիքներ գնացել են հենց Հայկական լեռնաշխարհից․ խոսքը միայն բասկերի մասին չէ, այլ նաև հիքսոսների, բրիտների, բավարների, դասկոնների և այլն….
Թվում է՝ այսքանը բավարար էր դասագիրքը մերժելու համար, բայց մերժելի, անհասկանալի ու առնվազն տարօրինակ գաղափարներ այս դասագրքում շատ կան:
Դասագրքի պնդումներից է. «Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումներից հայտնի են Արատտան, Հայասան, Նաիրին, Արմե-Շուպրիան և Ուրուատրին»11։ Նախ՝ որտեղի՞ց է վերցրել Ս. Հովհաննիսյանը «Ուրուատրի» տարօրինակ եզրույթը, եթե վաղ պետական կազմավորումների թվում նման միավոր չի հիշատակվում:
Երկրորդ՝ ոչ մի հիշատակություն չկա առաջին հայկական պետական կազմավորման՝ Արատտայի պետական կառուցվածքի մասին, իսկ տեղայնացումը համարվում է վարկածային: Մինչդեռ հայտնի է, որ միջագետքյան աղբյուրներում Սուբուր (Սուբարտու, Շուպրիա) ձևով հիշատակվող Արատտան գտնվում էր Վանա լճի ավազանում: Ինչպես տեսնում ենք, Շուպրիան կամ Արմե-Շուպրիան (Սուբուր-Հայա) օտար (միջագետքյան) աղբյուրներում Արատտային տրված անվանումն է, ոչ թե առանձին պետական կազմավորում:
Ոչ մի խոսք չկա «Հայկ և Բել» «առասպելի» պատմական հիմքը հանդիսացող Արմանի (Արմանում) պետական կազմավորման մասին, որի մասին խոսելիս Միջագետքի առաջին բռնակալ Սարգոն Աքքադացու թոռ, աքքադական արքա Նարամ-Սուենը (Սին) նշել է. «Մարդկության արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նվաճել Արման(ում) երկիրը»12։ Ինքը՝ Նարամ-Սուենը, որն իրեն հռչակել էր «Աստված», սպանվեց հայկական զորքերի դեմ պատերազմում՝ Ք. ա. մոտ 21-րդ դարում (Ալիշանի թվագրմամբ՝ 2492 թ․):
Նույնպիսի լռություն է նաև Միտաննի պետական կազմավորման շուրջ, որի արքայադուստրերը մի քանի սերունդ շարունակ դառնում էին Եգիպտոսի թագուհիներ (նրանցից ամենահայտնին Նեֆերտիտին էր)։ Եգիպտական աղբյուրներում Միտաննին հիշատակվում է Նահարինա ձևով, այն թվագրվում է Ք. ա. 14-13-րդ դարերով և տեղագրվում է Հայաստանի հարավ և Միջագետքի հյուսիս ընկած տարածքներում: Հատկանշական է, որ քրդերը Միտաննին համարում են քրդական, իսկ թուրքերը՝ թուրքական պետական կազմավորում: Արդյո՞ք Միտաննիի մասին մոռանալով՝ Ս. Հովհաննիսյանը իր համերաշխությունն է հայտնում թուրքերին ու քրդերին:
Դասագրքում մի քանի հպանցիկ խոսք է իր ժամանակի համար ահռելի ռազմական ուժ՝ 700 մարտակառք և 10.000 հետևազոր13 մարտադաշտ դուրս բերող Հայասսա երկրի մասին, ոչ մի խոսք Հայասայի տեղագրման մասին (Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջան՝ Բարձր Հայք, Փոքր Հայք, Սև ծովի հարավարևելյան ափի, Հայկական Տավրոս լեռների, Եփրատ գետի և Վանա լճի միջև): Սա թուրք «հարևաններին» չնեղացնելու միտումով մոռացված փա՞ստ է, թե՞ համաշխարհային պատմության մասնագետ Սմբատ Հովհաննիսյանը չի տիրապետում հայոց պատմությանը… Նույնպիսի հպանցիկ ձևով էլ հիշատակվում է Նաիրի երկիրը (Վանա լճի շրջանում և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած տարածքներում-Ա.Մ.), որն ըստ ասորեստանյան արքաների՝ ունեցել է 250 քաղաք՝ զորավոր պարիսպներով, դարձել հայկական մեկ-միասնական պետության հիմքը:
Մի քանի դիտարկում էլ Վանի (Արարատյան) թագավորության մասին: Ցանկանում ենք հատուկ ուշադրություն հրավիրել Վանի թագավորության վերաբերյալ հետևյալ ձևակերպման վրա. «Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու (Արարատ) անունով»14։ Սա կա՛մ քերականական սխալ շարադրանք է, որից տպավորություն է ստեղծվում, որ Արարատը ասորեստանյան անվանում է, կա՛մ դիտավորությամբ կատարված կեղծիք է, որովհետև ««Արարատ» կամ «Արարատյան թագավորություն» տերմիններն աստվածաշնչյան են»15:
Ճիշտ է այն, որ Ք. ա. 782 թ․, Արգիշտի Ա-ի օրոք կառուցվեց Էրեբունի ամրոցը, բայց ոչ մի ակնարկ այն մասին, որ Էրեբունին Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանն է (նախորդ տարիների դասագրքերում դրվում էր անգամ Էրեբունի-Երևանի հիմնադրման արձանագրությունը) և սա այն դեպքում, երբ թշնամի Ադրբեջանը կեղծում է պատմությունը՝ Երևանի հիմնադրումը կապելով Ռևան Ղուլի խանի անվան հետ16 (17-րդ դարի պարսիկ խան), իսկ Հայաստանում հայ պատմաբանը վախենո՞ւմ է ասել, որ Երևանի հիմնադիրը հայոց արքա Արգիշտի Ա-ն է, իսկ միգուցե այս փաստը ևս դիտավորությամբ է անտեսվել:
«Վանի թագավորության անվան հիշատակությունն ենք գտնում նաև Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ: Այն անվանվում է Ուրաշտու՝ բաբելոներեն, Արմինա՝ պարսկերեն և Հարմինույա՝ էլամերեն»17։ Նշենք, որ Բեհիսթունյան արձանագրության բաբելոներեն հատվածում ոչ թե «Վանի թագավորության անվան հիշատակությունն է», այլ Հայաստանի՛, առհասարակ, որովհետև ասուրա-բաբելոներեն սեպագրերում Հայաստանը կոչվում էր Ուրարտու, հետևաբար արձանագրությունում Հայաստանը հիշատակվում է ոչ թե Ուրաշտու, այլ Ուրարտու ձևով, իսկ Ուրաշտուն սխալ կամ դիտավորությամբ աղավաղված ձևն է:
Հեղինակը նշում է. «Վանի արքաներն ունեցել են հարեմ: Մենուան իր արձանագրության մեջ իրեն գովաբանում է որպես թագավոր, որն ամենաշատ կանայք է բերել մայրաքաղաք, Տուշպայի հարեմ»18։ Հետաքրքիր է, թե որտեղի՞ց է նման տեղեկություն վերցրել Ս. Հովհաննիսյանը, եթե ինչպես նշում է ուրարտագետ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը․ «Նման սկզբնաղբյուր չկա: Ուրարտական սեպագիր տեքստերում կան բազմաթիվ վկայություններ կանանց գերեվարելու մասին, սակայն մեզ հայտնի չէ, որ Մենուան հարեմ է ունեցել»19։ Բացի այդ՝ կարծում ենք՝ արժեհամակարգը խեղաթյուրող անհիմն հորինվածքների փոխարեն՝ 7-րդ դասարանի երեխային նո՛ւյն Մենուա արքայի մասին ավելի հետաքրքիր և օգտակար տեղեկություններ կարելի է փոխանցել:
Զավեշտալի է անգամ պատկերացնել, որ ժամանակի հզորագույն արքաներից մեկը, որի անվան հետ է կապված Վանի թագավորության մեջ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասի միավորումը (ասել է թե՝ Վանի թագավորությունը առաջին համահայկական պետությունն էր) և Վանի թագավորության վերածվելը տարածաշրջանի հզորագույն տերության, թագավոր, որը հաղթանակներ է տանում Առաջավոր Ասիայի հզորագույն տերության՝ Ասորեստանի նկատմամբ և վերահսկողություն հաստատում դեպի Փոքր Ասիա տանող գլխավոր ճանապարհների վրա, իրեն գովաբանում է «որպես թագավոր, որն ամենաշատ կանայք է բերել մայրաքաղաք Տուշպայի հարեմ»: Այնինչ կարելի էր նշել Վանա լճի արևելքում Մենուա արքայի կառուցած 72 կմ երկարությամբ ջրանցքի, ինչպես նաև նրա անվան հետ կապվող մի հետաքրքիր իրադարձության մասին․ արքան իր Արծիբե անունը կրող նժույգով ցատկի ժամանակ սահմանել է ռեկորդ, որը չեն գերազանցել 28 դար (մինչև 1975 թ․)՝ ցատկելով 11մ 39 սմ։ Սա, կարծում ենք, ավելի հետաքրքիր է, քան քրիստոնյա հայ երեխային գոյություն չունեցող հարեմի մասին հորինվածքներ հրամցնելը: Իսկ միգուցե հարեմի մասին հիշատակությունը նպատակ ունի հայ երեխային համոզել, որ Վանի թագավորությունը (Ուրարտուն) թուրքական պետությո՞ւն էր, նրա արքաներն էլ՝ թո՞ւրք, դրա համար էլ հարեմը ընդունված երևույթ էր: Թուրքական պատմակեղծարարության ինչպիսի՜ լեգիտիմացում Ս. Հովհաննիսյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից:
Այս ամենից բացի՝ ինչպես իրավացիորեն նշում է Միքայել Բադալյանը․ «Նշված է Արարատ լեռը և փակագծում նշված է Ուրուրուտ: Վանի թագավորության որևէ սեպագրում չկա որևէ նման սկզբնաղբյուր»20։ Հետևաբար որտեղի՞ց է Ս. Հովհաննիսյանը վերցրել Արարատ-Ուրուրուտ վտանգավոր զուգորդումը, ի՞նչ հիմքով, ո՞ր սկզբնաղբյուրների հիման վրա է Արարատ-Մասիսը դարձել Արարատ-Ուրուրուտ… Ոչ մի ողջամիտ բացատրություն կամ փաստ:
Միայն Վանի թագավորության մասին բազմաթիվ աչքի ընկնող կեղծիքներ ու խեղաթյուրումներ կան, որոնց անդրադառնալու համար էջերը չեն բավարարի, բայց գնանք առաջ ու խոսենք անգամ պատմությունից վատատեղյակ մարդկանց զայրույթը շարժած ակնհայտ ստի մասին․ խոսքը Տիգրան Մեծի ժամանակաշրջանին վերաբերող քարտեզի մասին է, որտեղ անհասկանալի «հրաշքով» Ս. Հովհաննիսյանը նկարել է միայն 1918 թ․ ստեղծված Ադրբեջանը, Արցախն էլ՝ «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպմամբ, Ադրբեջանի կազմում է տեղավորել21: Համաշխարհային պատմության մասնագետ Ս. Հովհաննիսյանը գուցե պարզաբանե՞ր, թե համաշխարհային պատմությանը մինչև 1918 թ․ հայտնի հեղինակներից ո՞վ է երբևէ խոսել Ադրբեջան պետության մասին, որն էլ իրեն հիմք է տվել Տիգրան Մեծի նվաճումներն արտացոլող քարտեզում (սրանից ավելի քան 2000 տարի առաջ) նկարել թշնամի Ադրբեջանը՝ այն էլ փաստացի անկախ հանրապետություն Արցախը դրա կազմ խցկելով…. ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ դավաճանություն, ակնհայտ սուտ և պատվիրված կեղծիք:
Մի փոքր էլ առաջ գնանք: Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն թերի է ներկայացված, ազգային, մշակութային, կրթական կյանքում հայոց եկեղեցու դերի մասին ոչ մի արժևորող խոսք:
Հեթանոսական մշակույթի մասին խոսելիս հիշատակվում է միայն Գառնու տաճարը, բայց ո՞վ է կառուցել, ե՞րբ, ո՞ւմ է նվիրված եղել, ոչ մի խոսք, ոչ մի հիշատակություն Նեմրութի սրբավայրի, Արդինի-Մուսասիրի Խալդիի տաճարի, «Մհերի դռան» արձանագրությունների, Բագարանի, որպես սրբավայր քաղաքի, կառուցման մասին…
Հայոց բազմահազարամյա պատմության ընթացքում մեր ազգի խոշորագույն նվաճումներից մեկը թերևս հայոց գրերի գյուտն է։ Դարակազմիկ այդ իրադարձության մասին Ս. Հովհաննիսյանի հեղինակած դասագրքում կարդում ենք. «405 թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և դպրոցներ բացվեցին թե՛ պարսկական, թե՛ հռոմեական (բյուզանդական) Հայաստաններում»22։ Միայն այսքանը․ ոչ մի խոսք Սահակ Պարթևի, «դանիելյան նշանագրերի», գրերի ստեղծման գործընթացի, մեսրոպատառ դպրության առաջին դպրոց Ամարասի, Վաղարշապատի վարդապետարանի, հայ գրականության ոսկե դարի, թարգմանչական գործի, կրթամշակութային կյանքի վերելքի մասին:
Արշակունյաց կրոնի մասին խոսելիս երկարաշունչ ու անիմաստ տեքստ է տեղադրվել զրադաշտականության մասին… որտեղի՞ց է Ս. Հովհաննիսյանը վերցրել այն ենթադրությունը, որ զրադաշտականությունը եղել է Արշակունյաց կրոնը։ Եթե անգամ պարթև Արշակունիների կրոնը չի եղել զրադաշտականությունը, այն Սասանյան Պարսկաստանի կրոնն էր (իսկ Սասանյանները Արշակունիների տոհմական թշնամիներն էին), մինչդեռ որևէ խոսք չկա ո՛չ հայկական հեթանոսական կրոնի, ո՛չ էլ 301 թ․ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին:
7-րդ դարի իրադարձությունները նկարագրելիս օգտագործվել է «Հարավային Կովկաս» տերմինը: Այնինչ հայտնի է, որ արհեստականորեն ստեղծված սույն տերմինը, որը նույնքան արհեստականորեն տարածում են նաև Հայաստանի վրա (նպատակը՝ զրկել ՀՀ-ին Արևմտյան Հայաստանի հանդեպ իր անժամանցելի իրավունքներից (տե՛ս պրոֆ. Էդուարդ Լ. Դանիելյան և ուրիշներ)), ավելի ուշ է կիրառվել գիտական գրականության մեջ և ավելի շատ օգտագործվում է արդի ժամանակների համար23։
Հայոց պետականության առանցքային դերակատարների շատ պատվանուններ, որոնք ազգային հպարտության, ակնածանքի զգացում կարող են առաջացնել սովորողի մոտ միտումնավոր չեն հիշատակվում, օրինակ՝ Արտաշես 1-ինի՝ «Բարի», «Բարեպաշտ», «Աշխարհակալ» կամ Արտավազդ 2-ի՝ «Աստվածային», Աշոտ 3-րդի՝ «Ողորմած», Սմբատ 2-րդի՝ «Տիեզերակալ» և այլն24։
Ժամանակագրության խախտման, սխալ տարեթվերի, Բագրատունյաց թագավորության թերի, ոչ պատշաճ, կիսատ-պռատ ներկայացմանը չենք անդրադառնա՝ նյութը շատ չծանրաբեռնելու համար:
Ամփոփելով՝ նշենք միայն, որ բազմաթիվ կեղծիքների ու խեղաթյուրումների հետ մեկտեղ Արցախն ու հայ առաքելական եկեղեցին, «ազգ», «հայրենիք», «հայրենասիրություն» եզրույթները գրեթե վտարված են հայոց պատմության այս «վայ» դասագրքից:
Որպես հետևանք ստացվել է դժվարամատչելի, անհասկանալի, ազգային նկարագրից զուրկ, անարժեք, ձանձրալի, ստերի կույտի հիման վրա ստեղծված մի ցափռտուք, որը հայոց պատմության դասագիրք անվանելն անգամ աններելի հանցագործություն կլինի հայոց պատմության և մեր նոր սերնդի հանդեպ։ Այդ «դասագիրքը», որքան հնարավոր է, պետք է հեռու պահել դպրոցներից, քանի դեռ չի խեղվել ու չի փչացել մի ողջ սերնդի արժեհամակարգը:
________________________________
Ծանոթագրություններ
1.https://www.tert.am/am/news/2020/07/24/Live/3352803?fbclid=IwAR2m82Ro6tOwyTkdev0kpva9fJTblur3x6EhnKuMSjK5geBG2IY90P9hMpQ#.Xxs1EATIkFZ.facebook (մուտք՝ 20.12. 2023 թ.)։
2. Նույն տեղում։
3. Հովհաննիսյան Ս., Հայոց պատմություն 7, Եր., 2023, էջ 12։
4. Նույն տեղում։
5.https://yerkir.am/hy/article/2023/10/16/19566?fbclid=IwAR2tanp-gJxKlaBcYnB4f6nItvl6gOnTb2H_K8UdILyOr7OAmrVd1POk2Ks(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
6. Հովհաննիսյան Ս., նշվ. աշխ., էջ 16։
7. Նույնը, էջ 20։
8. Նույնը, էջ 21։
9. Նույնը, էջ 28։
10.https://yerkir.am/hy/article/2023/10/16/19566?fbclid=IwAR2tanp-gJxKlaBcYnB4f6nItvl6gOnTb2H_K8UdILyOr7OAmrVd1POk2Ks(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
11. Հովհաննիսյան Ս., նշվ. աշխ., էջ 31։
12. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը., Եր., 2016, էջ 12։
13. Նույնը, էջ 19։
14. Հովհաննիսյան Ս., նշվ. աշխ., էջ 34։
15.https://yerkir.am/hy/article/2023/10/19/19741?fbclid=IwAR0FpJclDSsnctBXSi_eTK2DNBdfAvDdrwa8JqIYmk48ZpGsGAY3s_wYoJc(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
16. https://www.youtube.com/watch?v=AvnTAKc25mE(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
17. Հովհաննիսյան Ս., նշվ. աշխ., էջ 43։
18. Նույնը, էջ 46։
19.https://yerkir.am/hy/article/2023/10/08/19180?fbclid=IwAR3DeabQAYvdE1sMXjUIXickFEG9s69ZCAvvpQKOdwKCCeFAE895h94d5Y4(մուտք՝20.12. 2023 թ.)։
20. Նույն տեղում։
21. Հովհաննիսյան Ս., նշվ. աշխ., էջ 80։
22. Նույնը., էջ 120։
23.https://yerkir.am/hy/article/2023/10/21/19855?fbclid=IwAR2CfIIWIeB71oC44M90-PaJzIr-uM-tYEtHib9NojTx8atzxMSX0emcl3E(մուտք՝ 20.12. 2023 թ.)։
24. Նույն տեղում։
Անի Մելքոնյան
Կարդացեք նաև՝
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը ազգային աղետ է, վտանգ ու սպառնալիք․ Անժելա Հարությունյան
Սկանդալային դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է. մարդը գրել է, կինը՝ խմբագրել
Հայոց պատմության դասագրքի խնդիրը չունի մասնագիտական լուծում, այն բացառապես քաղաքական է. դիտարկում
Աղմկահարույց դասագրքի հերթական անճշտությունը. ոչ թե Ք.ա. 26-25-րդ, այլ 16-15-րդ դարեր
Աղմկահարույց դասագիրք. ի՞նչ դիրքորոշում ունեն հայտնի հաստատությունները
Պապ թագավոր և Փաշինյան կամ չկա հերոսը, չի լինի նաև հակառակը` դավաճանը. արձագանք` ասուլիսին
Օրերս Րաֆֆին վտարվեց դասագրքերից. երկիր հանձնելիս այն խոչընդոտ է. ահազանգ` գրականագետից
Փորձ եք արել` այս կոնկրետ դեպքում ձախողել եք. գիտնականի դիտարկումը դասագրքի մասին
Ովքե՞ր են այդ «թաքնված» խորհրդատուները․ դիտարկում՝ աղմկահարույց դասագրքի մասին
Ադրբեջանում ցնծում են. Հայաստանում թշնամի պետության սրտով հայոց պատմության դասագիրք է գրվել
Նկատառումներ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ
Նոր ահազանգ. դասագրքերն ամուսինները գրում են, կանայք՝ խմբագրում
Ֆեյսբուքաֆիդայագիտական գործառույթներ և գիտական էթիկա․ Միքայել Բադալյան