կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-20 21:52
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք միշտ չէ, որ այսքան թույլ ենք լինելու՝ միջանցք թույլ չենք տալու․ Գագիկ Ղահրամանյան

Մենք բոլորս հիշում ենք, որ 140 կմ մեր առջև փախչող ազերին է այսօր մեզ հաղթել․ չի հաղթել, որովհետև դրոններ ունեին, Բայրաքթար ունեին, դրանք հեքիաթներ են, հաղթել է, որովհետև որոշված էր, որ մենք պիտի պարտվենք, որովհետև որոշված էր, որ Արցախը բեռ է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Սյունիքի «Լեռնահայաստան» մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղահրամանյանը։

Նա վստահ է, որ Սյունիքով որևէ միջանցք, ճանապարհ կամ երկաթուղի չի լինելու, որովհետև իրենք թույլ չեն տալու։

«Չգիտեմ ինչեր են պայմանավորվել, ինչեր են գծագրել, ինչեր են որոշել, բայց մենք միշտ չէ, որ այսքան թույլ ենք լինելու՝ թույլ չենք տալու։ Փառք Աստծո, այնքան մեթոդներ, միջոցներ կան։ Ես համոզված եմ, որ եթե նույնիսկ սկսեն այդ աշխատանքները, որոշ ժամանակ անց չի լինելու այդ միջանցքը, ու մենք են դա անելու»,-ասաց նա։

Գագիկ Ղահրամանյանը համոզված է, որ մենք պարտվել ենք ոչ թե պատերազմում, այլ որովհետև մեր թիկունքում դավադիր պլաններ, ծրագրեր են եղել Լևոն Տեր-Պետրսյանի և նրա գաղափարը կրող Նիկոլ Փաշինյանների կողմից։

 Եվ այդ ծրագրերը կյանքի կոչելու մի բաղադրիչն էլ այսօր բանակը միտումնավոր քայքայելն է։

«Որպես այդպիսին բանակ մենք չունենք։ Ժամանակին կամավորական վաշտի հրամանատար եմ եղել, և մեր հագուստը, բնականաբար, ձեռք ենք բերել մեր միջոցներով՝ կուսակցության և այլ միջոցներով։ Բայց այսօր այն վիճակում ենք, որ իմ ընկերները իրենց տղաների համար ինձանից բաճկոն են խնդրում․ հունվարին ես 2 ձմեռային բաճկոն եմ ուղարկել գործող բանակ։ Սա հասկանո՞ւմ եք, ինչի մասին է խոսում։ Խոսքն անգամ այն մասին չէ, որ եթե ադրբեջանցիները կահավորված դիրքերում են, մենք վրաններում ենք մեր բանակը պահում։ Այսինքն, այնպիսի բանակ, որ պիտի սթափեցնի Ադրբեջանին, մենք չունենք»,-արձանագրեց Գագիկ Ղահրամանյանը։

Կարծես դիտավորյալ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ զինվորը զորացրվելուց հետո գա, մյուսներին ասի՝ հանկարծ չգնաք ծառայության, այնտեղ անմարդկային պայմաններ են՝ փաստեց նա։ Դա բանակ չունենալու քաղաքականության մի բաղադրիչ է, վստահ է Գագիկ Ղահրամանյանը, Սիսիանի բարձր սարերում, Կապանում ձմեռը զինվորները վրանների մեջ են։

«Սա միանշանակ միտումնավոր է արվում։ Նիկոլ Փաշինյանն, ըստ իս, Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, նույն բանն ինքն է մտածում, որ իրականություն դարձնի․ այն, ինչ չհաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլն է ուզում կյանքի կոչել։ Այսինքն, մենք չունենանք բանակ, մենք ունենանք Ադրրբեջանի և Թուրքիայի կողմից բարի կամեցողություն, ունենանք ինչ-որ քառակուսի կմ-ի մեջ պարփակված Հայաստան երկիր, առևտուր անենք Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ ու գոյատևենք որպես պարզապես քաղաքացիներ՝ պետականությունը արժեք չէ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանի համար։ Նրանց համար սա տարածք է»,-ասաց նա։

Հենց այս քաղաքականությունն է, նրա համոզմամբ, իրականացնում Նիկոլ Փաշինյանը, իսկ սրան խանգարողը միայն բանակն է, ադրբեջանցիներին, թուրքերին զսպողը միայն բանակն է։

Գագիկ Ղահրամանյանը Կապանի կամավորների հրամանատարներից էր 44-օրյա պատերազմի ժամանակ ու հետո՝ երբ դեկտեմբերի 18-ին նրանց հրամայեցին լքել Սյունիքը պաշտպանող բարենպաստ դիրքերն ու հետ քաշվել այսօրվա շփման գիծը՝ անպաշտպան թողնելով Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհները։

Այդ ընթացքում կասկածելի շատ դետալների է ականատես եղել, որի մասին էլ պատմեց։

«Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ օրը, այստեղ՝ Կապանում, կազմակերպեցինք 25 հոգանոց ջոկատ․ 12 ընկերների  գործուղեցինք Արցախ՝ այն համոզմունքով, որ հաջորդ 12-ը մյուս շաբաթ պետք է գնային և մենք անընդհատ կամավորների հավաքագրում էինք անում։ Անկեղծ ասած, չէինք պատկերացնում, որ հետագայում մեր զինվորներին այնտեղից բերելու ենք այստեղ պաշտպանություն իրականացնելու, կարծում էինք՝ ամեն ինչ Արցախում է տեղի ունենալու»,-պատմեց նա։

Հոկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը եկավ Գորիս, հավաքեց բոլոր համայնքների ղեկավարներին, ասաց՝ արդեն ամեն համայնք ինքն իր ուժերով պետք է պաշտպանի սահմանը։

«Մենք արդեն ջոկատից վերածվել էինք վաշտի՝ հիմքը Դաշնակցության ստորաբաժանումն էր, բայց նաև ոչ դաշնակցական կամավորներ կային։ Երբ հոկտեմբերի 18-ից հետո համայնքի ղեկավարները եկան տեղերում կազմակերպելու, մեր վաշտն արդեն գոյություն ուներ։ Բնականաբար, ռազմական ղեկավարության հետ խորհրդակցելով Կովսականում այնպիսի դիրք գրավեցինք, որը լրիվ ապահովում էր ճանապարհների անվտանգությունը տարբեր հատվածներրում՝ 10-20 կմ հեռավորությամբ։ Այս պատճառով էլ նոյեմբերի 9-ից հետո մենք այնպիսի տեղերում էինք կանգնած, որ ապահով էր»,-ասաց Գագիկ Ղահրամանյանը։

Ավելին, այնտեղ այնպիսի ամրաշինական կառուցվածքներ էին ստեղծել, այնպիսի ապահովական միջոցառումներ էին ձեռնարկել, որ կարող էինք այնտեղ տարիներով մնալ։ Ինքն այդ ժամանակ կանոնավոր բանակ չի տեսել Սյունիքում, խոսքը վերաբերում  է կամավորներին։

«Ընդ որում, գիտե՞ք ինչն էր տարօրինակ, որ առաջին իսկ օրից, հոկտեմբերի 18-ից, մենք կրակում էինք ամենատարբեր զենքերից, բայց ազերիները չէին պատասխանում կամ շատ հազվադեպ էին պատասխանում, շատ տարօրինակ էր։ Ավելին ասեմ՝ երբեմն-երբեմն վերադասները մեզ դիտողություն էին անում, որ չափից դուրս շատ ենք կրակում։ Անկեղծ ասած, այն ժամանակ մտածում էինք, որ երևի թե բավարարված են եղածով, դրա համար չեն պատասխանում, հատկապես նոյեմբերի 9-ին երբ այն կետը եղավ, որ ամեն մեկը մնում է իր դիրքում, կարծում էինք, որ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնության են եկել, որ այդ դիրքերում մնալու ենք։ Բայց պարզվեց՝ պայմանավվորվածություն կար»,-ասաց նա։

Գագիկ Ղահրամանյանը պատմեց նաև, թե ինչպես և ով է իրենց հրամայել մոտ 20 կմ հետ քաշվել դիրքերից՝ ադրբեջանցիներին թողնելով ճանապարհներն ու գերակա բարձունքները։

«Դեկտեմբերի 18-ին մեզ՝ հրամանատարներիս, կանչեց գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը զինկոմիսարիատի դահլիճ և այնտեղ ասաց, որ հենց այդ նույն օրը՝ մինչև ժամը 17։00-ն, բոլորս պետք է լքենք մեր դիրքերը, հակառակ դեպքում ինքը պատասխանատու չէ մեր կյանքի համար։ Ասաց՝ ես զինվորական եմ, այդպիսի հրաման եմ ստացել։ Երբ նա դա ասում էր՝ պատի վրա 90-ականների պատերազմում զոհվվածների նկարներն էին, ասաց՝ ես վատ եմ զգում, որ հատկապես իրենց նկարների առկայությամբ եմ այս հրամանը տալիս, բայց մինչև 17։00-ն պետք է թողնեք դիրքերը, հակառակ դեպքում մենք ոչ մի կերպ չենք օգնելու ձեզ՝ ո՛չ զենքով, ո՛չ զորքով»,-վկայեց Գագիկ Ղահրամանյանը։

Հետո են հասկացել, որ բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից գոյություն է ունեցլ նաև ուրիշ փաստաթուղթ, որտեղ ստորագրված էր, որ նաև այդ դիրքերը պետք է զիջենք։

Գագիկ Ղահրամանյանը ցավով փաստում է՝ ոչ մի սանտիմետր հետ չեն գնացել թշնամու գրոհի պատճառով, և հետ չէին էլ գնա ոչ մի դեպքում, եթե չլիներ չարաբաստիկ հրամանը հենց հայկական կողմից։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․