կարևոր
352 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-15 21:36
Հասարակություն

Կոչ եմ անում ներկա սերնդին հետևել «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, և բոլոր հարցերում լինել պահանջատեր․ Խաչատուր Ստեփանյան

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառում։

Մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցական ընկերներ, երիտասարդներ:
 

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, հնչեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարբեր սերունդների ներկայացուցիչներ։

Պատմաբան, Մանկավարժական համալսարանի դասախոս Խաչատուր Ստեփանյանը, ով երկար տարիներ եղել է ՀՅԴ ՆԱՈւՄ ատենապետ և զգալի ներդրում ունեցել միության գործունեությունն ընդլայնելու առումով, մեր հետ զրույցում նշեց․

«Նախ՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ստեղծվեց այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանում ազգային բուռն վերելք էր տեղի ունենում, և այդ առումով «Նիկոլ Աղբալյան» միությունը կարևոր դերակատարում ունեցավ նաև ուսանողության միջավայրում այդ վերելքն առաջնորդելու և առաջ տանելու համար։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «Նիկոլ Աղբալյան» միությունը ծանրակշիռ մասնակցություն ունեցավ, տվեց նաև թանկագին զոհեր»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը։

Նրա խոսքով՝  երբ փլուզվեց սովետմիությունը, բուհերում ուսանողական միավորումների վերակազմավորման հարց կար։  Նախկին կոմսոմոլների փոխարեն անհրաժեշտ էր ուսանողական ինքնակառավարման մարմինների ստեղծում։  Հենց այդ ժամանակ  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ակտիվ դերակատարում է ունեցել բուհերում ուսանողական հիմնակառավարման մարմինների ստեղծման գործում, և ուսխորհուրդների ձևավորման ժամանակ «Նիկոլ Աղբալյան»-ի դերը մեծ է եղել։

«Սա շատ կարևոր է, որովհետև, որպես Դաշնակցության ուսանողական կառույց, իրենք բավական փորձառություն ունեին, «շկոլա» ունեին ուսանողական- երիտասարդական կազմակերպություններ ստեղծելու, ղեկավարելու, և այդ փորձը, ըստ էության, փոխանցվեց Հայաստանյան ուսանողությանը, սա նույնպես կարևոր էր»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը՝ հավելելով․ « Մյուս կարևոր ձեռքբերումն այն է, որ տարբեր ժամանակաշրջաններում, երբ մեր երկրի ներքին և արտաքին մարտահրավերների ժամանակ հասարակական ընդվզում կամ հասարակական արձագանքի անհրաժեշտություն էր առաջ գալիս, ուսանողական միությունը պայքարի առաջին շարքերում էր, և, առանց ավելորդ համեստության, պետք է ասել, որ իսկական օրինակ է ծառայել իր ժամանակաշրջանի երիտասարդությանը, ուսանողությանը՝ պայքարի առաջին դիրքերում լինելու և ըստ պատշաճի ուղղորդելու համար»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Միջոցառման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։