|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գնալով ավելի է հեռանում Ռուսաստանից՝ մեղադրելով իր ռազմավարական դաշնակցին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում պասիվության և անվտանգության պայմանագրային երաշխիքների տրամադրումից խուսափելու մեջ:
Նկատենք, որ ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը ոչ այնքան Արևմուտքի նկատմամբ «մեղմ շրջադարձի» ազդանշան էր, որքան դրա հետևանք:
2018 թվականի աշնանը՝ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» կարճ ժամանակ անց, Ջոն Բոլթոնը ( 2018-2019 թվականներին եղել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը), այցելեց Հայաստան և փաստացի ներկայացրեց Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձևավորման համապարփակ սցենարը:
Նրա առաքելությունը «փաթեթավորված» էր «պատմական կարծրատիպերից Հայաստանի հրաժարվելու անհրաժեշտության» մասին գռեհիկ արտահայտությամբ: Սակայն այս հռետորաբանության հետևում թաքնված էր Հայաստանի կողմից իր դաշնակիցների, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանի հետ ավանդական կապերը խզելու, և Անդրկովկասի ամբողջ ճարտարապետական հավասարակշռությունը վերակառուցելու ծրագիր։ Բոլթոնի այցից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը առանձնացրեց ամերիկացի պաշտոնյայի այն դիտողությունը, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի իր արտաքին քաղաքականության մեջ «պատմական օրինաչափություններով»։ Բոլթոնի պահանջը, որ Հայաստանը պետք է իր միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կլիշեներից», ՌԴ ԱԳՆ-ն անվանեց «անպարկեշտ»։ Միևնույն ժամանակ, այս տողերի հեղինակն անձամբ կարծում է, որ եթե Ռուսաստանը ցանկանար, իրավիճակը կլիներ այլ։
Ռուսաստանում որոշակի շրջանակներ որոշել էին, որ Արցախի հայապահպանությունը զուտ հայերի խնդիրն է: Շրջանառության մեջ էր դրվել «եկեք աջակցենք Ադրբեջանին՝ և նա շնորհակալ կլինի մեզանից» նարրատիվը։ 2015 թվականի սեպտեմբերից սկսած Ռուսաստանի օդատիեզերական ուժերը (ՌՕՏՈւ) փայլուն աշխատանք կատարեցին՝ մաքրելով Սիրիայի տարածքի գրեթե 90 տոկոսը իսլամ ահաբեկիչներից, լուռ հետևեցին «Սուլթան Մուրադ», «Ալ Համզա» պրոթուրք ահաբեկիչների գործողություններին Արցախում: Իհարկե, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության(ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը 2020 թվականի հոկտեմբերին ԱՀԾ մամուլի բյուրոյի կողմից տարածված մեկնաբանության մեջ նշել էր, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ և աներկբա աջակցությունը հիմնարար նոր արտաքին գործոն է, որը ազդում է Լեռնային Ղարաբաղում ներկայիս լարվածության բնույթի վրա: Ընդամենը այսքանը: Մարդու իրավունքների սիրիական ոչ կառավարական դիտարանի (SOHR) տվյալների համաձայն՝ 2020 թվականի աշնանը առնվազն 2050 սիրիացի զինյալ է մեկնել Ադրբեջան: Հոկտեմբերի 21-ի դրությամբ նրանցից 170-ը սպանվել էր, իսկ 118-ի դիակն արդեն տեղափոխվել էր Սիրիա: Հավաքագրված վարձկանները հինականում «Սուլթան Մուրադ» և «Ալ Համզա» խմբավորումները:
Ռուսաստանը Հարավային Կովկասում Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորն էր տարիներ շարունակ: Հետխորհրդային պետություններում ազգամիջյան հակամարտությունների վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հիմնված էր դրանց տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման վրա: Ռուսական դիվանագիտությունը գոյություն ունեցող հակամարտությունների լուծման հեռանկարը կապում էր հիմնականում անվտանգության ապահովման և էթնիկ փոքրամասնություններին լայն իրավունքներ տրամադրելու հետ՝ գոյություն ունեցող պետական սահմանների, այսինքն՝ նախկին խորհրդային հանրապետությունների սահմանների շրջանակներում: Ավելի ուշ Մոսկվան վերանայեց իր վերաբերմունքը այն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ, որոնց քաղաքականությունը սպառնալիք էր դարձել էթնիկ փոքրամասնությունների (Աբխազիա և Հարավային Օսիա) ֆիզիկական գոյատևման համար: Արցախյան հարցի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է, սակայն պետք է հաշվի առնվի նաև տեղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը: Ռուսաստանը, ինչպես և հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, պաշտպանում էր «անվտանգության գոտին» (Արցախը շրջապատող յոթ շրջանները) Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու և Արցախին հատուկ վարչական կարգավիճակ տալու գաղափարը:
Արդարացի գտնվենք, և նշենք, որ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները բազմիցս են ենթարկվել փորձությունների: 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարեց, որ «ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործում են տարբեր տրամաչափի զենքեր, ականանետներ և հրետանի, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի վրա: Հիշեցնեմ, որ մենք համապատասխան հոդված ունենք մեր Կանոնադրության մեջ»: Ակնհայտ է, որ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը Ադրբեջանի հետ ունեին, և ունեն ավելի սերտ կապեր, քան Հայաստանի հետ: Տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված էր Հայաստանի հետ դաշինքը ՝ Ադրբեջանի հետ կառուցողական հարաբերությունների զարգացման հետ համատեղելու վրա։ Այս մոտեցումը Ռուսաստանին հնարավորություն տվեց խուսափել հակամարտության կողմ դառնալուց (ինչպես Թուրքիան), և ինչ որ ժամանակահատված պահպանել միջնորդի իր դրա կարգավորման գործում։ 2018 թվականից սկսած Փաշինյանի կառավարությունը սկսեց ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ/ՆԱՏՕ/ԵՄ-ի հետ, բայց ընդհանուր առմամբ շարունակեց պահպանել փոխշահավետ հարաբերությունները Ռուսաստանի հետ բազմավեկտոր քաղաքականության շրջանակներում:
Իրավիճակը փոխվեց Երկրորդ Արցախյան պատերազմում պարտությունից հետո (2020 թվականի սեպտեմբերի 27 - նոյեմբերի 10): Հայաստանի իշխանությունը փորձեց պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա, որը չկարողացավ բավարար աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որպես իր դաշնակցի։
Ավելին, լայնորեն շրջանառվում էին Մոսկվայի կողմից հայկական պետականությունը ոչնչացնելու, , այն իր մարզը դարձնելու ցանկության, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև գաղտնի դավադրության, և այլ նմանատիպ բաների մասին տեսություններ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ն. Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում, ընդգրկելով Արցախը։ Հայաստանի ղեկավարությունը սկսեց կրճատել հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ։
2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ հռչակագիրը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը՝ վկայակոչելով ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական գնահատականի բացակայությունը։ Քննարկվող միջադեպերը վերաբերում էին երկու երկրների միջև 2021 թվականի մայիսի 11-ին և նոյեմբերի 14-ին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմական գործողություններին, որոնք ՀԱՊԿ-ը որակեց, որպես «սահմանային միջադեպեր»: Այդ «միջադեպերի» արդյունքում Ադրբեջանը, ըստ Երևանի, օկուպացրել է Հայաստանի տարածքի մոտ 200 քառակուսի կիլոմետրը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի մյուս անդամները նպատակահարմար չհամարեցին միջամտել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Մոսկվան ենթադրեց, որ դա կարող է հանգեցնել ռազմական բախման Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը կհակասի Ռուսաստանի ազգային շահերին։
2023 թվականին Ն. Փաշինյանը հրաժարվեց հանրապետությունում անցկացնել նախկինում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները, հրաժարվեց Հայաստանի կողմից գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, և հետ կանչեց կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցչին։
2023 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանը առաջին անգամ չմասնակցեց ՀԱՊԿ ամենամյա գագաթնաժողովին, հետագայում Հայաստանի ղեկավարությունը սկսեց բոյկոտել կազմակերպության միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին։ Կազմակերպությանը վերամիանալու պայմանը 2022-2023 թվականների սահմանային հակամարտությունների ժամանակ Ադրբեջանի՝ որպես ագրեսորի գործողությունները միանշանակ դատապարտելու և ագրեսիայի զոհ Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարելու պահանջն էր։ Իրավիճակը երկար ժամանակ մնում է անորոշ: Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ «Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այդ կարգավիճակին ուղեկցող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»։ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը նույնպես շարունակում է Հայաստանը դիտարկել որպես կազմակերպության լիիրավ անդամ։ 2025 թվականի հունվարին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ի. Տասմագամբետովը հայտարարեց, որ «մենք ելնում ենք այն փաստից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ մնում են ուժի մեջ», և որ «Հայաստանը կարող է ցանկացած պահի վերադառնալ Կազմակերպության լիիրավ մասնակցությանը»։ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ իր ուղերձում Ն.Փաշինյանը հայտարարեց, որ «ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար»։