կարևոր
376 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-15 21:07
Հասարակություն

«Ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր արմատներից․ մենք միասին անելի՛ք ունենք»․Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ ՆԱՈւՄ-ի 35-ամյակի միջոցառմանը

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառում։

Մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցական ընկերներ, երիտասարդներ: Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, հնչեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարբեր սերունդների ներկայացուցիչներ։

Մասնավորապես ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի շնորհավորական ուղերձում նշեց․

«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անունից շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35 ամյակի առթիվ։ ՀՅԴ ՆԱՈւՄ-ն արդեն 35 տարեկան է, Հայաստանի նորանկախ հանրապետությունում 35 տարվա կենսագրություն ունեցող կազմակերպություններ, նույնիսկ քաղաքական կուսակցություններ քիչ կան, որ ունեն նման անցած ճանապարհ։ Ամենևին պատահական չէր, երբ ՀՅԴ-ն որոշում կայացրեց իր կազմակերպական կառույցը վերհաստատել մայր հայրենիքում։  Հենց առաջին օրերից ձեռնամուխ եղավ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հիմնադրմանը, որն անցնող 35 տարիների ընթացքում շատ կարևոր դերակատարություն է ունեցել մեր երկրի հասարակական և քաղաքական կյանքում, մշտապես ամեն ժամանակաշրջանի համար լինելով առաջնագծում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
 

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն մշտապես կարևորել է ուսանողական և երիտասարդական միությունների դերը, որոնք եղել են կարևոր դարբնոց՝ կուսակցության շարքերը կրթված, գաղափարապես պատրաստված երիտասարդներով համալրելու համար։
 

«Սիրելի ներկաներ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկիրը՝ Հայաստանը և հայությունը գտնվում են շատ ծանր ժամանակաշրջանում։ Արցախը հայաթափված է, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում, թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, իսկ Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս վարչախումբը շարունակում է կատարել թշնամու պահանջները և նրանց հետ ձեռք-ձեռքի բռնած պայքարում հայկական ինքնության դեմ։ Այս պայմաններում, այս իրավիճակում հայ երիտասարդը, հատկապես դաշնակցական երիտասարդը,  չի կարող հաշտ լինել այս իրավիճակում։ Հետևաբար, սիրելի երիտասարդներ, մենք միասին անելիք ունենք, դուք ոչ միայն մեր ապագան եք, այլ նաև՝ մեր ներկան, հետևաբար խնդրանքս, կոչս ու հորդորս ձեզ՝ ընդլայնե՛ք ձեր շարքերը, կառչե՛ք ձեր արմատներից, բայց՝ ավելի առաջադեմ, ավելի եռանդով, նոր ուժով ու թափով։  Այն ջահը, որ փոխանցվել է ձեզ, միասնաբար առաջնագծում մեր պայքարը շարունակելու ենք և հասնենք հաջողության։

Կեցցե՛ հայ երիտասարդը, կեցցե՛ Դաշնակցական ուսանող երիտասարդը և բարի երթ ձեր աշխատանքներին»,- նշեց Իշխան Սաղաթելյանը; 

 Միջոցառման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։