կարևոր
385 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-15 22:35
Հասարակություն

Շուշիի ազատագրումից մեկ ամիս անց ՀՅԴ ՆԱՈւՄ-ը Շուշիում ազգային վարժարան ստեղծեց, ֆանտաստիկ էր․ Արսեն Համբարձումյան

Այսօր` նոյեմբերի 15-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառում։

Մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի և ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կուսակցական ընկերներ, երիտասարդներ: Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, հնչեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերգը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության տարբեր սերունդների ներկայացուցիչներ։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը, ով եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետը, մեր հետ զրույցը նախ սկսեց շնորհավորական խոսքով․
 

«Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել բոլոր այն մեր ընկերներին, ովքեր երբևէ բախտ են ունեցել անդամակցելու Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը, իսկ անցնող 35 տարվա ընթացքում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր, երիտասարդներ են անցել «Աղբալյան» ուսանողական միության դպրոցով, բառիս բուն իմաստով դպրոցով, որտեղ ստացել են դաստիարակություն,կազմակերպվածություն, ընկերասիրություն և այն բոլոր անհրաժեշտ որակները, որոնք, կարծում եմ, հետագայում իրենց կյանքի ընթացքում շատ օգտակար են եղել։

Ինչ վերաբերվում է ուսանողական միության հիմնադրմանը, Դաշնակցության հիմնադիրները եղել են ուսանողներ, Քրիստափորը, Ռոստոմը, Զավարյանը, մեր հիմնադիր հայրերը իրենք եղել են ուսանող երիտասարդներ։ Դաշնակցության համար միշտ ուսանողական- երիտասարդական կազմակերպություններն ունեցել են առանձնահատուկ դեր, հակառակ մեր կանոնադրության գրված ու չգրված բոլոր օրենքներին, և Դաշնակցության հիմնադրումից ընդամենը տարիներ հետո արդեն տարբեր կազմակերպական շրջաններում ձևավորվել են ուսանողական միություններ և, ըստ էության, ուսանողական միությունները Հայաստանի Հանրապետության կազմակերպական կառույցի անբաժանելի մասնիկն են եղել միշտ։  Մասնավորապես, օրինակ, Լիբանանի «Զավարյան» ուսանողական միության հիմնադրումից անցել է ավելի քան 100 տարի, ես չգիտեմ աշխարհում կա՞ մեկ այլ ուսանողական կազմակերպություն, որ այդքան երկար կյանք է ունեցել։  Ուսանողական կազմակերպություններ Դաշնակցությունը միշտ է ունեցել թե՛ ամերիկյան մայրցամաքում, թե՛ Եվրոպայում, թե՛ Թուրքիայի տարածքում, և 90 թվականին Հայաստանի անկախության ձեռբերումից հետո, երբ որ Դաշնակցությունը վերընձյուղվում էր հայրենիքում, բնականաբար, առաջին քայլերից մեկը եղավ նաև ուսանողական միության ստեղծման նախաձեռնությունը, և Բյուրոյի որոշմամբ է ստեղծվել ժամանակին « Նիկոլ Աղբալյան»  ուսանողական միությունը, որի հիմնադիր հանձնաժողովին մասնակցել է այն ժամանակվա Բյուրոյի գործիչ երջանկահիշատակ Խաժակ Տեր-Գրիգորյանը։

Բնականաբար այդ ժամանակ Հայաստանում Դաշնակցության անդամակցած ուսանողների թիվը բավականին փոքրաթիվ էր։ Հիմնականում այստեղ ուսանող սփյուռքահայ մեր ընկերների մասնակցությամբ ձևավորվեց ուսանողական միությունը, բայց շատ արագ, ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում, ուսանողական միության թիվն էապես ավելացավ և ուսանողական միությունը հենց 91 թվականից ի վեր շատ լուրջ, էական մասնակցություն է ունեցել թե՛ Արցախյան ազատամարտում, թե՛ հանրապետության հասարակական- քաղաքական կյանքում, և ամենատարբեր ասպարեզներում մշտապես եղել է առաջին գծի վրա․․․  Մենք այսօր առիթ ունենք միմյանց շնորհավորելու, մաղթելու, որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը այսուհետ ևս կարողանա իր առաքելությանը համապատասխան գործունեություն ծավալի։

Այստեղ գալուց մտածում էի, որ երբեք մտքովս չէր անցնի 30-35 տարի անց ներկա կգտնվեմ  «Աղբալյան» ուսանողական միության հիմնադրման հոբելյանին և հետահայացքով կփորձեմ արժևորել անցած ճանապարհը՝ թե ուսանողական միությունն ինչ է տվել ինձ»,-ասաց Արսեն Համբարձումյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Միջոցառման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։