Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Հրապարակ»-ը գրում է․
«Պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի շուրջ աղմուկը չի դադարում։ Պարզվում է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, չի ուզում լսել գիտական համայնքի տեսակետն առ այն, որ դասագրքում միտումնավոր խեղաթյուրվել է հայոց պատմությունը։
Հայոց պատմության վաղ շրջանի մասնագետները փաստում են, որ պատմության շարադրանքում խզված է Ուրարտական թագավորության կապը հայոց պատմության հետ։ Դասագրքում տեղ գտած սխալների եւ ակնհայտ վրիպակների մասին խոսել են ոլորտի շատ մասնագետներ, ուսուցիչներ, պատմաբաններ։
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, օրինակ, հայտարարել է, որ գրքի հետեւում կանգնած «Մասնակցային դպրոց» հիմնադրամի ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանի հետ մասնավոր զրույց է ունեցել, որի ժամանակ վերջինս կասկածի տակ է դրել Էրեբունի-Երեւանի կապը։ «Նա կարծես ինձ հասկացնում էր, որ մենք Ուրարտուի հետ ուղիղ կապ չունենք: Եվ երբ ես ասացի՝ դա մեր ինքնության մասն է, պատասխանեց՝ եկեք թողնենք «ինքնություն, ժառանգություն» հասկացությունները: Նա նաեւ Էրեբունի-Երեւանի կապն էր կասկածի տակ դնում ու նշում էր, որ Էրեբունին կապ չունի այսօրվա Երեւանի հետ, դա Սովետի ժամանակվա միֆ է… Իսկ երբ ես ասացի՝ իսկ կարո՞ղ է դու թուրքերի հետ ուղիղ կապ ունես, ինձ ասաց՝ թուրքերի՝ չէ, բայց մենք, հավանաբար, մոնղոլների հետ կապ ունենք: Ես ասացի՝ ինքը գուցե ունի, բայց ես հաստատ մոնղոլների հետ կապ չունեմ… Նման գաղափարներով առաջնորդվող մարդն է այս դասագրքի պատվիրատուն»,- ասել է Բադալյանը։
ԵՊՀ հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ, պատմության վաղ շրջանի մասնագետ, հնագետ-պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը կարծում է, որ այս դասագիրքն «աղբ է»։ Հայոց պատմության վաղ շրջանի մեկ այլ հայտնի մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը, ով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարն է, մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն է իր կոլեգաների` Բադալյանի եւ Ավետիսյանի հետ․ «Գտնում եմ, որ շատ ճիշտ դիտարկում են արել, եւ դրանք պետք է տեղ գտնեն դասագրքում»։ Դասագիրքը գրել է մեկ անձ՝ Սմբատ Հովհաննիսյանը, խմբագրել` նրա կինը, ինչը, ըստ ոլորտի մասնագետների, աննախադեպ է։ Այս առնչությամբ Փիլիպոսյանը նշեց․ «Դասագիրքը վեպ չէ, որ մի մարդ գրի։ Դասագրքի վրա պետք է աշխատի լուրջ խմբագրական հանձնախումբ»։
Հիշեցնենք, որ երբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բարձրաձայնեց Սմբատ Հովհաննիսյանի պատմության դասագրքում առկա պատմական փաստերի խեղաթյուրման մասին՝ նշելով, որ հեղինակն իր դիտարկումները ներկայացրել է որպես պատմական իրողություններ, ի պատասխան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կոչ արեց՝ համակերպվել դասագրքի գոյության հետ, աղմուկին ուշադրություն չդարձնել, իսկ ավելի վաղ ասել էր, որ ուսուցիչները չեն որոշելու, թե ինչ դասագրքով դասավանդեն։
Փաստորեն, Ժաննա Անդրեասյանը չի ուզում ընդունել մասնագիտական հանրույթի կարծիքը՝ այն թիրախավորված եւ նպատակաուղղված արշավ համարելով։ Իսկ գուցե այս «հաստատակամությունն» ա՞յլ հիմք ունի, օրինակ, ավելի կարեւոր «պատվիրատուներ», քան հայ դասախոսներն ու ուսուցիչներն են»:
Կարդացեք նաև՝
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը ազգային աղետ է, վտանգ ու սպառնալիք․ Անժելա Հարությունյան
Սկանդալային դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է. մարդը գրել է, կինը՝ խմբագրել
Հայոց պատմության դասագրքի խնդիրը չունի մասնագիտական լուծում, այն բացառապես քաղաքական է. դիտարկում
Աղմկահարույց դասագրքի հերթական անճշտությունը. ոչ թե Ք.ա. 26-25-րդ, այլ 16-15-րդ դարեր
Աղմկահարույց դասագիրք. ի՞նչ դիրքորոշում ունեն հայտնի հաստատությունները