կարևոր
7759 դիտում, 11 ամիս առաջ - 2023-10-23 18:04
Քաղաքական

15 աշխարհներն առանց Վասպուրականի. «բարդակ»՝ 7-րդ դասարանի դասագրքում

15 աշխարհներն առանց Վասպուրականի. «բարդակ»՝ 7-րդ դասարանի դասագրքում

7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքում Հայկական լեռնաշխարհի դիրքն ու 15 աշխարհները (նահանգները) ներկայացնող քարտեզը ներկայացված է 14 աշխարհով  (նահանգ): Հետևելով հեղինակի խորագրին և նայելով քարտեզին՝ աշակերտը կարող է միանգամից նկատել, որ աշխարհների շարքում բացակայում է Վասպուրականը: Իհարկե, դասագրքի հեղինակն ու դասագիրքը ստեղծող «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի նախագծի ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, ով 2016-2018 թթ. հանդիսացել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ժղովորդին հայտնի է իբրև Սորոսի հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի անդամ, կարող են այս դեպքում էլ նշել, թե սա ևս վրիպակ է, կուղղվի և այլն: Նախ նշենք, որ դասագիրքը անդրավարտիք կամ վերնաշապիկ չէ, որ լավ չնստեց՝ կարելի է վերաձևել, կտրել կամ երկարացնել: Այն աշակերտին հրամցվող կարևորագույն շտեմարան է, որը պետք է զերծ լինի այս և նման բազմաթիվ այլ «վրիպակներից»: Սա խոսում է այն մասին, որ դասագիրքը ոչ միայն լի է բովանդակային լրջագույն շեղումներով, անճշտություններով ու կեղծարարություններով, այլև դասագիրքը ստեղծողները խնդրի հանդեպ ցուցաբերել են ծայրաստիճան անլուրջ վերաբերմունք և չեն շտկել անգամ պարզ և առաջին իսկ պահից աչքի զարնող բացթողումները:

 Մի կարևոր հանգամանք ևս. «Ինչպես աշխատել այս դասագրքով» բաժնում նշված է, որ, եթե որևէ գլխում չկա քարտեզ, ինքներդ պետք է գտնեք համացանցից և քննարկեք դասարանում (էջ 6):

Արդի դարաշրջանում, երբ համացանցում զետեղված են հազար ու մի կեղծ քարտեզներ, շատերը՝ հատուկ նպատակներով ստեղծված, հետաքրիր է, այդ ի՞նչ երաշխիքներով են դասագիրքն ստեղծողները ուսուցման գործընթացը ենթարկում ինքնահոսի և պատմությանը նոր-նոր ծանոթացող աշակերտին մղում համացանցի խարդավանքներով լի միջավայր: Ենթադրենք՝ աշակերտը լսեց այդ հորդորն ու մտավ համացանց, գտավ մի քարտեզ, որտեղ, օրինակ, Երևանը հանդիսանում է «Արևմտյան Ադրբեջանի խոշոր քաղաք»,  Սևանը՝  «Ադրբեջանական հինավուրց բնակավայր Բասարգեչարի ափին գտնվող Գյոքչայ լիճ», իսկ Կոնդը՝ «ադրբեջանական հնագույն մշակույթի շերտերից մեկը»: Աշակերտը դա գտավ, տանը նստեց, սովորեց, այն ուղարկեց իրեն մտերիմ համադասարանցիներից մի քանիսին, բոլորով գցեցին ընդհանուր խմբերում ու հաջորդ օրը կազմ ու պատրաստ մտան դասարան: Հիմա ինչ, ուսուցիչը պիտի նստի ու լսի՝ «ազատ ու ինքնուրույն մտածող» աշակերտներն ինչպես են «կարողունակությունները ձևավորե՞լ»:

Փաստենք, որ նշված դասագրքում տեղ գտած աղաղակող վրիպակների, անճշտությունների ու կեղծարարությունների մասին իրենց ծանրակշիռ դիտարկումներն են արդեն արել Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան - հնագետ Միքայել Բադալյանը (տե՛ս Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի սխալ տեղեկությունները. մասնագիտական դիտարկում, Մասնագիտական ահազանգ. հարեմների փոխարեն 7֊րդ դասարանի դասագիրքը կարելի էր լցնել շատ ավելի օգտակար տեղեկություններով), պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը (տե՛ս Դիտարկումներ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի վերաբերյալ): Խնդրին անդրադարձել է Yerkir.am-ը երեք առանձին հրապարակումներով (առաջին հրապարակումը՝ այստեղ, երկրորդը՝ այստեղ, երրորդը՝ այստեղ): Սոցիալական հարթակներում օգտատերերն ստեղծել են տարբեր խմբեր, ուսուցիչները  նախաձեռնել են ֆլեշմոբեր՝ կոչ անելով մերժել դասագիրքն ու հանել այն դպրոցական ծրագրերից:

 

Վահե Սարգսյան