Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը առանձին հրապարակումների շարքով անդրադառնում է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած բացթողումներին, սկզբունքային նշանակություն ունեցող բովանդակային սխալներին և կեղծարարություններին:
Հիշեցնենք, որ դասագրքի հեղինակն է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը:
Ստորև ներկայացնում ենք շարքի երկրորդ հրապարակումը:
***
Մաս 2
Առաջին մասն՝ այստեղ
***
Դասագրքում առկա «հայտնագործությունն» այն է, որ ասորեստանցիները հիշատակել են «Արարատ» անունով Վանի թագավորությունը, որը, ըստ մեզ, դարձյալ դիտավորություն է, քանզի «Արարատ» կամ «Արարատյան թագավորություն» տերմիններն Աստվածաշնչյան են (էջ 34)։
Ճանաչողական նյութերը չեն համապատասխանում տեքստերին (էջ 36-ում շարադրված է Իշպուինիի գործունեությունը, որի մասին ճանաչողական նյութը տեղադրված է էջ 40-ում )։
Ձեռնարկում կատարվել է ժամանակագրական կարգի խախտում․ էջ 42-ում տեղադրված է Սարդուրի 1-ինի մասին ճանաչողական նյութ, որի հետ նույն էջի տեքստն արդեն վերաբերում է Ռուսա 1-ին։
Դասագրքում որևէ հիշատակություն չկա Էրեբունիի՝ որպես ապագա մայրաքաղաք Երևանի հիմնադրման մասին: Այնինչ, լրացուցիչ նյութ կարելի էր տեղադրել Երևանի պատմության թանգարանի համապատասխան սեպագիր արձանագրությունը։
Երվանդական Հայաստանը ներկայացնելուց որևէ զուգահեռ չկա Բեհիսթունի արձանագրության հետ։ «Արմինա» տերմինը (իմա՝ Հայաստան) հին պարսկերենից է, այն բաբելերենում «Ուրարտու» ձևով է հիշատակվում, և որի հիշատակման բացակայությունը ևս դիտավորություն է։ Հավելենք, որ Քիրմանշահ քաղաքի մոտ գտնվող Յունեսկոյի մշակութային ժառանգության այս հուշարձանը ժայռափորագիր և առայժմ առկա հնագույն հիշատակությունն է աքեմենյան պարսից Դարեհ 1-ին արքայի կողմից թողած (Ք․ա․ 6-րդ դար):
Աղավաղմամբ է ներկայացված Բեհիսթունի արձանագրությունը։ Հետաքրքիր է, որ լինելով համաշխարհային պատմության մասնագետ, դասագրքի հեղինակ Ս․ Հովհաննիսյանը չի հիշատակում Աքեմենյան Պարսկաստանի 20 սատրապությունների բաժանումը, որոնցից 13-րդ և 18-րդ սատրապություների մեջ Հայաստանի բաժանված լինելը հիշատակում է հույն պատմահայր Հերոդոտոսը։
Առանց հստակեցնելու հիշատակվում է Գավգամելա վայրը՝ Բաբելոնից ոչ հեռու (էջ 59), այնինչ տարբեր գիտնականներ այն տեղադրում են Իրաքյան Քուրդիստանի Էրբիլի մոտակայքում, որը Բաբելոնից բավական հեռու է, և չնայած դրան, տեղորոշումը վերջնական չէ (Արիանոս, Պլուտարքոս)։
Արտաշատ մայրաքաղաքի կառուցումը ներկայացնելիս նշվում է «հույն պատմիչների վկայությամբ քաղաքի տեղանքն ընտրել էր կարթագենացի զորավար Հաննիբալը» (էջ 74), այնինչ այդ հիշատակությունը մեկ պատմիչի մոտ է՝ Պլուտարքոսի։
Դասագրքում ներկայացված են բազմաթիվ օտար պատմիչներ, գիտնականներ և հայտնի դեմքեր իրենց նկարներով և կենսագրական տվյալներով, սակայն գրեթե չկա կենսագրական նյութ ազգային պատմիչների և գիտնականների մասին, նույնիսկ պատմահայր Մովսես Խորենացու։ Այնինչ, շատերը կարող են վերհիշել, թե ինչպես են նախկինում անգիր սովորել Պատմահոր՝ դասագրքերում ներկայացված լուսանկարի տակ զետեղված նրա փոքրիկ կենսագրականը: Տասնյակ օտար պատմիչների և դեմքերի լուսանկարների կողքին դասագրքում ներկայացված են ընդամենը երկու-երեք հայ պատմիչների լուսանկարներ առանց կենսագրական բնութագրումների։ Տպավորություն է, թե թերթում ենք ոչ թե հայոց, այլ համաշխարհային պատմության դասագիրքը։
Տիգրան Մեծի թեմայում ներկայացված քարտեզը (էջ 80), իբր, ժամանակակից սահմաններում է պատկերում Տիգրանի նվաճումները, սակայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղ (Արցախ) ձևակերպմամբ, այն էլ Ադրբեջանի կազմում (կրկին նշված չէ քարտեզի հեղինակը)։
Քրիստոնեության ընդունումը թերի է ներկայացված, իսկ կրոնի և եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի կենսագործունեության ապահովման և պահպանման տեսանկյունից որևէ ձևով արժևորված չէ (էջ 111)։
Նկատելի են հայերենի հետ կապված լեզվաոճական և շարադասական սխալներ, օրինակ, էջ 112-ում նախադասությունը սկսվում է «իսկ» բառով (6-րդ տող), բացի այդ առկա է այսպիսի ձևակերպում․ «խոշորագույն կալվածատերերից մեկը»: Պարզ է, որ «խոշորագույն» բառը գերադրական աստիճան է, որը չի ենթադրում «կալվածատերերից մեկը» ձևակերպումը (էջ 112, վերջին պարբերություն)։
Առկա է այսպիսի ձևակերպում, որն ընդհանրապես տեղին չէ. «Հայաստանը չհրաժարվելով իր հեթանոսական անցյալից՝ հակադրվեց և առանձնացավ թե՛ Արևմուտքից (Հռոմ), թե՛ Արևելքից (Իրան)» (էջ 113)։
Տեքստերի շարադրանքից պարզ է, որ հեղինակը խորությամբ չի պատկերացնում Տրդատ 3-րդի քաղաքակրթական շրջադարձը դեպի արևմտա-քրիստոնեական միջավայր, քանզի առկա էր Կոստանդիանոս Մեծի և Տրդատ 3-րդի ռազմաքաղաքական և քաղաքակրթական դաշինքը։ Դիոկղետիանոս կայսեր՝ քրիստոնյաներին հալածելուց հետո հենց Կոստանդիանոսն էր, ով ընդունեց քրիստոնեությունը, և ով սրբացվել է ոչ միայն կաթոլիկ, այլև հայ առաքելական եկեղեցու կողմից։
Պետք է նկատել, որ Դիոկղետիանոսի աջակցության տարիներին Տրդատ 3-րդը ևս հալածել է քրիստոնյաներին, իսկ երբ Կոստանդիանոսը փոխել է քրիստոնեության նկատմամբ վերաբերմունքը, նույնն արտացոլվել է նաև Տրդատ 3-րդի քաղաքականության վրա, իսկ Հայաստանն ու Հռոմը ոչ թե հակադիր էին, այլ դաշնակից։
Նկատվում է, որ ընդհանրապես նպատակ կա երեխայի մեջ ձևավորելու միայնակ-պայքարողի հոգեբանություն, մինչդեռ նույնքան կարևոր է նաև դաստիարակել դաշնակից լինելու և դաշնակից ունենալու մտածողությունը։
Հեթանոսական և հելլենիստական Հայաստանի մշակույթը ներկայացնելիս Հայաստանի միակ պահպանված հպարտություն-կառույցի՝ Գառնու տաճարի հիմնադրման մասին խոսելիս ո՛չ թիվն է հիշատակված, ո՛չ հիմնադրող արքան (Տրդատ 1ինը), խոսք չկա հարակից ամրոցի մասին Nէջ 126)։
Դրա փոխարեն տարբեր թեմաներում տարբեր տեղեկություններ են լցված՝ ծանրաբեռնելով բուն տեքստն ու ասելիքը։ Օրինակ, նկատենք, որ չի տրվում բացատրություն լրիվ նոր հասկացություններին, «Անդրեփրատյան համադաշնություն»-ն ինչ է իրենից ներկայացնում (էջ 103)։
Շարունակելի