կարևոր
24166 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-05 09:45
Քաղաքական Հասարակություն

Փորձ եք արել` այս կոնկրետ դեպքում ձախողել եք. գիտնականի դիտարկումը դասագրքի մասին

Փորձ եք արել` այս կոնկրետ դեպքում ձախողել եք. գիտնականի դիտարկումը դասագրքի մասին

«Մի այլ մտահոգություն 7-րդ դասարանի պատմության դասագրքի շուրջ ծավալված բանավեճի կապակցությամբ», - գրում է ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և մանրամասնում․

«Երբ իմ բարեկամ Միքայել Բադալյանն իր մասնագիտական անհանգստությունն արտահայտեց գրքի վերաբերյալ, ես դա համարեցի բնականոն ակադեմիական արձագանք և միանշանակ ողջունեցի նրա՝ գիտնականին վայել բարեկիրթ վերաբերմունքը դեպի դասագրքի հեղինակը և նյութի անաչառ նրա քննությունը:

Ահա իմ արձագանքը:

Լիովին կիսում եմ Միքայելի անհանգստությունը, մասնագիտական առումով՝ լիովին վստահում նրա բերած փաստարկներին:

Բայց հատուկ ուզում եմ շեշտել ակադեմիական այն բարեվարքությունը, որ դրսևորում է Միքայելը: Կեցցեք, բարեկամս: Ես էլ Միքայելի պես չեմ հավատում և միանշանակ մերժում եմ բոլոր այն մոտեցումները, որ Սմբատին մեղադրում կամ կասկածում են միտումնավորության մեջ:

Կարծում եմ հիմնական խնդիրը ծրագիրը նախաձեռնողների և իրականացնողների ոչ լուրջ, հապշտապ մոտեցման մեջ է: Կարծում եմ, որ դպրոցական դասագրքերի կազմման համար պիտի պարտադիր լիներ մանկավարժական և մասնագիտական լայն խմբերի կազմումը, նրանց առաջարկած հայեցակարգերի քննարկումը: Թող գործընթացը տևեր մի քանի տարի, բայց արդյունքում կունենայինք հայաստանյան գիտա-մանկավարժական ներուժն արտացոլող դասագրքեր:

Ես նույն բովանդակության խոսք գրեցի նաև իմ բարեկամ Սմբատ Հովհաննիսյանին (ցավոք ՖԲ-ում չկարողացա գտնել այս հատվածը), ուր նրան հորդորեցի ընդունել թերությունները և համագործակցել՝ հանուն ավելի լավ դասագրքի, հատուկ նաև շեշտելով, որ թերությունները պիտի ընդունել և որ ոչ ոք անթերի չէ:

Ես միջնադարյան հայ մշակույթի մասնագետ եմ և ինքս էլ մի շարք թերություններ ու բացթողումներ եմ տեսնում: Բայց տարված իմ գործերով և ակնկալելով , որ հանգուցալուծումը կբերի նոր ծրագրի նախաձեռնման, ես խոստացա այլևս չանդրադառնալ այս թեմային՝ հուսալով, որ այն կգտնի իր բարեկիրթ լուծումը:

Ցավոք, ինչքան հասկանում եմ, այդպես չեղավ: Եվ այդպես չեղավ համապատասխան պետա-վարչական մարմինների անհասկանալի քամահրական ու մեծամտական դիրքորոշման պատճառով, ինչը հայտնի չափով փոխեց և Սմբատ Հովհաննիսյանի պահվածքը՝ այն դարձնելով ավելի սուբյեկտիվ ու «անկոտրում», ինչի համար անկեղծ ցավ եմ ապրում:

Հիմա լուրեր են հասնում, որ փորձում են նաև վարչական ռեսուրս կիրառել ու սաստել դասագրքի վերաբերյալ քննադատական մոտեցումները: Ինչու՞: Որ ասեք, որ դուք իշխող եք՝ մենք ենթակա՞, որ դուք ավելի իմաստուն եք՝ քանի որ իշխանություն ե՞ք: Փորձ եք արել՝ այս կոնկրետ դեպքում ձախողել եք: Խելոք իշխանությունը դասեր է քաղում, այլ ոչ թե շարունակում է ձախողած դասն ուսուցանել:

Հարգանքներս և աջակցությունս բոլոր նրանց, ովքեր կարևոր են համարում գործը, մասնագիտական գիտելիքն ու բարեվարքությունը, այլ ոչ թե դիրքն ու պաշտոնը:

Եվ դիմում եմ անձամբ ԿԳՄՍ տիկին նախարարին (ում բանիմացությամբ ու լսելու ունակությամբ հիացել եմ, երբ այցելել էր Դվինի մեր հնավայր)՝ լսել ասպարեզի մասնագետներին և ստեղծել նոր դասագրքի համար նոր բազմապրոֆիլ հանձնաժողով»:

 

Կարդացեք նաև՝