կարևոր
5149 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-26 21:47
Հասարակություն

«Հայրենիք», «ազգ» հասկացությունները պիտակվում են որպես պաթոս կամ «հուռայություն», Նժդեհն էլ՝ ֆաշիստ. Լիլիթ Գալստյան

«Հայրենիք», «ազգ» հասկացությունները պիտակվում են որպես պաթոս կամ «հուռայություն», Նժդեհն էլ՝ ֆաշիստ. Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Aravot.amհետ հարցազրույցում անդրադառնում է պատմության աղմուկ հանած դասագրքին եւ ԿԳՄՍ նախարարի պնդումներին

-Ձեր կարծիքով չիմացությա՞ն պատճառով է, թե՞ միտումնավոր է արված, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի պատմության դասագրքում բացակայում են «հայրենիք», «ազգ» հասկացությունները, տեղ են գտել սխալ տեղանուններ, մակերեսային են ներկայացված պատմիչները, արժեւորված չէ հայ եկեղեցու պատմական դերակատարությունը» եւ այլն:

-Առհասարակ ԿԳՄՍ նախարարության ոճը երկու մասի կբաժանեի՝ արժեքաբանական և վարքագծային։ Ըստ էության, այս շատ կարևոր նախարարությունը, որը հսկայական՝ հոգևոր անվտանգության ոլորտի քաղաքականությունն է մշակում եւ իրագործում, լծվել է Նիկոլի «խաղաղության» օրակարգին կամ իրենց պատկերացրած Հայաստանի չորրորդ հանրապետության կերտմանը։ Այդ հանձնառությունը ծառայում է ոչ հայկական շահերին՝ մերժելով անցյալը, ուրանալով Արցախը, Ցեղասպանության փաստը, ինքնութենական արժեքներ։ Նրանց համար ազգային արժանապատվությունը և հայրենասիրությունը, «հայրենիք», «ազգ» հասկացությունները պիտակվում են որպես պաթոս կամ «հուռայություն», Նժդեհն էլ՝ ֆաշիստ։ Սա շատ ակնհայտ է, այս դիրքերից էր իմ հարցին պատասխանում և իրողության հետ հաշտվելու մասին հայտարարում նախարար Անդրեասյանը։

Ցավոք, նախարարության գործելաոճի անբաժան մասն են կազմում նաև պոպուլիզմը, քաղաքական-կուսակցական պատվերների հնազանդ կատարումը, համակարգի կուսակցականացումը, չհիմնավորված, անհայեցակարգ ծրագրերի հրապարակայնացումը, ինչը անկարողության կամ ոչ պրոֆեսիոնալության մասին են խոսում։

Ի դեպ, երբ այդ մասին ժամանակին բարձրաձայնում ես՝ սվիններով են դիմավորում կամ տանում մանիպուլյացիաների դաշտ, բայց փաստերն այնքան խոսուն են։ Ճիշտ էի, երբ ժամանակին խոսում էի Ակադեմիական քաղաքի ֆալշ ստարտի մասին, Բրյուսով-ֆիզկուլտ-մանկավարժականի միավորման չհիմնավորվածության մասին, ուսուցիչների ատեստավորման ներդրված համակարգի խոցելիության մասին, Բրյուսովի զավթում օպերացիայի մասին, դասախոսների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարների մասին, հանրակրթության վարչական կառավարման նոր ներդրված և չաշխատող համակարգի մասին։ Հիշեք ուսուցիչների բողոքի ցույցերը կառավարության շենքի առջև։

Հիշեք ՔՊ խոստումներն ու բուհերի կառավարման խորհրդի նախագահների կուսակցականացման խայտառակ պատկերը։ «Բարեփոխելու» հանձնառության/կասեի նշաձող իջեցնելու և թուրքերին հաճոյանալու/, առատորեն շռայլվող կլիշե բառապաշարով ու անհիմն ծրագրերով կրթական համակարգը ցնցումների են տանում։

-Դուք համամի՞տ եք Ժաննա Անդրեասյանի հնչեցրած այն դիտարկման հետ, որ թիրախավորված արշավ կա ընդդեմ հանրակրթության բովանդակային փոփոխությունների։

-Իհարկե՝ ոչ։ Չեմ բացառում, որ կլինեն նաև որոշ անձնական նկատառումներ։ Բայց գիտական մեղանչումների, պատմական իրողությունների խեղաթյուրման, հեղինակի կողմից սեփական չհիմնավորվող տեսակետներն իբրև գիտական փաստ ներկայացնելու ակադեմիական և մանկավարժական հանրույթի բարձրաձայնումներն այնքան շատ են, որ մերկապարանոց է դրանք անձնական տիրույթում տեղավորելը։ Շեղումները, անհամապատասխանությունները կամ մեղանչումները տասնյակներ են, որոնք չեն համապատասխանում թե գիտականությանը, թե հաստատված չափորոշչին։

Հեղինակին չեմ ճանաչում։ Գուցե հրաշալի դասախոս է, մասնագետ, բայց դասագիրք պատրաստելը առանձնահատուկ պատասխանատվություն է պահանջում։ Մի հարց էլ՝ արդյոք կոռե՞կտ է, երբ պետության պատվերով հրատարակվող մեկ հեղինակ ունեցող դասագրքի խմբագիրը նույն անձի կինն է։

Ի դեպ, կրկնակի փորձագիտությունը պարզել է, որ դասագրքում շեղումներն ավելին են, քան տրվել է առաջին փորձագիտության ժամանակ։ Սա էլ է խոսում գործընթացի վատ, անպատասխանատու կազմակերպման մասին։ Ի դեպ, մեր միջոցներով այն արդեն տպագրվել է 40 000 տպաքանակով և մտել դպրոց։

-Չնայած դասագրքի վերաբերյալ եղած մասնագիտական կարծիքներին, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ պետք է համակերպվել, եւ ծնողները չպետք է որոշեն դասագրքի բովանդակությունը: Ըստ Ձեզ, որն է այս մոտեցման տրամաբանությունը, եւ ինչո՞ւ է արշավ սկսվել դասագրքի վերաբերյալ՝ դասագրքի հեղինակի ու ԿԳՄՍ նախարարության կարծիքից տարբեր կարծիքներ հայտնողների դեմ:

– Համակերպվելու հորդորն ուղղակի դիմակազերծում է իշխանության նպատակադրումը։ Դա հստակ ուղերձ է, որ սա քաղաքական պատվեր է։ Նախ «ծնողներ» կողմին շահարկելը մանիպուլյացիա է, որովհետև բառացի ասել եմ՝ գիտական հանրույթ, մանկավարժներ, «ինչու ոչ՝ նաև ծնողները»։ Իսկ ծնողի կարծիքը լսելու պարտականություն, այնուամենայնիվ, նախարարությունը ունի։ Հանրային կարծիքը պարտադիր է, գործ ունենք քաղաքացու արժեքային համակարգը ձևավորման հետ։ Իսկ նախարարությունն էլ դատարան չի, որ անդրդվելի վճիռներ կայացնի։ Ի դեպ, Հայոց եկեղեցու պատմությունը հանրակրթական ծրագրերից հանվելը հենց ծնողների բողոքով մեկնաբանվեց։

Ոչ մի «արշավ» էլ չկա․ կա մեր պատմությունը չաղավաղելու, մեր ինքնությունը չնսեմացնելու, մեր ժառանգությունն ու անցյալը գիտականորեն օբյեկտիվ արժևորելու եւ արժանապատիվ քաղաքացի ձևավորելու պահանջ։  

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Աղբյուրը՝  Aravot.am