Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ամեն ինչ արվում է՝ ցույց տալու, որ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ գնահատականներն ունեն քաղաքական բնույթ: Դա այդպես չէ: Իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնք դասագրքի վերաբերյալ տրված մեկնաբանությունները կարող են օգտագործել քաղաքական նպատակներով: Դա շատ նորմալ է: Եթե մենք 7 տարի առաջ այս իրողությունն ունենայինք, դա կանեին այն ժամանակվա ընդդիմադիր ուժերը: Բայց այս ամենը պետք է զանազանել առողջ գիտական քննարկումներից»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պ.գ.թ., ուրարտագետ Միքայել Բադալյանը:
Վերջինս նկատեց՝ շատ ցավալի է, որ մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը (ՀԸ) թեմայի վերաբերյալ դրսևորում է միակողմանի մոտեցում. «Հայոց պատմություն 7» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը 3 անգամ կանչվում է Հանրային հեռուստաընկերություն, և կարծես թե նպատակն այն է, որ նրան տանում են այնտեղ՝ այս դասագիրքն արդարացնելու համար, իսկ դասագրքին դեմ հանդես եկող որևէ գիտնականի չեն հրավիրում:
«Ես ինքս շատ զարմացա, երբ տեսա՝ դասագրքի հեղինակը մեկ հոգի է, որովհետև խնդիրը վերաբերում է տարբեր ժամանակաշրջանների՝ սկսած նախապատմական ժամանակներից՝ մինչև Բագրատունիների հարստության անկումը: Սա ահռելի ժամանակաշրջան է, որը պահանջում է մասնագիտական խորը գիտելիքներ: Ինձ համար շատ տարօրինակ է, որ այս աշխատանքը վստահվել է մեկ հոգու: Տարօրինակ է նաև այն, որ դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է: Երբ Սմբատ Հովհաննիսյանը Հանրայինի եթերում զավեշտ է անվանում, օրինակ, այն, որ ես մատնանշում եմ, որ քարտեզների մեջ տեղանունների տեղադրումը թեական է, ինձ համար, օրինակ, զավեշտ է, որ այս դասագրքի խմբագիրն իր կինն է, ու այստեղ կան որոշակի ռիսկեր»,- ասաց Միքայել Բադալյանը:
Հարցին՝ արդյո՞ք դասագրքի հեղինակը կամ պատվիրատուն դիմել են իրեն՝ որպես ուրարտագետի, մասնակցություն ունենալու դասագրքի՝ Ուրարտուի բաժնի կազմման աշխատանքներին, Միքայել Բադալյանը պատասխանեց՝ ոչ թե իրենք են դիմել մեզ, այլ մենք ենք դիմել իրենց:
«Գարնանը դասագրքի պատվիրատուն՝ «Մասնակցային դպրոցի» տնօրեն Վահրամ Սողոմոնյանը, դիմել էր ինձ՝ ուրարտական ժամանակաշրջանի լուսանկարներ իրենց տրամադրելու հարցով: Ես Վահրամ Սողոմոնյանին հայտնել էի մեր աջակցությունը, ասել, որ պատրաստ ենք անշահախնդիր աջակցել դասագրքի ուրարտական հատվածի վերաբերյալ խորհուրդներով, առաջարկներով: Մեր այդ առաջարկը մերժվեց: Մեզ ասացին՝ ժամանակ չկա, հեղինակն էլ Սմբատ Հովհաննիսյանն է: Այնուամենայնիվ, մենք բավական թվով լուսանկարներ տրամադրել ենք, մի բան, ինչը իրենք պիտի անեին»,- ասաց ուրարտագետը:
Միքայել Բադալյանի խոսքով՝ նախկին դասագրքերում ևս կան բացթողումներ, և այնտեղ էլ կարող են լինել խնդիրներ, որոնց հետ այս կամ այն մասնագետը կարող է համաձայն չլինել:
«Սակայն ես նախկին այդ դասագրքերում չեմ տեսել միտում, ինչը տեսնում եմ ա՛յս դասագրքերում: Շատ լավ կլիներ, որ երբ Սմբատ Հովհաննիսյանը խոսում է, նրա դիմաց այլ կարծիք ունեցող գիտնականներ էլ լինեին: Թե չէ ստացվում է՝ մեկ անձի մենախոսություն»,- ասաց գիտնականը:
Միքայել Բադալյանը նշեց նաև, որ դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն այս գործընթացի մի մասն է, բայց դասագիրքն ունի պատվիրատու՝ «Մասնակցային դպրոցը» ու նրա տնօրեն Վահրամ Սողոմոնյանը:
«Նախ պետք է հասկանալ՝ ովքե՞ր են կանգնած այդ «Մասնակցային դպրոցի» հետևում, ո՞վ է նրա ղեկավար Վահրամ Սողոմոնյանը, որտե՞ղ է աշխատել: Ես ինքս հանդիպել եմ նրա հետ և փորձել եմ առողջ քննարկման առաջարկ անել: Այո, նա բավական պատրաստված մարդու տպավորություն է թողնում, բայց, ցավոք, մեր հանդիպման ժամանակ հնչեցրած մի քանի գաղափարներն ուղղակի ինձ ահավոր զարմացրեցին: Նա կարծես ինձ հասկացնում էր, որ մենք Ուրարտուի հետ ուղիղ կապ չունենք: Եվ երբ ես ասացի՝ դա մեր ինքնության մասն է, պատասխանեց՝ եկեք թողնենք ինքնություն, ժառանգություն հասկացությունները: Նա նաև Էրեբունի-Երևանի կապն էր կասկածի տակ դնում ու նշում էր, որ Էրեբունին կապ չունի այսօրվա Երևանի հետ, դա Սովետի ժամանակվա միֆ է… Իսկ երբ ես ասացի՝ իսկ կարո՞ղ է դու թուրքերի հետ ուղիղ կապ ունես, ինձ ասաց՝ թուրքերի չէ, բայց մենք հավանաբար մոնղոլների հետ կապ ունենք: Ես ասացի՝ ինքը գուցե ունի, բայց ես հաստատ մոնղոլների հետ կապ չունեմ… Նման գաղափարներով առաջնորդվող մարդն է այս դասագրքի պատվիրատուն»,- ասաց պատմաբանը:
Միքայել Բադալյանին հատկապես վրդովեցրել էր դասագրքում տեղ գտած այն մտայնությունը, որ Հայաստանն Ուրարտուի հետ կապ չունի:
«Ուրարտուն հայ ժողովրդի պատմության կարևորագույն մասն է. այն կայսրություն էր, հին Մերձավոր Արևելքի ամենահզոր տերություններից մեկը: Ինչո՞ւ են Սմբատ Հովհաննիսյանն ու «Մասնակցային դպրոցը» որոշել դնել այն քարտեզը, որտեղ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ներառված չէ Ուրարտուի թագավորության կազմում: Իրանի հատվածը ևս չկա: Ցավով պիտի նշեմ, որ հեղինակը, չունենալով խորը գիտելիքներ ուրարտական ժամանակաշրջանի մասին, տուրք է տվել վարկածների, հիպոթեզների, ենթադրությունների ու դրանք ներկայացրել՝ որպես բացարձակ ճշմարտություններ»,- ասաց Միքայել Բադալյանը:
Միքայել Բադալյանը շեշտեց՝ նման քարտեզներ կազմում են թուրքական ազգայնամոլական, թուրքական պետական գծի մեջ գտնվող, այսպես կոչված, «պատմագիտական շրջանակները»: Նրանք են ամեն ինչ անում՝ ցույց տալու համար, որ հայերը եկվոր են, կապ չունեն Ուրարտուի հետ:
«Մենք Սմբատ Հովհաննիսյանին ցույց տվեցինք, որ կա փաստ, որը ցույց է տալիս, որ անգամ իր նշած թագավորները՝ Մենուան, Իշպուինին, հասել են նույնիսկ մինչև Սյունիք: Նա կրկին արդարանում էր, թե՝ չէ, Արաքսը չեն անցել: Ես նրան խորհուրդ կտամ, որ չխոսի այն ժամանակաշրջաններից, որոնց վերաբերյալ ինքը խորը գիտելիքներ չունի: Նրա հարցազրույցներն ամեն անգամ կրակի վրա յուղ են լցնում ու ցույց տալիս նրա տգիտությունը տվյալ ժամանակաշրջանի վերաբերյալ: Նայե՛ք, քարտեզի վրա ցույց է տրված Արարատ լեռը ու հարցականով գրված՝ Ուրուրուտ: Կարո՞ղ է Սմբատ Հովհաննիսյանը ցուց տալ մի սկզբնաղբյուր, որտեղ Արարատ լեռը Ուրուրուտ անվամբ նշված լինի: Այսինքն՝ սա Արարատը ձևախեղելու միջոց է»,- ասաց Միքայել Բադալյանը:
Մեր զրուցակիցը քարտեզի վրա ցույց տվեց սխալների այլ օրինակներ ևս:
«Այս մանիպուլյացիաները տեղավորվում են թուրքական ուրարտական նկրտումների մեջ: Հենց թուրքերն են ասում՝ հայերը կապ չունեն Ուրարտուի հետ: Ընդ որում, այս ամենը սկսվել է Քյազիմ Կարաբեքիր փաշայից, ով բանակցությունների ժամանակ խոսում էր այն մասին, որ հայերը կապ չունեն Ուրարտուի հետ: Ինձ համար սա միտում է: Այն ամենը, ինչի մասին ես խոսում եմ, կարմիր գծի պես անցնում են թուրքական ազգայնամոլական «գիտնականների» աշխատություններում: Հատկանշական է, որ գիտությունը վաղուց հերքել է հայերի՝ եկվոր լինելու մասին վարկածը: Ու վերցնել ու այդ վարկածը գրել դասագրքի մեջ, ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսում: Ի դեպ, գրված է, որ մեր նախնիները Փռյուգիայից եկած գաղութարարներ են: Սա մեր հարևաններին հիմք կտա ասելու՝ հերիք չէ՝ եկվոր եք, մի հատ էլ գաղութարար եք»,- ասաց գիտնականը:
Միքայել Բադալյանը խոսեց նաև «Հայոց պատմություն 7» դասագրքում տեղ գտած Ուրարտուում իբր եղած հարեմի մասին:
«Ասենք, Ուրարտուի հատվածում Մհերի դռան մասին չի գրում, որ առանցքային նշանակություն ունի կրոնի համար, բայց գրում է հարեմի մասին՝ որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելով դա, թե իբր Մենուա արքան ամենաշատ կանայք է բերել Տուշպա քաղաքի հարեմի համար: Սմբատ Հովհաննիսյանը խեղաթյուրել է գիտնական Երվանդ Գրեկյանի ենթադրությունը՝ կեղծելով պատմությունը»,- ասաց գիտնականը՝ բերելով դրա ապացույցները:
Միքայել Բադալյանը նկատեց՝ փաստ է, որ թուրքական պատմագիտությունն ամեն ինչ անում է, որպեսզի ամեն կերպ նվազեցնի հայկականության դերն այս տարածաշրջանում, և այս դասագրում տեղ գտած մի շարք դրվագներ ջուր են լցնում թուրքական ազգայնամոլական, այսպես կոչված, «գիտության» ջրաղացին:
«Այս դասագրքում՝ մինչև համենայնդեպս հետուրարտական դարաշրջան, էջ չկա, ուր չլինի սխալ, վրիպակ կամ անճշտություն: Սա՛ է այս դասագրքի որակը»,- ասաց Միքայել Բադալյանը:
Խոսելով աղմուկ հանած այն քարտեզի մասին, որտեղ Ադրբեջանը նշված է Տիգրան Մեծի կայսրության ժամանակներում, պատմաբանը հարց բարձրացրեց՝ իսկ ինչո՞ւ քարտեզում չկա Աղվանքը:
«Ինչո՞ւ չկա Աղվանքը, երբ հայտնի էր, որ Աղվանքը կախյալ էր Տիգրան Մեծից կամ գուցե կայսրության մաս էր կազմում: Աղվանքի չլինելը ու փոխարենը Ադրբեջանը տեղորոշելը ցույց է տալիս, որ Ադրբեջանն Աղվանքի հետնորդն է: Վիրքը գրված է, Աղվանքը՝ ոչ: Եվ նաև այս ծանր, զգայուն ժամանակաշրջանում կարելի էր այլ լուծումներով այս քարտեզը տեղադրել: Ամենահեշտ բանն անընդհատ նախկին-նախկին անելն է: Դու կրել ես պատասխանատվություն: Պետությունից ստացել ես գումար, այդ թվում՝ մեր վճարած հարկերից, բարի եղեք, գրեք նորմալ, առանց սխալների, այո՛, նաև առանց ազգային սնապարծության, բայց նախ և առաջ առանց միտումների դասագիրք, որոնք ջուր են լցնում մեր ոչ բարեկամների ջրաղացին»,- ասաց Միքայել Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև՝
Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը ազգային աղետ է, վտանգ ու սպառնալիք․ Անժելա Հարությունյան
Սկանդալային դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է. մարդը գրել է, կինը՝ խմբագրել
Հայոց պատմության դասագրքի խնդիրը չունի մասնագիտական լուծում, այն բացառապես քաղաքական է. դիտարկում
Աղմկահարույց դասագրքի հերթական անճշտությունը. ոչ թե Ք.ա. 26-25-րդ, այլ 16-15-րդ դարեր
Աղմկահարույց դասագիրք. ի՞նչ դիրքորոշում ունեն հայտնի հաստատությունները