կարևոր
56968 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-26 23:10
Հասարակություն

Սա խուժանություն ու աճպարարութուն է. ովքե՞ր են իրենք, որ մեր արժեհամակարգը դրել են հարվածի տակ. Հայկազուն Ալվրցյան

Սա խուժանություն ու աճպարարութուն է. ովքե՞ր են իրենք, որ մեր արժեհամակարգը դրել են հարվածի տակ. Հայկազուն Ալվրցյան

Որևէ պետություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ազգային, հայրենասիրական շաղախի գաղափարախոսական հենքի, չի կարող լինել հենց այնպես պետություն։

«Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանն՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը, թե իրենց նպատակը արժեաբանական փոփոխություններ են, որտեղ բացակայում է «հուռա հայրենասիրությունն» ու պաթոսը։ Ավելին, խորհուրդ էր տվել համակերպվել 7-րդ դասարանի պատմության դասագրքում առկա բովանդակային փոփոխությունների հետ։

«Պետությունները լինում են մի ժողովուրդի, ազգի անունով, բայց դրանք նույնպես ազգային գաղափարախոսության վրա են հենում՝ իրենց հիմնարար փաստաթղթերը՝ լինի Սահմանադրություն, թե Հռչակագիր, այդ թվում՝ նաև կրթական ծրագրերը։

Ուզում եմ հասկանալ, երբ այդ նախարարն ասում է՝ «մենք», նա ո՞ւմ նկատի ունի։ Այդ դասագիրքը ստեղծել է մի մարդ, որը հայ ժողովրդի պատմության մասնագետ չէ, այլ ընդհանուր պատմության մասնագետ է, անգամ դոկտոր էլ չէ, գիտությունների թեկնածու է։ Այսինքն, նա նաև գիտական փորձառության պակաս ունի։ Ավելին, գիրքը խմբագրել է նրա կինը, նաև որպես բանասեր պետք է ասեմ՝ խմբագրությունն էլ պատշաճ մակարդակով չի կատարվել։

Ո՞ւմ նկատի ունեի այդ նախարարը։ Իրե՞ն։

Այդ դասագիրքը չունի հեղինակների ու մասնագետների խումբ, մեկ հեղինակ է ու մեկ նախարար, որը ևս պատմաբան չէ։ Ուրեմն՝ ովքե՞ր են իրենք, որ որոշում են, թե որն է հայ ժողովրդի արժեհամակարգը , իրենք ինչ են հասկանում պետությունից։ Նրանք մեր պետությունն այդ դասագրքով դրել են հարվածի տակ իրենց անհեթեթ քարտեզներով , կասկածելի եզրակացություններով։

Այդ դասագրքում անգամ էսպիսի ձևակերպում կա. «հայ ժողովրդի ենթադրյալ ձևավորման տարածք»։ Հասկանալի է չէ՞, թե սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ իրենք հայ ժողովրդին իրենց անհեթեթ դասագրքում եկվոր են համարում։

Դրանում բազում աղաղակող սխալներ կան, մետեցումներ կան։ Դասագիրքը հոդվածի նման մի հեղինակի վստահելը ծիծաղաշարժ է ու վտանգավոր»։

Հայագետի արձանագրմամբ՝ դասագրքում մեր պետության գաղափարն իսկ, մեր պատմական նվաճումների, պատմական գործիչների հեղինակությունն ամբողջությամբ դրել են հարվածի ու կասկածի տակ։

«Դասագրքում բազմաթիվ օտար դեմքեր են՝ կենսագրություններով, մենաբանություններով, փոխարենը փորձեք գտնել, թե քանի՞ միջնադարյան հայ հեղինակների նկարներ կան, նրանց կենսագրությունը բացակայում է։ Այդ դասագիրքը խայտառակություն է։ Ես նույնիսկ կարծում եմ, որ այդ դասագիրքը ուղղումներով հնարավոր չէ կարգի բերել, այդ դասագրքի կոնցեպտն ու մետեցումն է սխալ»,- նշել է կենտրոնի ղեկավարը։

Ալվրցյանի դիտարկմամբ՝ այդ դասագրքում խնդիր դրված չէ ցույց տալու մեր պատմությունը՝ իր ձևավոման շրջանից մինչև մեր օրերը, դրանում անընդհատ կասկածներ են հնչում մեր պատմության, մեր անցյալի, մեր բնիկության հետ կապված։ «Ավելի շատ հնչում են շեշտադրումներ մեր եկվորության, մեր կասկածելի անցյալի, մեր տարածքների ամբողջականության վերաբերյալ։ էլ չեմ ասում՝ խայտառակ քարտեզներ են տեղադրված՝ առանց հղումների, առանց հեղինակների։

Սա խուժանություն ու աճպարարություն է, ազգային մեր գաղափարախոսությունը ոչնչացնելու եղանակ։

Նույն մոտեցումն ուներ Նիկոլ Փաշինյանը մեր բլոր ազգային նվաճումների, հերոսների, ազգային արժեքների ու դեմքերի նկատմամբ, որոնք անընդհատ կասկածի տակ էր դնում, ծաղրում։

Իրենց վարչապետը չէ՞ր գրել՝ մենք ի՞նչ ունենք, մի հավաբուն և մի քանի քարկտիկ՝ նկատի ունենալով Գառնիի տաճարն ու Զորաց քարերը։ Դա նշանակում է, որ այդ տգիտությունն ու անգրագիտությունը խրախուսվում է իրենց բոլոր գործողություններում, բնականաբար, նաև դասագրքերում»։

Հայագետն ընդգծեց՝ նման դասագիրք հրատարակելու համար այդ նախարարը՝ իր ողջ անձնակազմով պետք է հրաժարական տար։

«Նրանք մեզ ներարկում են ապազգային արժեհամակարգ, որը կոչվում է լիբերալիզմ, որը խարսխված է նյութական արժեքների վրա, նրանց փիլիսոփայությունը վաղուց հայտնի է՝ լավ ապրել։ Ընդ որում՝ իրենք չեն էլ բացատրում՝ ինչ նկատի ունեն «լավ ապրել» ասելով։

Գործնականում ակնհայտ է, որ իրենք լավ ապրել ասելով նկատի ունեն ուտել-խմելը, լավ հարուստ տներում ապրելը՝ անգամ, եթե ողջ ազգը փոթորիկների ու աղետների մեջ լինի։ Նրանք հենց այդպես էլ հիմա անում են։

Իմաստավորված ապրելը, հանուն հայրենիքի, ստեղծագործ կյանքով ապրելը, երկիրը փրկելը, թենամու դեմ պաշտպանիչ շերտ կամ բանակ ստեղծելն իրենց համար լավ ապրել չէ։

Նրանք խնդիր են դրել կասկածներ արթնացնել երեխաների մեջ՝ բարոյականության, հոգևոր, մշակութային արժեքների նկատմամբ և մղում են դեպի նյութապաշտական աշխարհահայեցողություն։ Սա է նրանց ասած՝ նոր արժեբանական փոփոխությունը»։

 

Կարդացեք նաև՝