Փոխարժեքներ
04 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Մինչ ՀՀ իշխանությունները հայ հասարակությանն զբաղեցնում են Ջենիֆեր Լոպեսով, հայ ժողովրդին առաջարկում հետայսու միայն երգել, պարել ու ուրախանալ, ԿԳՄՍ նախարարությունը հենց համերգի նախօրեին՝ օգոստոսի 1-ին, համացանցում տեղադրել է 2025-2026 ուսումնական տարում գործածության երաշխավորված 9-րդ դասարանի, ուշադրություն, «Հայաստանի պատմություն» դասագրքի թվային տարբերակն ու հայտարարել պատվեր-հայտերի ընդունման մասին:
Իրականում դասագրքերը երաշխավորվել ու պատվեր-հայտեր տալու մասին հայտարարությունն իջեցվել են դպրոցներին դեռևս մայիսին: 9-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը միակն է եղել, որ եղել է ցանկում, բայց ներկայացված չի եղել առցանց տարբերակով, որպեսզի ուսուցիչները կարողանային բացել, նայել ու պատվիրել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ սկզբից հրատարակչությունը տպագրության է ներկայացրել «Հայոց պատմություն» վերտառությամբ, ինչը նախարարությունն ստիպել է փոխել և դարձնել «Հայաստանի պատմություն»: Ու դրանից հետո տևական ժամանակ դասագիրքը չի ներկայացվել մարդկանց ուշադրությանը: Իշխանությունների համար հավանաբար հարմար պահը եղել է հենց օգոստոսի 1-ը՝ աշխատանքային շաբաթվա ավարտն ու կիրակի օրը տեղի ունենալիք հայտնի համերգի նախօրեն, երբ մարդկանց ուշադրությունը բոլորովին այլ տեղ է, և հազիվ թե հանրակրթության, մատաղ սերնդի մտածողության մեջ ներմուծվող այս հեռահար ազդեցության ռումբը դառնար լայն քննարկման առարկա:
Ինչպես նախորդ՝ 7-րդ, 8-րդ դասարանի աղմկահարույց և մասնագիտական շրջանակների կողմից մատնանշված խայտառակ անճշտություններով, փնթիություններով, միտումնավոր արված հայեցակարգային շեղումներով ու միանգամայն մերժելի դասագրքերի դեպքում, այս դասագրքի դեպքում ևս գործել է իշխանության զոռբայությունն ու առանց մասնագիտական հեղինակավոր շրջանակների կարծիքը հաշվի առնելու, միայն Նիկոլ Փաշինյանի թուրքահաճո քմահաճույքների հիման վրա վերնագրվել «Հայաստանի պատմություն»: Դասագիրքը ստեղծողները, փաստորեն, այդ սկզբունքային հարցում առաջնորդվել են ոչ թե ակադեմիական մասնագիտական շրջանակների, այլ պատմագիության բնագավառից կիլոմետրերով հեռու, անգամ բարձրագույն կրթություն չունեցող, միայն միջնակարգ դպրոցի ավարտական վկայականով ոմն մեկի քմահաճույքը:
Ի դեպ, դասագրքի համահեղինակների մեջ ոչ մի հեղինակավոր պատմաբանի անուն չգտնվեց: Դասագրքի հեղինակները ծանրակշիռ մասով նաև մոլի նիկոլականներ են: Դե, պարզ է՝ ո՞վ կստորագրեր «Հայաստանի պատմություն» նիկոլաբանության տակ:
Իրականում ավելի արդար կլիներ, որ դասագիրքն անվանվեր ոչ թե «Հայաստանի պատմություն», այլ «Ավետարան ըստ Նիկոլի»: Դասագրքի հեղինակներն էլ, իբրև արդար վաստակ, կստանային «Նիկոլի ավետարանիչներ» բարձր տիտղոսը: