Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց պատմությունը վերափոխել ու Հայաստանի պատմություն դարձնելու փորձը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ վերստին բարեկամանալ է փորձում, և այս ամենը նրանց պահանջները իրականություն դարձնելու ևս մեկ փորձ է, որով կմերժվի մեր հազարամյա պատմությունը։
Yerkir.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանի հետ:
- Պարո՛ն Ալվրցյան, ու՞ր կտանի վերոնշյալ որոշումը։
- Այդ որոշմամբ կխեղաթյուրվի Հայոց պատմությունը։ Այս դասագիրքը կացնի հարված է մեր հազարամյա պատմության արմատներին, որովհետև վերոնշյալ դասագիրքն ամեն նախադրյալ ստեղծում է հետագայում բազմաթիվ պատմական կարևորագույն սկզբունքային հարցերից հրաժարվելու համար, օրինակ՝ հայոց բնիկության գաղափարից, որը տվյալ դասագրքում դրվում է հարցականի տակ, մեր մշակութային հնագույն արժեքներից, Հայ դատից՝ Արևմտյան Հայաստանի, Կարսի, Արցախի եւ Նախիջևանի հայկականությունից: Արդեն իսկ պաշտոնական մակարդակում ժխտվում է մեր ազգային հիմնական խորհրդանշանի՝ Արարատ լեռան հայկականությունը: Այս ամենն ուղղակիորեն ճանապարհ է հարթում Հայոց ցեղասպանության ուրացման համար:
- Ի՞նչ հետևանքներ կունենա այս ընթացքը հայ ժողովրդի ապագայի կամ, ինչպես ընդունված է ասել, հայկական շարունակականության վրա:
- Թուրքերը Արցախը խլեցին ռազմական ճանապարհով՝ Հայաստանում իշխանության բերելով հայ ազգի թշնամի ուժերի: Սակայն նրանց հայաջինջ քաղաքականության ճանապարհին դեռ կանգուն է հայ ժողովրդի հզոր պաշտպանական ամրոց՝ հայ ժողովրդի պատմական հիշողությունը: Հայոց պատմության նենգափոխումով թշնամին ահա այդ ամրոցն է ուզում խորտակել: Իսկ դա անհնար է, քանի դեռ դպրոցում հայ աշակերտները սովորում են ճշմարիտ Հայոց պատմությունը: Հայոց պատմության նենգափոխմամբ փորձ է արվում մահացու հարված հասցնել հայ մարդու պատմական հշողությունը՝ նրան վերածելով մանկուրտի:
- Իսկ ի՞նչ կտա այդ կործանարար ընթացքին վարչապետի նախաձեռնությունը՝ վերանվանել «Հայոց պատմությունը»:
- Երբ դասագրքի վերաբերյալ մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչներն արտահայտեցին բացասական վերաբերմունք, իսկ հեղինակավոր պատմաբանները համոզիչ հիմնավորումներով փաստեցին դասագիրք հորջոջված այդ շարադրանք վտանգավորությունը, վարչապետ կոչեցյալը փորձեց պառակտել ձևավորված ժխտողական միասնականությունը: Լավ իմանալով, որ դասագիրքը մերժողները ամեն ինչում հակադրվելու են իր որևէ առաջարկի, ասպարեզ նետեց «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու առաջարկը: Ցավոք այն ունեցավ որոշ արդյունք. շատերը, տրվելով այդ սադրանքին, սկսեցին տվյալ համատեքստում հերքել, նույնիսկ ծաղրել Հայաստան բառը։ Բարեբախտաբար այն լուրջ հետևանքներ չունեցավ:
- Ինչպե՞ս կարելի է այս ամենը կանխել:
- Եթե տվյալ իշխանության վարած քաղաքականությունը սպառնում է պետության գոյությանը, ապա իշխանության փոփոխության որևէ մեթոդ չի բացառվում, քանզի եթե ազգի գոյության ոչնչացման վտանգ կա, ապա նրա գոյության իրավունքից ավելի բարձր իրավուք չկա։
Անժելա Սեդրակյան