կարևոր
7711 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-28 11:44
Քաղաքական

Թշնամու ճամբարում ու նրա թելադրած «չափորոշիչներով» գրված պատմության խեղաթյուրված դասագիրքը մեզ համար ինքնաոչնչացման ուղիներից է

Թշնամու ճամբարում ու նրա թելադրած «չափորոշիչներով» գրված պատմության խեղաթյուրված դասագիրքը մեզ համար ինքնաոչնչացման ուղիներից է

Օգտատեր Հասմիկ Պողոսյանը գրում է

«Անհայրենիքների արշավանքը ազգի անցյալի ու Հիշողության դեմ շարունակվում է… Չենք համակերպվելու...

…Ղրղըզ գրող Չինգիզ Այթմաթովի հայտնի վեպը՝ «Եվ դարից երկար ձգվում է օրը» ստեղծագործություն է քաղաքակրթությունների պայքարի մասին: Սյուժեն էլ շատ խորհրդանշական է: Վեպում կա կիսակայարանի տեսարանը, որը գրողը վերցրել է Բայկանուր տիեզերական կայանի մոտ գտնվող Տորետամ կիսակայարանից, որն էլ իր անվանումը ստացել է կից գերեզմանից, ուր թաղված է շեյխ Տորե-Բաբան՝ Չինգիզ Խանի հետնորդներից մեկը: Խիստ ուշագրավ է, որ ղրղըզ գրողը գիրքը սկսում է Գրիգոր Նարեկացու խոսքերով՝ «Զոր գիրդ ընդ մարմնոյս և բանդ ընդ հոգւոյս»: Սա պատահական չէ, որովհետև արևելքի իմաստությունն իր մեջ կրող գրողը պայքարում է, որ մարդը չկորցնի իր հոգին: Որովհետև պատմության բոլոր շրջափուլերի ընթացքում եղած երևույթներից մեկը թերևս ազգերին հոգեպես գաղութացնելն է, սեփական արմատներից զրկելը, որը մարդկությանն աղետալի հետևանքներ է խոստանում: Կատարվում է հանցագործություն մարդկության հանդեպ:

«Եվ դարից երկար ձգվում է օրը» ստեղծագործությունը նվիրված է ազգի հիշողության, արմատների պահպանման գաղափարին: Հիշողությունը ջնջելով՝ նրանց դարձնում են մանկուրտ: Չինգիզ Այթմաթովի պայքարը այս երևույթի դեմ էր:

Այսօր էլ ճիշտ նույն բանը կատարվում է աշխարում:Եվ մեր երկրի հետ…

Թշնամու ճամբարում ու նրա թելադրած «չափորոշիչներով» գրված պատմության խեղաթյուրված դասագիրքը մեզ համար ինքնաոչնչացման ուղիներից է, որտեղ հայ դպրոցականը կկարդա ու այդպես էլ չի հասկանա, թե որտեղի՞ց է սկիզբ առնում իր ազգի անցյալը, ովքե՞ր են մեր նախնիները և ու՞ր է գնալու որպես հայոց նորահաս սերունդ:

Հայոց պատմության այս խեղաթյուրված դասագիրքը մի «կանգառ» է, որտեղ հայտնվելով՝ ապագա սերունդը չի հասկանալու ՝ ի՞նչ քաղաքակրթական ժառանգություն կրող ազգի զավակ է:

Օտարազգի մեծերը տարբեր դարաշրջաններում , ժամանակներում աշխարհի քաղաքակրթական ակունքները փորձել են բացահայտել հայ ժողովրդի պատմությունը ճանաչելով: Մինչդեռ այսօր պետության կառավարումը գտնվում է մի խմբակի ձեռքում, որը ջնջելով մեր անցյալը՝ ազգի պատմությունը խմբագրելը համարում է անշրջելի գործընթաց, մերժում է Գարեգին Նժդեհին, իսկ մեր քաղաքակրթական ակունքներին կառչած լինելը կոչում են «ուռահայրենասիրություն»: Սա «դասագիրք» է, որտեղ անգամ Հայոց գրերի ստեղծումը ներկայացված է ընդամենը մեկ տողով` առանց հիշատակելու նույնիսկ Սահակ Պարթևին։ Սա էլ է հատուկ արվել, որպեսզի ջնջեն այն փաստը, որ ունեցել ենք Եկեղեցի-Պետություն-Ազգ կոնցեպտը` որպես ազգային գոյության սյուն։

Սա դասագիրք է, որտեղ հայ ազգի` Հայկական լեռնաշխարհում տեղաբնիկ լինելը հռչակել են «առասպել»։Արդյո՞ք մեր թշնամին նման գիրք կգրեր։Բնավ երբեք։Մեր թշնամին իրեն հռչակում է խեթերի ժառանգներ, հռչակավոր թանգարաններում կաշառքի միջոցով հիմնել է տալիս իր երկրի չեղած պատմության իբր «հնագույն բաժիններ»։ Մինչդեռ անհայրենիքները մեր դպրոցականներին ազգի իրական պատմությունը ուսուցանելը համարում են ծաղր։

Սա դասագիրք է, որը միտված է ջնջելու մեր անցյալը և ինքնությունը, ազգին դարձնել մանկուրտ։ Մեր Հայրենիքը ջնջում են աշխարհի քաղաքական քարտեզից, ջնջում են սերունդների հիշողությունից: Եվ սա սորոսականների «ձևակերպմամբ» կոչվում է ՝ « նպատակը պատմական մտածողություն ձևավորելն է, տարբեր աղբյուրներ վերլուծելը, ինքնուրույն դատողություն անելը»: Որո՞նք են այդ տարբեր «աղբյուրները», թույլ տվեք հարցնել. սեպագիր քաղաքակրթությու՞նը, օտարազգի հայագետների նշանավոր աշխատություննե՞րը, որտեղ վեր են հանել ու արժևորել են հայ ազգի քաղաքակրթական դերը համաշխարհային պատմության մեջ, թե՞ մեր թշնամիների պատմական կեղծարարությունները… Անհայրենիքների ու գլոբալիստների այս խմբակի պարագայում համոզված ենք, որ միայն երրորդը: Պատահական չէր, որ 2019 թվականին Բաց հասարակությունների հիմնադրամի գրասենյակի պարագլուխը , որի անունը չեմ էլ ուզում գրել, հայտնվել էր ՀՀ ԱԺ-ում և կրթական հարցերով բացահայտ ցուցումներ էր տալիս իր «կամակատարներին», որոնք հետո պիտի ոչնչացնեին նաև մեր անցյալի հաղթանակները, Հող ազատագրած ու երկու հայկական պետականություն կերտող ազգին կանգնեցնելու էին գոյաբանական խնդրի առաջ…Եվ դեռ ասում են, որ այս «չափորոշիչները» չեն խմբագրվելու, անկասելի է:

Ծանր պայքարի շրջափուլ է սկսվել նաև մեր Պատմությունը անհայրենիքներից պաշտպանելու համար: Պայքարում են նվիրյալ ուսուցիչներն ու մասնագետները: Եվ նրանց շարքում պետք է արժանին մատուցենք նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին, ով պայքարում է «անհայրենիք» դասագրքի մուտքը հայ դպրոցականների դասասենյակներ կասեցնելու համար: Սա Lilit Galstian- ի բազմաթիվ ելույթներից ու հարցազրույցներից մեկն է միայն: Հարյուրավոր թերությունների կողքին ընդդիմադիր պատգամավորն առանձնացրել է հետևյալ փաստը.

-Առհասարակ ԿԳՄՍ նախարարության ոճը երկու մասի կբաժանեի՝ արժեքաբանական և վարքագծային։ Ըստ էության, այս շատ կարևոր նախարարությունը, որը հսկայական՝ հոգևոր անվտանգության ոլորտի քաղաքականությունն է մշակում եւ իրագործում, լծվել է Նիկոլի «խաղաղության» օրակարգին կամ իրենց պատկերացրած Հայաստանի չորրորդ հանրապետության կերտմանը։ Այդ հանձնառությունը ծառայում է ոչ հայկական շահերին՝ մերժելով անցյալը, ուրանալով Արցախը, Ցեղասպանության փաստը, ինքնութենական արժեքներ։ Նրանց համար ազգային արժանապատվությունը և հայրենասիրությունը, «հայրենիք», «ազգ» հասկացությունները պիտակվում են որպես պաթոս կամ «հուռայություն», Նժդեհն էլ՝ ֆաշիստ։ Սա շատ ակնհայտ է, այս դիրքերից էր իմ հարցին պատասխանում և իրողության հետ հաշտվելու մասին հայտարարում նախարար Անդրեասյանը,-ընդծել է նա։

Այս շաբաթվա ընթացքում նա հարցը հերթական անգամ բարձրացրեց նաև ՀՀ ԱԺ-ում: Ներկայացված տեսանյութը շատ բանի մասին է վկայում, թե մինչև որտեղ կարող է հասնել անհայրենիք իշխանությունների ցինիզմը, երբ ասում է , թե ծնողները չեն որոշելու երեխան ինչպես սովորի ի՛ր պատմությունը: Մինչդեռ հակառակն է՝ մե՛նք ենք որոշելու այսպիսի դասագրքի ճակատագիրը, քանզի դպրոցն է եղել ազգի հայելին. դպրո՛ցը, որը ազգը պահպանել է նաև պետականություն չունեցած ժամանակներում:

Հայ դպրոցականը պետք է մեծանա մեր պատմությանը իրավատեր սերունդ։ Միայն սա կարող է լինել մեր անշեղ ուղին, այլ ոչ թե թշնամու թելադրած «չափորոշիչը»:

Տեղադրում եմ նաև մեր հարգելի Լիլիթ Գալստյանի՝ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած ելույթի հղումը, որը ևս արժանի է ուշադրության՝բոլոր նկատառումներով: Մենք այսպիսի խեղաթյուրված դասագրքի գոյությանը չենք համակերպվելու»:

Հիշեցնենք, որ Աժ քառօրյա նիստի հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց էր ուղղել Ժաննա Անդրեասյանին, թե ինչպիսինն է Հայոց պատմության դասագրքի հետագա ճակատագիրը, որին ի պատասախան Անդրեասյանը կոչ արեց բոլորին համակերպվել և ընդգծեց, որ պատմության դասագրքում ներառված ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու, քանի որ դրանք են կրթական բարեփոխումների առանցքը։