|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.19 |
| EUR | ⚊ | € 443.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.8908 |
| GBP | ⚊ | £ 504.16 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սկիզբը՝
1. «Թորոսյան- Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը». «Ժողովուրդ»
2. 16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»
3. COVID-19-ի համար Արսեն Թորոսյանը շռայլ փոխանցումներ է արել իր վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 2․ «Ժողովուրդ»
4.ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա. Կոռուպցիայի մաս 3. «Ժողովուրդ»
5. Քովիդի ժամանակ Չինաստանից եկած բեռների մի մասը «ճանապարհին կորել են». Կոռուպցիայի մաս 4․ «Ժողովուրդ»
6. 623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5. «Ժողովուրդ»
7. Ինչպես են Արսեն Թորոսյանի օրոք մսխվել COVID-ի գումարները. կոռուպցիայի մաս 6. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեեւ թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։
Ֆինանսավորում՝ առանց «Արմեդ»-ի տվյալների
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որեւէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, եւ դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որեւէ բժշկական փաստաթղթի։
Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։
Հայտը՝ մեկ, փոխհատուցումը՝ միանգամայն ուրիշ
Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝
– Հեպատիտ C ՊՇՌ (որակական),
– Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։
Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել եւ փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։
Ծառայություն չկա, բայց գումարը կա
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որեւէ ապացույց՝
– ոչ անձնավորված տվյալներ,
– ոչ ծառայություն ստացողներ,
– ոչ ուղեգրեր,
– ոչ բժշկական հրամաններ։
Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։
Խաչաձեւ ֆինանսավորում՝ օրենքի խախտմամբ
Հրամանի 6-րդ կետում նշվում է, որ գումարը տրամադրվում է՝ որպես «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման» ենթամիջոցառումներում չփոխհատուցված ծառայությունների վարձատրություն։ Բայց վերլուծությունը պարզ ցույց է տալիս՝ այդ ծրագրում չփոխհատուցված ծառայություններ ընդհանրապես չեն եղել. մատուցված բոլոր ծավալները 2020-ին արդեն լիովին փոխհատուցվել էին։
Այսպիսով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ենթադրյալ կատարողականը վճարվել է լրիվ ուրիշ ծրագրի՝ հիվանդանոցային ծառայությունների համար նախատեսված «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» միջոցներից։ Սա հակասում է նպատակային ֆինանսավորման եւ բյուջետային սահմանափակման սկզբունքներին։
Եզրահանգում
Փաստերը հուշում են պարզ ու մտահոգիչ հետեւություն.
71,8 մլն դրամի գումարը հատկացվել է առանց փաստացի հիմքի, առանց էլեկտրոնային հաշվառման, առանց ծառայություն մատուցելու ապացույցի։
Սա ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ կառավարման լուրջ խախտում է, որը գրանցվել է այդ օրերին նախարար եղած Արսեն Թորոսյանի օրոք եւ պահանջում է վերահսկողական մարմինների ուշադրություն եւ իրավական գնահատական։
Առաջարկում ենք Հակակոռուպցիոն կոմտեին այս հրապարակումը ընդունել ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում, որի շրջանկներում պատրաստակամ ենք ներկայացնել առավել մանրամասներ
Հավելված»։