կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-26 12:49
Մշակույթ

«Բերդաքաղաքը». Վարանդի նոր վեպ-պոեմը Փետրվարյան ապստամբության մասին

«Բերդաքաղաքը». Վարանդի նոր վեպ-պոեմը Փետրվարյան ապստամբության մասին

Լույս է տեսել իրանահայ թարգմանիչ, գրող Վարանդի «Բերդաքաղաքը» վեպ-պոեմը: Yerkir.am-ի հետ զրույցում գրողն ասաց, որ գիրքը վերաբերում է 1921-22 թթ.՝ չափազանց ճակատագրական ժամանակաշրջան՝ դեպքերի, դեմքերի առումով:

Նրա խոսքով՝  գիրքը գեղարվեստապատմական կամ պատմագեղարվեստական է: Գրքի գլխավոր կերպարներն են Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Հրաչյա Աճառյանը, Ալեքսանդր Թամանյանը… «1922-ին նրանցից շատերը բանտարկված էին Երևանի բերդում: Վեպս սկսվում է այնտեղից, երբ նրանք գիշերով գնում են դեպի Պարսկաստան: Ես պարսկահայ չեմ ծագումով, բայց տեղանքը գիտեմ: Գրքում մի շարք նոր բաներ կան, օրինակ՝ ոչ ոք չգիտի, որ Շանթը որոշ ժամանակահատված ապրել ու ստեղծագործել է Պարսկաստանում: Գրքում կան ներկայացված պատմություններ, որոնք թե' իրական են, թե' կիսաերևակայական: Բացի այդ՝  Հայաստանը և Սփյուռքն այդ երրորդ անկյունը՝ Իրանը, լավ չգիտեն, և գիրքը լավ առիթ է, որ ծանոթանան Իրանի հետ»,- ասաց Վարանդը:

Նրա խոսքով՝ կյանքում գալիս է մի փուլ, երբ մտածում ես, թե ինչ ես արել, ու մի բան կա, որի շուրջ մտածում ես՝ գուցե կարողացել եմ ինչ-որ բան անել. այս գիրքը հենց այդ նշանակությունն ունի իր համար:

Գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանն էլ նշեց, որ գիրքն իրեն գրավել է ոչ միայն այն պատճառով, որ ինքը Վարանդի յուրաքանչյուր գիրք կարդում է հետաքրքրությամբ, այլ «Բերդաքաղաք»-ն իրականում բազմաժանր բացառիկ գործ է: «Ասես վերադարձ էր դեպի գրականության նախապատմական ժամանակներին, երբ ռապսոդները կամ աշուղները մի քանի ժանրի մեջ ներկայացնում էին իրադարձությունները: Գրքում դեպքերի նկարագրությունը բանաստեղծական ձևով է ներկայացված: Գիրքը պատմում է Փետրվարյան ապստամբության մասին, երբ խորհրդային կարգեր հաստատելուց հետո արյան բաղնիքի վերածվեց Հայաստանը, և ինչ-որ առումով կրկնվեց 1915-ը: Գրքում մի հետաքրքիր փաստ կա՝ այդ տարիներին Հայաստանում դահիճ չեն գտել, և որպեսզի իրենց դահճական առաքելությունը կատարեն, Բաքվից բերել են մի թուրք թաթարի: Ոմանք փրկվեցին ու կարողացան Շանթի, Նիկոլ Աղբալյանի ու մյուս նվիրյալների շնորհիվ հասնել Պարկաստան: Նրանց առաջին հանգրվանը Թավրիզն էլ, որտեղից էլ սկսվում է պատումը՝ ինչպես են նրանց ընդունում, ինչ մարդկանց են հանդիպում»,- ներկայացրեց Թոփչյանը:

Նա նշեց նաև, որ կարդալիս ապշել էր, թե ինչպիսի սրտաբացությամբ է այդ փրկված բեկորներին ընդունել տեղի հայությունը: Թոփչյանի բնութագրմամբ՝ Թավրիզ հասած հայերը նոր Հայաստանի ծնունդ էին՝ խորհրդայնացված Հայաստանի կողքին: «Հետո այդ բեկորները պետք է գնային ու մեկ այլ Հայաստանի ծնունդ տային Սփյուռքում: Ինձ զարմացրեց նաև մշակութային այն մթնոլորտը, որը կար Իրանում այդ տարիներին»,- նշեց նա:

ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարն էլ նշեց, որ Վարանդի ծնողներն Իրանում հանդիպել ու ամուսնացել են, ևւ Վարանդն, ըստ նրա, ողջ կյանքում միջազգային կամուրջ է եղել տարբեր երկրների հայ համայնքների միջև: «Վարանդի ստեղծագործություններում գերիշխում է սերը, ինչն էլ ստիպում է ընթերցողին` մեծ ուշադրությամբ հետևել գրողին: Վարանդն այնպես է ներկայացնում դեպքերը, որ կլանված կարդում ես մինչև վերջին էջը»,- ասաց դեսպանը:

Գրականագետ Անի Փաշայանի խոսքով էլ՝ հիանալի հայտնություն է Շանթի ներկայությունը գրքում, Շանթի, որը կրում էր իր մեջ արևմտահայության շունչը՝ միևնույն ժամանակ կապված լինելով արևելյան հողի հետ: Ըստ գրականագետի՝ գրքում ներկայացված գեղարվեստական պատկերները հենված են հետաքրքիր ոճական ռիթմի վրա: «Ես սա նույնիսկ նմանեցնում եմ արձակի ռիթմի հետ, քանի որ նույնիսկ վերնագրերի հարցում կարծես դարբնի աշխատանք է տարվել՝ այբ, բեն, գիմ, դա: Սա շարժուն ընթացք է տալիս, և հենասյուները մաշտոցյան իրականությունն է, այսինքն՝ հասկանալի է, որ գիրն է մեր սկիզբը, և գիրն է մեր ամբողջ շարունակությունը: Այս չորս հենասյուներն իրենց ուսերի վրա են կրում ողջ պոեմը՝ կառուցում են, արագացնում ու դանդաղեցնում տեմպը ու նոր ուղիներ հարթում՝ հոգու և հայրենիքի չափման համար»,- ասաց գրականագետը:

Ըստ նրա՝ պոեմի նոր տեսակ է սա, քանի որ գեղարվեստական ձևն իրատեսական է, և բնաբաններից մեկն իսկ շատ բան է ասում` «Ես մարդ եմ, և ոչինչ մարդկային ինձ օտար չէ»: Փաշայանը հավելեց նաև, որ գեղարվեստական տարածությունն ու ժամանակը քաղաքն է, որն անվերջ է, ունի պատմություն և որն արևելյան է: «Արևելյանն այստեղ շղարշ է, այն ցույց է տալիս հայկականության գուներանգների թափանցումը: Գրքի լեզուն մշակված է, կարելի է ասել՝ փաստախոհական վեպ-պոեմ է, որտեղ ռիթմը որոշում է ասելիքի ամբողջ պարունակությունը»,- նշեց նա: