կարևոր
277 դիտում, 58 րոպե առաջ - 2025-12-02 19:04
Իրավական

Վարդան և Սպարտակ Ղուկասյանների նկատմամբ դատարանի դահլիճում բռնություն է գործադրվել. Փոստանջյան

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով ընթացող դատավարությանը միջնորդություն ներկայացրեց Վարդան ու Սպարտակ Ղուկասյանների փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ դատարանին խնդրելով ապահովել իր վստահորդների անվտանգությունը «զրպարտչությամբ զբաղվող» ոստիկաններից։ Նա նշեց, որ նախորդ դատական նիստից հետո դատարանի դահլիճում տեղի ունեցան իրադարձություններ, դատարանի դահլիճում գտնվող երկու ոստիկաններ կեղծ, զրպարտչական, սուտ մատնությամբ են հանդես եկել և  իր վստահորդների նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում՝ հատուկ պատվերի ներքո։ Ըստ փաստաբանի՝ այդ ամենը տեսաձայնագրվել է, ինքն այնտեղ հայհոյանքներ չի լսել, մինդեռ այդ ժամանակ տնային կալանքի տակ գտնվող Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ այդ իրադարձությունից հետո մեկ այլ դատարան ընտրեց խափանման միջոց կալանավորում՝ արգելելով շփվել ընտանիքի անդամների հետ։

«Դատարանի դահլիճում տեղի է ունեցել բռնություն իմ վստահորդների նկատմամբ, դա եղել է դիտավորյալ, սուտ մատնությամբ այստեղ գտնվող ոստիկանների կողմից։ Անուններով գիտենք, բայց դեմքով չեմ ճանաչում այդ ոստիկաններին, մինչ այս պահն առերեսում չի կատարվել, բայց ամենացավոտ և զգայուն հետևանքն այն էր, որ պարոն Վարդան Ղուկասյանի նկատմամբ ցանկացան լրացուցիչ ճնշում գործադրել, իսկ Սպարտակ Ղուկասյանին՝ այդ պահին տանը գտնվող միակ տղամարդուն, կտրել ընտանիքից։ Ի դեպ, ասեմ, որ  Ղուկասյանները մեծ ընտանիք են, ապրում են մի տան մեջ, ընտանիքը  զրկել են երկու տղամարդուց։ Նրանց զրկել են ազատությունից անհիմն, մեկը ՀՀ երկրորդ քաղաքի քաղաքապետն է (Վարդան Ղուկասյանը տեղից արձագանքեց՝ վեց անգամ) և քաղաքական ենթատեքստ ունի նրան ազատությունից զրկելը, հրապարակվել է գործադիր իշխանության առաջին դեմքի կողմից  դեկտեմբերի 1-ին։ Սուտ մատնությամբ են զբաղված, կարող է  իմ վստահորդները փռշտան, դա որակեն որպես հայհոյանք», -ասաց Փոստանջյանը։