|
Փոխարժեքներ
02 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այն նվազագույն ամսական ծախսն է, որն անհրաժեշտ է մեկ անձին մեկ ամիս գոյատևելու համար։ 2021 թվականին այս իշխանությունը խոստացավ, որ 2026 թվականին նվազագույն աշխատավարձը պետք է դառնա 85 000 դրամ։ Որպես կանոն, այս խոստումն էլ չկատարվեց։ Հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը մնալու է նույնը 75 000 դրամ՝ շուրջ 7 000 դրամով պակաս, քան այս տարվա կեսին գրանցված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը»,-այս մասին ԱԺ հայտարարություների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ 2021 թվականի կեսին նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ էր և ընդամենը 2 000 դրամով էր պակաս այդ պահի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։
«Հաջորդը՝ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի, Աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայի պահանջներով, որոնք Հայաստանը շատ վաղուց վավերացրել է, նվազագույն աշխատավարձի չափը պետք է պակաս լինի միջին աշխատավարձի 40 տոկոսից։ 2021 թվականի կեսին, երբ այս իշխանությունը վերարտադրվելու պայմանով խոստանում էր առաջնահերթ բարելավել սոցիալապես խոցելի խմբերի կյանքի որակը, այս հարաբերակցությունը 47 տոկոս էր, իսկ 2025 թվականի կեսին այս ցուցանիշը էապես նվազել է՝ կազմելով 35 տոկոս։ Այսինքն՝ այս իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական և ծրագրային խոստումները, այլ նաև խախտել է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունը։ Ի դեպ, այս ընթացքում երկու անգամ էլ մերժել է մեր օրենսդրական առաջարկը՝ նվազագույն աշխատավարձն ինդեքսավորելու, այսինքն՝ գների աճին համապատասխան բարձրացնելու վերաբերյալ։ Ակնհայտ է․ անցնող 5 տարիներին աշխատող աղքատների նկատմամբ վարվել է հակասոցիալական քաղաքականություն, որի հետևանքով նրանց սոցիալական վիճակը փաստացի և շոշափելի վատացել է»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։