Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Հովհաննես Հովակիմյանի «(Չ)վեպ» գիրքը։ «(Չ)վեպը» արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին գիրքն է: Մերօրյա հերոսի հոգեկան վայրիվերումները, շուրջը կատարվող իրական ու անիրական դեպքերի հաջորդականությունը նրան մղում են անվերջ փնտրտուքի, որը գրեթե միշտ ավարտվում է առանց հանգուցալուծման:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
Երրորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Չորրորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...
Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմ»-ը հինգերորդ հորիզոնականում է: Գրքում ներկայացված 11 պատմվածքներից յուրաքանչյուրը ներկայացնում է մի հերոսի կյանքի պատմություն՝ միջանձնային հարաբերությունների, անձնական մտորումների և ընթերցողի հետ երկխոսության միջոցով։ Պատմվածքները, լինելով առանձին և անկախ պատմություններ, մի կետում մեկտեղվում են և դառնում մի մեծ, ամբողջական պատմության մաս։ Գրքի առանցքային ասելիքներից մեկը նկատելուն ուղղված հաղորդագրությունն է․ կյանքի սյուժետային գծերի միջև նկատել նաև լրացնող դետալները, ավելի լավ ճանաչել մարդուն, նրա շուրջ հյուսվող կյանքն ու աշխարհը։
Վեցերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, ու ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։
Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Ստախոսը» յոթերորդ տեղում է։ Հաջողակ գործարար, տաղանդավոր նկարիչ, խուզարկու. վեպի «ստախոս» հերոսը տարբեր դիմակներով ճանապարհորդում է Գերմանիայից Ավստրիա, փորձում այս ճանապարհով փախչել ներկայից ու իր ճակատագրից, մոռանալ անցյալն ու երջանիկ լինել։ Արկածային ու գերբնական տարրերով, հոգեբանական նուրբ պատկերներով, հետաքրքիր զարգացմամբ ու անակնկալ ավարտով այս վեպը կլանում է առաջին էջերից ու բաց չի թողնում ընթերցողին մինչև անսպասելի ավարտը։
Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը ութերորդ հորիզոնականում է: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:
Իններորդ հորիզոնականում է Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:
Տասներորդ հորիզոնականում Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը: