կարևոր
268 դիտում, 58 րոպե առաջ - 2025-12-02 20:11
Հասարակություն

Նոր ներդրվող առողջապահական ապահովագրական համակարգն ունի սահմանափակումներ․ Արման Ղազարյան

«Սիրելի հայրենակիցներ, Պարտադիր բժշկական ապահովագրության  համակարգի ներդրման անորոշությունները փորձում են  քողարկել։ Հեղափոխական բարեփոխումների անվան տակ իրականում առաջացնում են լրացուցիչ մի շարք խնդիրներ բազմազար մեր հայրենակիցների համար»,-այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

«Մասնավորապես,  65 և ավել տարիքային խմբի մեր հայրենակիցները հիմա էլ են օգտվում անվճար բժշկական ծառայություններից պետական ֆինանսավորմամբ։ Այս ծառայությունների ցանկն էլ հստակ ամրագրված է գործող օրենսդրությամբ։ Իսկ այս համակարգի պատասխանատու նախարարը պնդում է, իբրև թե պարտադիր բժշկական ապահովության մեջ նոր ընդգրկում են 65 և ավելի տարիք ունեցող 400․000 քաղաքացիներ, առանց հաշվի առնելու, որ այդ 400․000-ից արդեն 111․000-ը փաստացի օգտվում են անվճար բժշկական ծառայություններից»,-ասաց պատգամավորը։
 

«Նոր ներդրվող ապահովագրական համակարգն ունի մի շարք բժշկական ծառայությունների գծով սահմանափակումներ, որոնք առկա չեն ներկայիս գործող անվճար բժշկական օգնության շրջանակներում։ Օրինակ, սոնոգրաֆիա ծառայությունից կարող են օգտվել տարեկան մեկ անգամ՝ նոր օրենքով։ Արգելվում է կամավոր ապահովագրություն այն խումբ անձանց համար, որոնք ընդգրկված չեն այս ցանկում։ Տարեկան երկու անգամից ոչ ավել կարող են ուղեգրվել նեղ մասնագետների կողմից, ստանալով նրանց բժշկական խորհրդատվությունը կամ բուժումները։ 

Մեր սիրելի արցախցիների մասին խոսք չկա այս բերվող նախագծով օրենքում։ Փաստորեն այս հանգամանքը առաջ է բերում քաղաքացիների մի շարք խմբերի համար նոր խնդիրներ, սահմանափակումներ, իսկ նոր ընդգրկվողների համար էլ լուծումները առավել թվացյալ են, քան՝ իրական»,-ասաց Արման Ղազարյանը։