կարևոր
54061 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-15 19:39
Մշակույթ Հասարակություն

Գիտնականների դիտարկումներն աղմկահարույց դասագրքի մասին

Գիտնականների դիտարկումներն աղմկահարույց  դասագրքի մասին

Yerkir.am-ը շարունակում է ներկայացնել «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքի մասին հայտնի գիտնականների ու հաստատությունների ղեկավարների դիրքորոշումները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հայտնեց, որ առիթն ունեցել է նախարարությանը փոխանցելու իր դիտարկումները։

Փիլիպոսյանը նշեց, որ ինքը ոչ թե դասագրքերի, այլ հնագիտության մասնագետ է։ Նա թեպետ ամբողջությամբ չի ընթերցել գիրքը, այդուհանդերձ, ըստ Փիլիպոսյանի` վաղ շրջանի պատմության բաժնում մի քանի խնդիրներ կան, որոնք պետք է շտկել։ Օրինակ՝ Ռուսա Առաջինի կառավարման տարեթվերի տարբերություն գոյություն ունի միջնակարգի այս դասագրքում եւ ավագ դպրոցի դասագրքերում։

Պատմաբան, հնագետ, արվեստագիտության դոկտոր, պ․գ․թ․ Հակոբ Սիմոնյանը նշեց, որ դասագրքում նշված են թվականներ, որոնց համար հղում է կատարվել իրենց կազմակերպությանը, բայց իրենք ոչ մի տեղեկություն այդ մասին չեն փոխանցել։

Սիմոնյանը տեղեկացրեց, որ գիտխորհուրդը քննարկում է նախատեսել ուրբաթ օրը, որից հետո կարող են մանրամասն ներկայացնել ու հստակ հայտարարություն անել։

«Ժամանակը այնքան թանկ եմ գնահատում, որ ցանկացածի գրածի համար ժամ չեմ կարող տրամադրել։ Գիրքը չեմ ընթերցել, բայց գործընկերներիս հոդվածներից ծանոթ եմ դրվագներին։ Բազմաթիվ անճշտություններ կան։ Դա պատմության դասագիրք է, ուստի խնդրին լուծում տալու համար պետք է դիմեն պատմության ինստիտուտին, որ պաշտոնական կարծիք հայտնեն կամ նիստ հրավիրեն։ Կոնկրետ հարցերի հետ կապված՝ հնագիտական, թվագրման եւ այլն, այդ դեպքում ես իմ կարծիքը կարտահայտեմ։ Դրա մեջ չեմ ուզում մտնել, որովհետեւ լուրջ գործեր եմ անում» ,-ասաց Սիմոնյանը։

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Գեւորգյանը օրերս առողջական խնդիրների պատճառով խնդրել էր ավելի ուշ կապվել։ Կրկին փորձեցինք ու նա հայտնեց, որ շարունակում է հոսպիտալացված մնալ։ Նա նշեց, որ իր աշխատանքը բնույթով բաց է եղել, իսկ ինքը խուսանավելու պատճառ չունի։ Խոստացավ կապվել մեզ հետ ամբողջապես ապաքինվելուց հետո։

 

Կարդացեք նաև՝