կարևոր
562 դիտում, 41 րոպե առաջ - 2026-11-27 22:18
Տարածաշրջան

Վրաստանից կարտաքսեն անօրինական ներգաղթյալների հերթական խմբին

Վրաստանից կարտաքսեն անօրինական ներգաղթյալների հերթական խմբին

Վրաստանում անօրինական ներգաղթյալների դեմ հերթական ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 59 օտարերկրացի։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն։

Ձերբակալվածների թվում են Լիբանանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Եմենի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Կամերունի, Հնդկաստանի, Հորդանանի, Ադրբեջանի, Չինաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Անօրինական ներգաղթյալներին հայտնաբերել են ռեստորաններում, խանութներում, հյուրանոցներում և այլ օբյեկտներում անցկացված միգրացիոն ստուգումների արդյունքում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Ձերբակալվածներին տեղափոխել են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոն և սկսել երկրից նրանց արտաքսման ընթացակարգերը։

Միայն այս տարվա հունվար-սեպտեմբերին իշխանություններն արտաքսել են ստուգայցերի արդյունքում ձերբակալված ավելի քան 3100 օտարերկրացու։ Նրանց թվում ամենաշատը Թուրքիայի քաղաքացիներն են եղել՝ 791 մարդ։ Երկրորդ տեղում Հնդկաստանն է (306 մարդ), երրորդում՝ Թուրքմենստանը (274 մարդ)։ Հաջորդում են Ռուսաստանը (254 մարդ) և Իրանը (180 մարդ)։