կարևոր
4306 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 12:37
Քաղաքական

ԿԳՄՍՆ-ն Լիլիթ Գալստյանին է փոխանցել աղմկահարույց դասագրքի մասին 3-րդ կարծիքը

ԿԳՄՍՆ-ն Լիլիթ Գալստյանին է փոխանցել աղմկահարույց դասագրքի մասին 3-րդ կարծիքը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2023 թ. դեկտեմբերի 14-ին հանդիպել էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին, որին մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները։

Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ նա նշել էր, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։

Ժ. Անդրեասյանը խնդրին անդրադարձել էր նաև ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հարցերին՝ հայտնեկով, որ, այո, ստացել են անկախ մասնագիտական կարծիքը, որտեղ որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք:

«Մենք այդ առաջարկները ուղարկել ենք հեղինակին և այժմ սպասում ենք հեղինակի կողմից վերջնական աշխատանքին: Եթե այդ առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի որևէ անճշտություններից, վրիպակներից և խնդիրներից և կարող է շարունակել գործածվել դպրոցներում որպես դպրոցական դասագիրք», - նշել էր Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի այս կցկտուր ու հակասական պատասխանից կարելի էր եզրակացնել, որ գոնե այս ամենից հետո պետք է քննարկվեր դասագրքի՝ շրջանառության մեջ մնալ-չմնալու հարցը: Սակայն Լիլիթ Գալստյանի արձագանքից հետո արդեն բացահայտվեց ամենը. «Դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա, որովհետև այն դիտարկումներն ու կարծիքները, որոնք ստացվել են, որևէ նման հիմք չեն պարունակում: Հետևաբար՝ ողջամիտ ժամկետի կարիք չկա, այդ ժամկետն արդեն կարող եք համարել հենց այս պահը. դասագիրքը մնում է շրջանառության մեջ, և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրացված են»:

Ստացվում է՝ նախարար Ժաննա Անդրեասյանը մի պատահական օր դիպվածով հայտարարում է, որ ոչինչ չի փոխվելու, և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի խայտառակ ու դավադիր դասագիրքը մնալու է շրջանառության մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ անգամ, ինչպես ինքը ասաց, դեռ դասագրքի հեղինակը չէր ասել իր վերջնական դիրքորոշումը նշյալ խորհրդավոր 3-րդ և անաչառ կարծիքի մասին։ 

Օրերս նախարարությունը պատգամավոր Լիլիթ Գալստյանին է փոխանցել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ստեղծված «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների առնչությամբ հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումների ամփոփաթերթը: Yerkir.am-ի խնդրանքով՝ պատգամավորը նշված փաստաթուղթը սիրահոժար տրամադրել է խմբագրությանը, որը ներկայացնում ենք հանրության և մասնագիտական շրջանակների դատին:

Ամփոփաթերթն՝ այստեղ: