|
Փոխարժեքներ
27 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ և մասնակի բեռնվածությամբ) 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, որոշմամբ հաստատված ցանկում ըստ բուհերի ներկայացված են մասնագիտությունները և դրանց դասիչները, կրթական ծրագրերը, ուսուցման ձևերը, ինչպես նաև յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված մրցութային և ոչ մրցութային ընդունելության քննությունները։
2026-2027 ուսումնական տարվա համեմատությամբ՝ կրթական ծրագրերի և ընդունելության քննությունների փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ, 2027-2028 ուսումնական տարվա ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի N 909-Ն որոշմամբ հաստատված՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց համապատասխան տրվող որակավորումների նոր ցանկի համաձայն։
Պահպանվում են նաև կամընտրական քննությունների հնարավորությունը և դիմորդների՝ միասնական ընդունելության քննությունները երկու անգամ հանձնելու իրավունքը։
Միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը կիրականացվի 2026 թվականի դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կկազմակերպվեն 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։
2030-2031 ուսումնական տարվանից բուհական ընդունելությունը կիրականացվի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով սահմանված կարգով, որի ընթացակարգի վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն բուհերի կողմից 2027 թվականին։ Մինչ նոր կարգի ուժի մեջ մտնելը՝ կկիրառվեն գործող կարգավորումները։