Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անհանգստություն հայտնեց, որ նախագծով կենսաթոշակային տարիքի անցած գիտնականն այլևս չի կարող մասնակցել ԲՈւՀ-ի` թափուր տեղերի մրցույթներին:
«Բայց նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարվա պայմանագիր կնքել գիտնականի հետ: Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ: Դրա մեջ ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը, սուբյեկտիվիզմը»,-վրդովվեց պատգամավորը:
Ըստ նրա՝ սա մեծացնում է ռեկտորի ազդեցությունը: «Պատկերացնո՞ւմ եք՝ 5 տարի շարունակ այս նվաստացուցիչ արարողությունը: Գիտնականը դիմում է, ռեկտորը որոշում է` ընդունել, թե` ոչ: Այսինքն՝ եթե լսել է իրեն, իր հորդորները կատարել է, թույլ կտա, եթե չէ` ոչ, այլևս թույլ չի տա»,- ասաց Բագրատյանը:
Նա նաև բարձրացրեց մեկ այլ հարց` կետերից մեկում նշվում է բուհերում վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց աշխատելու արգելքը: «Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են գիտնականի նկատմամբ, այլև մարդու իրավունքների խախտում»,- ասաց պատգամավորը:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ, օրինակ, Երևանի թատրոնի, կինոյի պետական ինստիտուտում 8 ամբիոնի վարիչներից 5-ի տարիքը 60-ից վեր է: «Ես, ասենք, ավարտել եմ, թեկնածուական դիսերտացիան պաշտպանել եմ, իմ ղեկավարին շատ սիրում եմ, ով 75 տարեկան է, և ամբիոնում հայտարարվում է մեկ տեղ: Ես շատ տաղանդավոր երիտասարդ եմ, այդ տեղի համար 5 տարով դնում է իմ ղեկավարը: Բնականաբար, ես իմ թեկնածությունը կա'մ չպիտի դնեմ, կա'մ չեմ անցնի: Կամ` նույն անձնավորությունը 4 տեղ ամբիոնի վարիչ է: Դրանցից 3 տեղում կարող էր երիտասարդ լինել, բայց երբ այդ մարդիկ տեղ չունեն, ոչ էլ աշխատավարձն է բարվոք, թողնում են, երկրից դուրս են գալիս:
Ես դասավանդում եմ համալսարանում 1989-ից, ես ամեն տարի պայմանագիր եմ ստորագրում, չեմ համարել դա նվաստացուցիչ: Ոչ ոք չի արգելում դասախոսին, կարող է մնալ ամբիոնի պրոֆեսոր, ղեկավարել այն, բայց երիտասարդ սերնդի խնդիր է, ոչ թե` ավագ: Մեր ամբիոնները, Աստված երկար կյանք տա, բայց 5-7 տարի հետո գիտնական չունենք, որ շարունակի: Ամբիոնի վարիչի մասին չենք խոսում»,- բացատրեց նախարարը: