կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 12:26
Քաղաքական

ՀՀԿ-ական թատրոն

ՀՀԿ-ական թատրոն

Հունիսի 8-ին հանրապետության 9 մարզերի 55 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրության նախօրեին հայ քաղաքական քարտեզի հետաքրքիր ռելիեֆը ներկայացնող և քաղաքական իրականությունը բնորոշող հատկանշական պատկեր է ուրվագծվում հատկապես Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու ՀՀԿ-ական և երկու անկուսակցական թեկնածուներ:

 

Նախ` երկու խոսք վերջիններիս մասին: Անկուսակցականությունը մեր իրականության մեջ յուրօրինակ կուսակցականության արտահայտություն է սկսում ստանալ, մանավանդ որ քաղաքական կուսակցությունների անպտուղ ու անարդյունք պայքարից հոգնած, այդ պայքարին քամահրաբար նայող ընտրողի աչքին այն դիտվում է որպես թեկնածուի` որևէ արատով չվարակված լինելու ամենահամոզիչ վկայություն: Եվ հայոց ընտրական պրակտիկայում արդեն քիչ չեն դեպքերը, երբ նույնիսկ հայտնի դեմքերը գերադասում են քաղաքական պայքարի մեջ մտնել որևէ կուսակցական պատկանելության փաստով «չարատավորված»: Սա` ի դեպ:

 

Դառնանք Գորիսին: Իրավիճակն այստեղ առավել քան բնութագրական է հայ քաղաքական դաշտի համար: Անկուսակցականներից բացի` ընտրապայքարում հայտնվել են նույն կուսակցությանը պատկանող երկու թեկնածուներ: Սա ժողովրդավարություն խաղացող իշխող կուսակցության նորագույն տեխնոլոգիաներից է, որով փորձ է արվում ներս ու դրսի համար ընկալում ու պատկեր ձևավորել, թե ՀՀԿ-ն իբր այնպիսի կատարյալ ժողովրդավարական կառույց է, որ այնտեղ մրցակցության ոգին վառ է նույնիսկ կուսակիցների միջև:

 

Մինչդեռ ակնհայտ է, որ երկու հանրապետականներից միայն մեկն է «ինքը»` նա, ում ՀՀԿ քաղաքական խորհուրդը տվել է իր «դաբրոն» (հանրությանը  լրատվամիջոցներով ծանուցվեց, որ այդ երջանիկը Վաչագան Ադունց անուն-ազգանունով թեկնածուն է), իսկ մյուսն ընդամենը ժողովրդավարության` ՀՀԿ-ի մոդեռն բեմականացման մեջ այն խրտվիլակն է, որն ընտրապայքարում բան չի նշանակում, բայց պայքարի թեժության պատրանք է ստեղծում:

 

Մինչդեռ ամբողջ խնդիրն այն է, որ, ինչպես մեր երկրում ամեն բան, անմարդաբնակ հեռավոր գյուղի ղեկավարի ընտրության արդյունքն էլ որոշվում է ոչ այլուր, քան Մելիք-Ադամյան փողոցում, ուրեմն ուր մնաց` Գորիսի քաղաքապետինը, որի հունիսի 8-ի ընտրությունը կարևորվում է ևս մի հանգամանքով` որպես թեկնածու հանդես է գալու նաև անցած տարի լիսկայականների «ինքնապաշտպանության արդյունքում» սպանված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրը: Ասել է թե` ընտրություններն այստեղ լրիվ հայկական բովանդակություն են ստանում. հաղթողը կներկայացնի այս աղմկոտ ու կասկածելի գործի առնչությամբ իշխանական լիսկաներին հանրության «լիակատար վստահությունը»:

 

Այսինքն` ՀՀԿ-ն ժողովրդավարություն կխաղա և միաժամանակ կջախջախի իր հակառակորդներին, որը, որքան էլ տարօրինակ հնչի, այս պարագայում նույն ընտրողն է: Մինչդեռ արդարության և մանավանդ երկրի բյուջեի համար օգտակար կլիներ, եթե հին ու բարի ժամանակների նման ընտրության փոխարեն նշանակումներ կատարվեին, և մարդիկ ազատվեին այն նսեմ թատրոնի մասնակիցն ու հանդիսատեսը դառնալու պարտադրանքից, որը Մելիք-Ադամյան փողոցի տիրակալները վսեմորեն «ընտրություն» են անվանում:

 

Բ. Գասպարյան