Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Գյումրու օր» տոնակատարությունը 2025 թվականին կնշվի հոկտեմբեր ամսին։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 22-ին կայացած Գյումրիի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հստակ օր չնշելով:
Հատկանշական է, որ համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը քաղաքի օրվա տոնակատարությունների համար առաջարկել է 15 միլիոն դրամ բյուջե, սակայն քաղաքապետը շեշտեց՝ կա բարերար, ով պատրաստ է այդ միջոցառման համար ներդնել ավելի մեծ գումար: Նիստի օրակարգում ի սկզբանե ընդգրկված տոնակատարության կազմակերպման հարցն այսքանով սահմանափակվեց ու քաղաքապետի նախաձեռնությամբ օրակարգից հանվեց:
Քաղաքապետի քայլը դժգոհություն առաջացրեց Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի մոտ: Վերջինս շեշտեց, որ այսպիսի որոշումները պետք է ընդունի ավագանին, ոչ թե քաղաքապետը՝ միայնակ.
«Գյումրու հետ կապված ցանկացած որոշում պետք է ընդունի Գյումրիի ավագանին։ Ոչ ոք չի կարող անտեսել քաղաքի բարձրագույն իշխանությունը»,- նկատեց նա, ինչին ի պատասխան Վարդան Ղուկասյանն արձագանքեց, որ իր լիազորությունների սահմաններում է հարցը օրակարգից հանելը և վստահեցրեց, որ տոնն անպայման կլինի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին նույնպես քննարկվել էր տոնի անցկացման հարցը: Քաղաքապետն առաջարկել էր չեղարկել տոնը, և հարցը հանվել էր օրակարգից՝ առանց քվեարկության։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար խմբակցությունը, արձագանքելով քաղաքացիների դժգոհություններին, նախաձեռնել էր նոր նիստ՝ տոնի հարցը կրկին քննարկելու համար։
Ավելի ուշ քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարեց, որ «Գյումրու օրը», ինչպես ամեն տարի, այս տարի էլ կանցկացվի ավանդական ձևաչափով։ Տոնական միջոցառումները չեն չեղարկվել։ Վերջնական որոշումները պարզապես ձգձգվել են ֆինանսական հաշվետվության ուշացման պատճառով։