Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Մարսելում օրերս տեղի ունեցավ Հայ դատի պայքարի շարունակականության հիմնախնդրին նվիրված Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ շրջանը՝ կազմակերպված ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի կողմից։
Միջոցառմանը ներկա գտնվեցին շուրջ 200 մասնակից, և անցկացվեցին քննարկման չորս սեղաններ՝ հայ համայնքի ներկայիս մարտահրավերները վերլուծելու նպատակով, այդպիսով անդրադառնալով ֆրանսահայերի՝ որպես քաղաքացի, պարտականություններին, Հայ դատի և Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության տարանջատմանը, երիտասարդ սերնդի կրթությանը և հարցական խաղաղության մարտահրավերներին: Խոսվեց նաև ցեղասպանության ճանաչման, արցախահայության հավաքական վերադարձի և Բաքվում պահվող հայ պատանդների մասին:
Հայ դատի ամառային համալսարանի երկրորդ շրջանը համընկավ ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախմբի 60-ամյակի հետ։ «Հայ դատի հանձնախմբերի ցանցը որպես կազմակերպված շարժում գոյություն ունի ութսուն տարուց ավելի, իսկ Ֆրանսիայում՝ վաթսուն տարուց ավելի։ Այն կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանը անկախ պետություն չէր։ Այսօր ժամանակավոր խոչընդոտները չպետք է մեզ շեղեն մեր նպատակներից։ 70 տարվա խորհրդային ռեժիմի պայմաններում պաշտոնական Հայաստանը լռեցված էր։ Այնուամենայնիվ, Հայ դատը ո՛չ միայն գոյատևեց, այլև ծաղկեց՝ սփյուռքի դինամիկայի շնորհիվ։ Այսօր ևս, չնայած ներկայիս կառավարության ստեղծած անբարենպաստ պայմաններին, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները փորձում են քայլ առ քայլ առաջ տանել մեր նպատակները։ Սակայն մենք լիովին գիտակցում ենք, որ առանց Հայաստանի կառավարության ակտիվ աջակցության կարեւոր արդյունքների հասնելը չափազանց դժվար է։ Հետեւաբար, պիտի շարունակենք պայքարը, որպեսզի Հայաստանում փոխվի իշխանությունը, և վերջապես ձևավորվի մի կառավարություն, որը կկանգնի Հայ դատի կողքին։ Մենք խորապես հավատում ենք, որ Հայ դատի պաշտպանությունը կենսական է հենց հայկական պետականության համար։ Հայ դատի պայքարը չի՛ մահանա Հայաստանի իշխանությունների քաղաքական հրաժարումից։ Այն կմահանա, եթե հայ ժողովուրդը՝ Հայաստանի և սփյուռքի հատվածներով, դադարի պայքարել», – ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը։
Մարիամ Խաթլամաջյան