կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 09:08
Տնտեսական

Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. «Փաստ»

Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեռևս օգոստոսի վերջին Ռուսաստանում արգելափակվել էին հայկական «Սպայկա» ընկերության բեռնատարները: Այս հանգամանքը, բնականաբար, մեծ վնասներ է հասցնում ոչ միայն ընկերությանը, այլև հայ գյուղացուն, ընդհանրապես պետությանը:

Մեր ունեցած տեղեկություններով, իրավիճակը շտկելու նպատակով «Սպայկան» վերադասավորումներ է իրականացրել իր լոգիստիկ հնարավորություններում և որոշում է կայացրել վերսկսել մթերումները: «Փաստ» թերթը դիմեց ընկերության գրասենյակ՝ ճշտելու՝ արդյո՞ք «Սպայկան» իսկապես վերականգնել է մթերումները, և եթե այդպես է, ապա արտահանման հեռանկարի անորոշության պարագայում ինչպե՞ս է մթերում իրականացվում:

Ընկերությունից հաստատեցին մեր տեղեկությունները և հավելեցին, որ մթերումներն իրականացնելու են «թեկուզև պահեստավորման նպատակով, անգամ առանց արտահանման հստակ ապագայի»։

Նաև հավելեցին, որ «Սպայկան» կարևորում է այն գիտակցումը, որ ԵԱՏՄ և հատկապես ՌԴ շուկան շարունակում է մնալ Հայաստանի արտահանման հիմնական ու ներկայումս անփոխարինելի ուղղությունը, սակայն նույնիսկ բեռնատարների արգելափակման պարագայում չի կարող մենակ թողնել գյուղացուն` հասկանալով դրա աղետալի հետևանքները։ Ընկերությունից նաև վստահություն հայտնեցին, որ «ստեղծված իրավիճակը կգտնի իր կառուցողական հանգուցալուծումը՝ ի շահ Հայաստանի ու մեր գործընկերների»։