կարևոր
565 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 09:30
Հասարակություն

Բռնաճնշումների, ծեծի, սեքսիզմի դրսեւորման եւ ազատ մամուլի ճնշման պայմաններում այսօր կկայանա Ժողովրդավարության ֆորում. «Ժողովուրդ»

Բռնաճնշումների, ծեծի, սեքսիզմի դրսեւորման եւ ազատ մամուլի ճնշման պայմաններում այսօր կկայանա Ժողովրդավարության ֆորում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Երեւանում կանցկացվի ժողովրդավարության ֆորումը, որն արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է։ Ֆորումը տեղի է ունենալու Մատենադարանի նոր մասնաշենքում։ Բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը եւ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի եվրասիական տարածաշրջանի ավագ տնօրեն Մարիամ Լանսկոյը։

Ինչպես տեղեկացավ «Ժողովուրդ» օրաթերթը, պանելային քննարկումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է եւ խոսելու է Հայաստանում ժողովրդավարության որակի, առկա մարտահրավերների եւ ցուցիչների մասին։ Քննարկումներին, եվրոպացի ներկայացուցիչներից բացի, մասնակցելու են նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ինչպես նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ Մարիամ Գալստյանը։
Սակայն ուշագրավ է, որ ժողովրդավարության մասին խոսակցությունները տեղի են ունենալու մի միջավայրում, որտեղ իրականության հետ համեմատությունը բավականին հակասական պատկեր է ստանում։

• Մասնավորապես, հիշեցնենք, որ արդեն երեք ամիսից ավելի է կալանքի տակ է «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը՝ ընդամենը երկու րոպեանոց ուղերձի համար։

• Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը եւս շարունակում է մնալ կալանքի տակ՝ հարցազրույց տալու պատճառով։

• Բագրատ սրբազանի գլխավորությամբ ձերբակալվել են երկու տասնյակ անձինք՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով, բայց մինչ օրս հստակեցված չէ՝ ով, երբ եւ ինչպես էր պատրաստվում իրականացնել այդ ենթադրյալ գործողությունը։

• Միայն 2025թ. ընթացքում լրատվամիջոցների դեմ արդեն ներկայացվել է 37 հայցադիմում եւ պահանջվում է ընդհանուր առմամբ 66 մլն 700 հազ. դրամ փոխհատուցում։

• Ընդդիմադիր պատգամավորները ԱԺ դահլիճում ենթարկվում են բռնության գլխավոր դատախազի աչքի առաջ:

• Ընդդիմադիր պատգամավոր կնոջ հանդեպ իշխող ուժի քարտուղարը թույլ է տալիս այլասերված արտահայտություններ:

• ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա եւ մնում անպատիժ։

• Ընդդիմախոսին ծեծի են ենթարկում դիմակավորված անձինք:

• Քաղաքացուն, ըստ ահազանգի, Կադաստրի կոմիտեի ղեկավարի ցուցումով առեւանգում եւ ծեծում են՝ նրա «թասիբը պահելու» համար։

Այս իրողությունների պայմաններում Հայաստանում այսօր հերթական անգամ անցկացվելու է ժողովրդավարական ֆորումը. իրապես, սա նոր որակ է ժողովրդավարության մեջ։
Թերեւս այս հարցերը կքննարկվեն այդ ֆորումի ընթացքում»։