կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-10 13:45
Քաղաքական

ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, ՀԱԿ-ն էլ ընտրակաշառք բաժանում են. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ն էլ, ԲՀԿ-ն էլ, ՀԱԿ-ն էլ ընտրակաշառք բաժանում են. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ հայաստանյան ներկայիս ընդդիմությունը կազմալուծված է:

 

«Նոր իրավիճակ է ստեղծվել, և դրա առանձնահատկությունն այն է, որ ընդդիմադիր հատվածն այսօրվա դրությամբ կազմալուծված վիճակում է։ Երբ ձևավորվում էր քառյակը, որն այնուհետև եռյակ դարձավ, հույս կար, որ այն կկարողանա կայանալ որպես կազմակերպչական, իրավաքաղաքական լուրջ բևեռ ու հակակշիռ»,- ասաց պատգամավորը այսօր լրագրողներին:

 

Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ այս ամենում պետք չէ մեղավորներ փնտրել: Պատասխանելով հարցին, թե իշխանությունն իր մեղքի բաժինը չի՞ տեսնում այս հարցում, ասաց. «Ես մեղավոր չեմ փնտրում, որովհետև եթե իշխանությունները մեղավոր են, ապա ընդդիմադիրները մեղավոր են կրկնակի: Հարկավոր է վելուծել և հասկանալ պատճառները»։

 

Հարությունյանի խոսքերով՝ պետք չէ իշխանափոխության ձգտող ընդդիմություն, քանի որ, ըստ պատգամավորի, իշխանափոխությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հեղաշրջում, ինչը մեզ հարկավոր չէ, պետք է գաղափարական պայքար մղել։ «Այսօր ՀՀԿ-ում մտահոգված են ոչ թե արհեստածին ընդդիմադիր կառույցներ ձևավորելու հարցում, այլ որ ռեալ ընդդիմություն առաջանա»,- նշեց պատգամավորը:

 

Հարցին՝ ի վերջո, ինչպիսի՞ ընդդիմություն են ցանկանում ունենալ, եթե ոչ` իշխանափոխության ձգտող, գուցե իշխանության նվագի տակ պարո՞ղ և ոչ ավելին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ, իհարկե, ոչ, խոսքը դրա մասին չէ։ Ըստ նրա՝ քաղաքական ցանկացած կուսակցության առաքելությունը հանրային կյանքը որակապես իր հայեցակարգին, դոկտրինալ մոտեցումներին ադեկվատ դարձնելն է։ «Այդ նպատակով նախ` որևէ կուսակցություն պետք է հանդես գա իր ծրագրային մոտեցումներով և անընդհատ պրոպագանդի իր տեսլականը, որ հանրության մոտ առաջանա վստահություն այդ կառույցների նկատմամբ»,- ասաց պատգամավորը։

 

Ուշագրավ է, որ Հարությունյանը մի յուրօրինակ «խոստովանությամբ» հանդես եկավ: Նրա կարծիքով՝ ընտրակաշառք բաժանում են բոլորը՝ իրենց հնարավորությունների չափով: Դիտարկմանը, թե այսինքն՝ ամենաշատ ՀՀԿ-ն է, փաստորեն, ընտրակաշառք բաժանում, արձագանքեց. «Ինչո՞ւ մենակ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն էլ, ՀԱԿ-ն էլ»: