Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Օրեր առաջ մի անակնկալ հանդիպում աչքիս առաջ բերեց իմ կյանքի վերջին տարիների ամենաողբերգական իրականությունը։
Մի զարմիկ ունեմ, որի հետ մանկուց եղբայրական կապեր ենք ունեցել։ Խոստովանեմ, ինձ անչափ հարազատ մարդ է եղել։ Հետո եկավ Նիկոլը, ու զարմիկս դարձավ նիկոլական՝ բարձր պաշտոններ ստանալով և ուրանալով ամեն ազգայինը։ Մեր ճամփաները վերջնականապես բաժանվեցին հատկապես 2020-ի պատերազմից հետո։ Նա դարձավ անհայրենիք դավաճանների խմբակի մաս, իսկ ես մնացի իրենց բառերով՝ անուղեղ և կորուսյալ հայրենասեր։
Տարիների ընթացքում զարմիկիս գործած հանցավոր կամ ապազգային, հայրենիքն ուրանալու շատ արարքների մասին եմ իմացել, ու ամեն անգամ սիրտս խոցվել է, որ հենց իմ ազգականն է Նիկոլի կողքին, Նիկոլի ոհմակի մեջ այդպիսի արարքներ գործել հայրենիքի նկատմամբ, այն հայրենիքի, որի մասին մենք սիրով բազում անգամներ ենք խոսել մանկության, պատանեկության ու երիտասարդության տարիներին։
Երկար ժամանակ ինձ թվում էր, թե նա այլևս ինձ համար գոյություն չունի։ Թվում էր, թե այդպիսի ազգուրաց մարդը վաղուց բարոյապես մեռած է ինձ համար, բայց․․․
Անկախության տոնի նախօրեին՝ Արցախի հայաթափման օրը, փողոցում հանկարծ անակնկալ նա դուրս է գալիս դեմս․․․
Խոստովանեմ, չնչին մի վայրկյան ուրախության զգացում ունեցա։ Այնպիսի զգացում, որ մարդը ունենում է իր հարազատին անակնկալ տեսնելիս։ Նրա աչքերի մեջ էլ նկատեցի, որ ինքն էլ կարծես ուրախացավ՝ տեսնելով իր մոտ ազգականին։ Կիսաքայլ արեց դեպի ինձ՝ հավանաբար բարևելու, գուցե ողջագուրվելու համար, բայց այդ 1-2 վայրկյանների կիսաուրախության ընթացքում աչքիս առաջ երևացին Արցախի ուրացման բոլոր դրվագները՝ իմ զինընկերների զոհվելը, իմ ձեռքերի մեջ մտերիմների վերջին շունչը, բազմաթիվ Արցախցիների վերջին նամակները, որ իրենց զավակներին պատմեմ հայրերի հերոսությունների մասին, որդիներին հողին հանձնող մայրերի լացի ձայնը, առանց ծնողների մնացած երեխաների որբացած աչքերը, հազարավոր մարդկանց անտուն մնալը, թշնամու ցինիկ ծիծաղը․․․ այն ողբերգությունները, որոնք ես տեսա ու ապրեցի 2020-23 թվականների ընթացքում ու այն ամբողջ աղետը, որ մինչև հիմա իմ ազգին ու հայրենիքին է պատել։
Այդ 1-2 վայրկյանների ընթացքում մտքումս առաջին անգամ դեմ դիմաց ելան հայրենիքն ու արյան կանչը։
Ես չգիտեմ՝ որևէ մեկը այս զգացումներս կհասկանա՞, թե ոչ։ Հնարավոր է, գրածիս «հերոսը»՝ զարմիկս էլ է կարդում։ Չգիտեմ, նա կհասկանա՞, թե ոչ։ Գուցե ոչ ոք չհասկանա, բայց այդ պահին ես հասկացա, որ արյունը թեպետ ջուր չի դառնում, բայց Հայրենիքը ինձ համար արյունից ու ամեն ինչից վեր եղավ։
Այդ 1-2 վայրկյանների ընթացքում ներքին ուրախությունս վերափոխվեց այնպիսի ողբերգության, որ ուղղակի սառը և անտարբեր արձագանքեցի զարմիկիս ողջույնին, այնպես, ինչպես կարձագանքեի որևէ թուրքի։
Նկատեցի, որ իմ մեռելային սառնությունը իր նկատմամբ զարմիկիս համար անկնկալ էր, քանի որ շփոթվեց ու քայլերը շտկելով՝ շարունակեց ճանապարհը, բայց այդ կիսահանդիպումն ինձ համար հոգու անասելի մեծ ցավ էր։ Դա իմ ներքին կռիվն էր, որտեղ մեռնում էր իմ անցյալը։ Ներքին ձայնս ուզում էր, որ ջերմորեն գրկեմ զարմիկիս ու ասեմ, թե ինչքան եմ կարոտել մեր մանկության ու պատանեկության անհոգ տարիներին, բայց սիրտս և ուղեղս հիշեցնում էին դավաճանության, նյութապաշտության, կորուստների, կորուստների ու կորուստների մասին։
Աչքերիս մեջ խառնվել էին արցունքն ու արյունը։
Զարմիկի հետևից քայլող մի քանի շակալներն այդ պահին այնպիսի հայացքներով էին նայում ինձ, կարծես իրենց թշնամին լինեի, բայց պատկերացրեք, մեր փողոցի անտեր շներին ավելի մեծ նշանակություն կտայի այդ պահին, քան զարմիկիս հետևից քայլող այդ շակալներին։
Մոլորված քայլերով գնացող նիկոլախտով տառապող զարմիկիս հետ կիսահանդիպման այդ պահը ինձ համար սեփական անցյալի կորուստի ու ազգային ողբերգության սահմանագիծն էր։ Դա մի գիծ էր, որը մի կողմից ատելություն էր բերում, մյուս կողմից հիշեցնում արյունակցական սիրո մասին։ Դա մի կողմից վրեժ էր տենչում զոհված ընկերների ու վաճառված հայրենի հողի համար, մյուս կողմից հիշեցնում մանկության տարիների մասին։ Դա ի՛մ ողբերգությունն էր։
Այդ կիսահանդիպումից հետո ես զգացի, թե Նիկոլի բերած աղետն ինչպիսի մասշտաբների է հասել։ Որ հայրենիքի կորուստը սոսկ ֆիզիկական կորուստ չէ, որ դա միայն եկեղեցիների, բերդերի, հարյուր հազարավոր մարդկանց տների ու պատմության կորուստ չէ, դա հազարավոր զինվորների կյանքի կորուստ չէ միայն։ Դա հոգու կորուստ է։ Դա սեփական անցյալի ու կենսագրության կորուստ է։ Դա սիրո կորուստ է»։