Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ Ազգային ժողովում ծավալվող խմորումներն այլևս դժվար է անվանել սովորական քաղաքական շոու: Առաջին պլան են մղվում ոչ թե ներկայացված հաշվետվության բովանդակությունը և դրա շուրջ ընթացող քննարկումները, այլ այն, թե ինչ կարող է թաքնված լինել դրանց տողատակում:
Ինքնին հետաքրքրական է, որ, ի տարբերություն նախորդ նմանատիպ հաշվետվությունների, այս անգամ թալանի ու ապօրինությունների հետ կապված մեղադրանքները ոչ թե հասցեական են` ըստ ոլորտների և դրանց պատասխանատուների, այլ ուղղված են ամբողջական կառավարությանը: Շեշտադրումների նման փոփոխությունը տեղի ունեցավ երկու գործոնի ազդեցությամբ: Նախ` ԱԺ նախագահը, նրա տեղակալը և խորհրդարանական մեծամասնության մի զգալի մասը բոլորի համար անակնկալ կերպով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կողմից հաշվետվությունը ներկայացնելուց անմիջապես հետո խնդիրը ոլորտների, այսինքն` նախարարությունների կամ պատկան մարմինների նեղ դաշտից տեղափոխեցին վարչապետի և կառավարության ընդհանուր պատասխանատվության տիրույթ` հայտարարելով, թե վարչապետը պարտավոր է համապատասխան ընթացք տալ բացահայտումներին, առնվազն պաշտոններից ազատել ապօրինությունների բոլոր պատասխանատուներին, իսկ անհրաժեշտության դեպքում նյութերն ուղարկել դատախազություն: Այլ կերպ ասած` ԱԺ նախագահությունն ամեն ինչ արեց, որ ի սկզբանե սլաքներն ուղղվեն դեպի կառավարությունը և անձամբ վարչապետը:
Երկրորդ գործոնը վերջիններիս կողմից, կամա թե ակամա, այդ խայծը կուլ տալն էր: Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, խորհրդարանում ծավալված քննարկումների ժամանակ կառավարության պատասխանը կառուցեց ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ հերքելու, փաստացի Վերահսկիչ պալատի բացահայտումների մեծ մասի հետ չհամաձայնելու տրամաբանությամբ: Ավելին` Գևորգյանի պարզաբանումներից կարելի էր տպավորություն ստանալ, թե նա կատարված բացահայտումներում քրեական բնույթի զանցառություններ, հանցագործություններ չի տեսնում: Բայց, անկախ այս ամենից, նման մեկնաբանությամբ գործադիրը հոժարակամ ստանձնեց դրանց համար ամբողջական պատասխանատվությունը: Եվ սա թույլ է տալիս ենթադրելու, որ խորհրդարանում ծավալվել է ոչ թե ՎՊ հաշվետվության քննարկում, այլ կառավարության ու վարչապետի դիմազրկման, նրանց քավության նոխազ դարձնելու:
Ողջ հարցն այն է, թե այս ամենում ի սկզբանե ինչ դերակատարում է վերապահված եղել ՎՊ-ին: Եթե նկատի ունենանք ներկայացված չարաշահումների, յուրացումների, իրավախախտումների աննախադեպ ծավալը, կարելի է կարծել, որ ՎՊ-ն այս խաղի մեջ ներգրավվել է` ստանձնելով գլխավոր գործող անձի դերը: Սակայն չի կարելի բացառել նաև, որ խորհդարանական մեծամասնությունը և ԱԺ ղեկավարությունը պարզապես փորձել են օգտվել ստեղծված հարմար առիթից ու ՎՊ-ին դարձնել գործիք:
Թե ինչո՞ւ են հենց այս փուլում սլաքներն ուղղվում Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ, երբ դեռևս չեն մարել կրքերը փողերի լվացման մեջ մեղադրվող օֆշորային ընկերության հետ վարչապետի ունեցած առնչությունների շուրջ, ու գործը գտնվում է ոստիկանությունում, հարցի մյուս` ոչ պակաս կարևոր մասն է, որին կանդրադառնանք առաջիկայում: Սակայն այս պահին հարկ է անդրադառնալ այդ հարցի մյուս` բորոլովին էլ ոչ երկրորդական կողմին:
Մեղադրանքները չընդունելու` գործադիրի այս կեցվածքը ստեղծել է մի վիճակ, երբ կշեռքի նժարներին դրվել են ՎՊ-ի, կառավարության և Ազգային ժողովի հեղինակության հարցը: Ակնհայտ է, որ կա'մ ՎՊ-ն է ստում, կա'մ կառավարությունը, ինչպես դիպուկ նկատել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Անուղղակի կերպով այս միտքը զարգացրել է նաև անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ելույթի ժամանակ ասելով, թե ԱԺ-ն այս երկու օղակների միջև «արբիտրի» դեր պետք է խաղա:
Մի կողմից նման հակադրությունը, իհարկե, լավ է, որովհետև դա կարող է իշխանությունների հակակշռման սկզբունքի նշույլների առկայության մասին խոսել: Սակայն հայկական իրականությունում, որտեղ կատարված է դերերի հստակ բաշխվածություն, նման պատահականություններ չեն լինում: Եվ դժվար է պատկերացնել, որ ՎՊ-ն կառավարության ու վարչապետի դեմ որոշել է դուրս գալ գրեթե դոնքիշոտյան ռոմանտիզմով: Այնպես որ` սա շատ ավելի նման է թատրոնի: ԱԺ-ն, իհարկե, «արբիտրի» գործառույթ չունի: Նրա առջև հիմա առկա է կոնկրետ ընտրություն. եթե, կառավարության բացատրությունները հալած յուղի տեղ ընդունելով, ՎՊ հաշվետվությունն ընդունում է սոսկ ի գիտություն, ինչպես նախատեսված է, ու այն հանգիստ խղճով ուղարկում է արխիվ, ապա խորհրդարանը դառնում է այդ հաշվետվության մեջ նկարագրված խայտառակ պատկերի համապատասխանատուն, եթե չի ցանկանում «կեղտոտվել», ապա անկախ նրանից` ՎՊ-ն կդիմի դատախազություն, թե` ոչ, դա պետք է նախաձեռնի խորհրդարանը: Բայց դա հարցը լիովին չի փակում: Որովհետև եթե այդ բացահայտումների հիման վրա քրեական գործեր հարուցվեն և պարզվի, որ իսկապես խնդիրները մասշտաբային են, ապա մեխանիկորեն առաջ է գալիս կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Ի վերջո, հենց նույն խորհրդարանը ընդամենը օրեր առաջ ընդունեց կառավարության 2012թ. բյուջեի կատարողականը: Մինչդեռ նման քրեական հետապնդումների մեկնարկը նշանակելու է, որ կառավարությունն իր հաշվետվությունը ներկայացնելիս պարզապես խաբել է օրենսդիր մարմնին: Հարցն այն է` կհանդուրժի՞ դա, արդյոք, խորհրդարանը:
Բայց սա միայն խորհրդարանի խնդիրը չէ: Այլ առնչվում է քաղաքական պատասխանատվության` հայկական իրականության մեջ բացարձակապես արհամարհված կատեգորիային: Այն մարմինների, գերատեսչությունների ղեկավարները, որոնց մասով ՎՊ-ն խախտումներ ու յուրացումներ է հայտնաբերել, նշանակվել են ոչ թե վարչապետի կամ կառավարության, այլ իշխող քաղաքական մեծամասնության, տվյալ դեպքում` ՀՀԿ-ի և նրա ղեկավարի դե ֆակտո մենաշնորհային քվոտայով: Համենայն դեպս, 2012-ի կեսից արդեն Հայաստանում գործնականում ունենք միակուսակցական իշխանական համակարգ: Հետևաբար, այդ թալանի համար քաղաքական պատասխանատվությունը կառավարությունից ու դրա ղեկավարից առաջ կրում է օրենսդիր, գործադիր և փաստացի նաև դատական իշխանությունները, դրա օղակները ձևավորած քաղաքական ուժը: Հետևաբար, այստեղ զուտ Տիգրան Սարգսյան վարչապետի պատասխանատվության հարցը չէ, որքան էլ փորձեն նրան քավության նոխազ դարձնել:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ