Փոխարժեքներ
22 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2025 թ․ «Ավրորայի» չորս հերոսների անունները, որոնք հավակնում են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւին։ Սալի Բեքերին (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբին (Սուդան), Զուհայր Լահնային (Մարոկկո) եւ Ջիլ Սիմանին (ԱՄՆ/Հարավային Սուդան) «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն ընտրել է ավելի քան 800 թեկնածուներից եւ որպես մրցանակի հավակնորդներ՝ ներկայացրել Նյու Յորքում՝ Ամերիկայի արտասահմանյան մամուլի ակումբի (OPC) հետ համատեղ կազմակերպված ճեպազրույցի եւ քննարկման ժամանակ։ Այս չորս հերոսներից մեկը կդառնա այս տարվա «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Նրա անունը կհայտարարվի նոյեմբերի 6-ին Նյու Յորքում կայանալիք մրցանակի շնորհման արարողության ժամանակ։
Նույնիսկ այն պարագայում, երբ մարդասիրական ճգնաժամերը խորանում են, իսկ միջազգային ֆինանսավորումը կրճատվում, այս բացառիկ անհատները շարունակում են գործել եւ փոխել իրադրությունն իրենց համայնքներում՝ վտանգելով սեփական կյանքը եւ փրկելով երեխաներին պատերազմական գոտիներում, շարունակելով բաց պահել հիվանդանոցները նույնիսկ կրակի տակ, կենսական բուժում ապահովելով հեռավոր եւ հակամարտություններից տուժած համայնքներում։
2025 թ․ «Ավրորայի» հերոսներն են․
««Ավրորայի» այս չորս հերոսները հիշեցնում են այն մասին, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում ոմանց խիզախությունը, կարեկցանքն ու նվիրումը կարող են լուսավորել շատերի ճանապարհը», - ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին։ «Մեծագույն պատիվ է փառաբանել նրանց արտասովոր աշխատանքը եւ այն հույսը, որ նրանք պարգեւում են աշխարհի ամենախոցելի խմբերին»։
Ըստ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների՝ 2025 թվականը կարող է դիտարկվել որպես ամենամահացու տարին մարդասիրական աշխատանք իրականացնողների համար։ Այս համատեքստում «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացնում հատկապես տեղում մարդասիրական գործունեություն ծավալողներին, որոնք գործում են աշխարհի ամենավտանգավոր ճգնաժամերի առաջնագծում։ Դափնեկիրը կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ՝ իր խիզախ գործունեությունը շարունակելու եւ դրա ազդեցությունն ընդլայնելու համար՝ աջակցելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ կազմակերպություններին։
«Այս տարվա առաջադրումների մեջ առանձնանում են այն անհատների բացառիկ խիզախությունը, հնարամտությունը եւ վճռականությունը, որոնք, հաշվի առնելով սեփական փորձն ու իրենց համայնքի առանձնահատկությունները, արձագանքում են ճգնաժամերին այնտեղ, որտեղ ուրիշ ոչ ոք դա չի անում։ Նրանց աշխատանքը հիշեցնում է այն մասին, որ տրանսֆորմացիոն փոփոխությունները հաճախ սկսվում են տեղական մակարդակում՝ առաջնորդվելով այն մարդկանց կողմից, որոնք լավագույնս ճանաչում են իրենց համայնքները եւ ձգտում են մտածված, երկարաժամկետ լուծումների»,- հավելեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր, հայտնի լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան Լեյմա Գբովեն։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ․ դափնեկրի անունը կհայտարարի նոյեմբերի 6-ին Նյու Յորքի Էլիս կղզում սպասվող 2025 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ Այս պատմական վայրում, որը դարձել է հույսի եւ ապաստանի խորհրդանիշ, «Ավրորան» հարգանքի տուրք կմատուցի բացառիկ մարդասերների, որոնք ուրիշներին փրկելու համար վտանգում են սեփական կյանքը։
Մրցանակի շնորհման արարողության ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի նաեւ այն բարերարներին, որոնք մարմնավորում են «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը․ Գրասա Մաշել, Մայքլ Միլքեն, Դեյվիդ Ռուբենսթայն եւ Հենրիետա Ֆոր։ Երեկոն կվարեն բազմաթիվ մրցանակների արժանացած լրագրող Ջուդի Վուդրաֆը եւ բեսթսելլեր-հեղինակ, սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսը, կենդանի կատարումներով հանդես կգան «Գրեմմիի» առաջադրված երաժիշտներ Ռուֆուս Ուեյնրայթը եւ Ալոե Բլեքը։
Ամրագրեք ձեր տեղը, միացեք մեզ՝ տոնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տասնամյակը։ Համագործակցության կամ անհատական տոմսերի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ. փոստով։