կարևոր
1438 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-09 18:19
Հասարակություն

Մի մտահոգիչ դիտարկում «Հայրենիք» – «Պետություն» հասկացությունների հարաբերակցության շուրջ հարցի շուրջ

Մի մտահոգիչ դիտարկում «Հայրենիք» – «Պետություն» հասկացությունների հարաբերակցության շուրջ հարցի շուրջ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների ս. թ. հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում հանրապետության 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդարձակ ելույթով հանդես եկած ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը մի դրվագում, մեր կարծիքով, բանաձևեց արտաքուստ անմեղ ու գրավիչ, բայց խորքիմաստային առումով՝ մտահոգիչ, վտանգավոր ու վնասակար հայեցակարգային բնույթի մի եզրույթ, այն է՝ «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքը՝ ուժեղացրու պետությունը» : Իհարկե, հայրենի հող-հայրենիքի վրա հիմնված պետականությունը, տվյալ դեպքում՝ ՀՀ-ն, սիրելը անառարկելի, իմպերատիվ ճշմարտություն է: Բայց եթե այս կարգախոսը գործածվեր սովորական մի երկրի առնչությամբ, կարելի էր ընկալել ու չառարկել, քանզի այն նույնիսկ դաստիարակիչ հայրենասիրական բաղադրիչներ (կոմպոնենտներ) է պարունակում: Սակայն, կարծում ենք, միանգամայն ուրիշ է և այլ կերպ պիտի ընկալել պատմաաշխարհագրական բազմահարուստ ու պատմաքաղաքական և հոգևոր-մշակութային հագեցած անցյալ ունեցող, երբեմնի ծովից ծով սահմաններ ունեցող, իսկ ներկայում աշխարհաքաղաքական բարդ կացության մեջ հայտնված Հայաստանի ու հայ ժողովրդի պարագայում:

Իբրև պատմաբան և ավելի քան երեքհազարամյա Հայք-Հայաստանի պատմության քիչ թե շատ գիտակ՝ կարծում ենք, որ չի կարելի քաղաքական այդ երկու՝ «Հայրենիք» և «Պետություն» հասկացությունները, նույնիսկ հայոց պատմության անցյալի հիմքով ու հենքով, տարածականորեն նույնացնել: Պատմականորեն ստացվել է այնպես, որ մեր հին և միջնադարյան հինգ-վեց պետականությունները (հարստությունները), արտաքին ու ներքին աննպաստ գործոններով պայմանավորված, հիմնականում չեն համընկել մեր հսկայածավալ հայրենիքի՝ պատմահայր Մ. Խորենացուն կամ մեծ բնագետ Ա. Շիրակացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ում ներկայացված Մեծ Հայքի քարտեզի 15 աշխարհների (նահանգների) հետ: Եվ միշտ չէ, որ դրանք կարող են համընկնել կամ նույնանալ: Պատմական անցյալի ու ներկայիս իրողությունների համադրման առումով աշխարհի շուրջ 200-ի հասնող երկրներում միշտ չէ, որ կարելի է հանդիպել տվյալ ժողովրդի հայրենիքն ու պետությունը տարածականորեն իրար նույնական կամ առավել ևս՝ լիովին համընկնելու իրողությանը:

Նկատենք, որ ՀՀ 4 հարևաններից 2-ը՝ Իրանը և Վրաստանը, որոնց հետ դրական հարաբերություններ ունենք, ի սկզբանե ապրում են իրենց պատմական հողի վրա, և նրանց հայրենիքն ու պետությունը հիմնականում տարածականորեն համընկնում են ու, ըստ էության, նույնական են: Իսկ մյուս երկուսի՝ Թուրքիայի և Ադրբեջանի (որոնց հետ, ըստ էության, գտնվում ենք առճակատման մեջ և դիվանագիտական հարաբերություններ չունենք) պետականություններն իրենց պատմական հայրենիքում չեն, այլ քոչած, ներգաղթած և բռնազավթած տարածքներում են հաստատվել: Այդ են մեզ հուշում ու հավաստում հայ և օտար պատմավավերագիր նյութական, գրական ու հոգևոր աղբյուրները, իրողություններն ու արդի իրականությունը: Ավելին՝ նրանց պետականություններն էապես կառուցված են հայոց պատմական հայրենիքի տարածքների վրա, որտեղից էլ ծագում են ՀՀ հանդեպ թշնամանքը, միջպետական հարաբերությունների չկարգավորված վիճակը և իբրև դրա պարադոքսային արտահայտություն՝ նոր պատերազմի հրահրման և նոր տարածքներ գրավելու հավակնություններ:

Պատմականորեն ստեղծվել է մի իրավիճակ, որ ներկայիս մեր պետությունը՝ ՀՀ-ն, մեր պատմական հայրենիքի ընդամենը 1/10-րդ մասն է, և որի տարածքային ամբողջականության հանդեպ նոր ոտնձգության սպառնալիք կա, էլ չենք խոսում Արցախի փաստական կորստի մասին: Թուրք-ադրբեջանական ծավալապաշտ քարոզչամեքենան, կեղծելով պատմությունն ու իրականությունը, հավակնում է տիրանալ բուն արևելահայ այլ տարածքներին, ընդհուպ մինչև Երևան՝ դրանք ներկայացնելով իբրև ո՛չ ավել, ո՛չ պակաս «Արևմտյան Ադրբեջան»:

Նման լկտի հավակնությունների պայմաններում չենք կարծում, թե հանդես գալով քարոզչական բնույթի «Հայրենիքը պետությունն է», այսինքն՝ ընդամենը Հայաստանի Հանրապետությունն է բառախաղի նմանվող զգուշավոր կարգախոսով, ըստ որի՝ մեր հայրենիքը միայն ներկայիս ՀՀ-ն է՝ դա կհասկանա մեր հարևան, մեղմ ասած, քաղաքական հակառակորդը և այլևս ոտնձգություն թույլ չի տա մեր այս պետականության սահմանների ու տարածքի նկատմամբ, ինչին վերջին տարիներին արդեն քանիցս ականատես ենք եղել:

Մյուս կողմից՝ ասվածը բնավ չի նշանակում, թե չպետք է սիրես քո հայրենիքը և նրա միջուկը հանդիսացող ՀՀ-ն: 19-րդ դարակեսերի ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանը, երբ գրում էր ներկայում պետական օրհներգ ու քաղաքական աղոթք դարձած «Մեր հայրենիքը», պատգամում էր, որ պայքարի մաքառումաշատ ճանապարհով միայն կարող ենք հասնել պետականության գաղափարի նյութականացմանը: Եվ այդ ուղիով է, որ մեծ կորուստների ու զոհողությունների գնով հասանք 1918 թ. Առաջին Հանրապետությանը, նրա իրավահաջորդ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանին և մերօրյա՝ Երրորդ Հանրապետությանը:

Հայրենիքն ու պետականությունը հոգևոր իմաստով անբաժանելի, իրար փոխլրացնող ամբողջություն են: Պարզապես անթույլատրելի է մեր մեծ հայրենիքն ու մեր ներկայիս փոքրատարածք պետությունը՝ ՀՀ-ն, մտովի կտրել իրարից, օտարացնել ու նույնիսկ հակադրել իրար: Ընդհակառակը, թեկուզ իբրև պատմական հիշողություն՝ մոռացության չմատնելով մեր պատմական մեծ հայրենիքը՝ ազգովի պիտի ջանանք պաշտպանել ու ամրակայել ներկայիս մեր պետականությունը՝ անկախ նրա տարածքային չափերից, նրա իշխանավորներից, 19-րդ դարի արևելահայ մեծ հրապարակախոս Ստ. Նազարյանցի խոսքերով ասած՝ «քաղաքական անոթը», այսինքն՝ «պետականությունը» , քանզի յուրաքանչյուր ազգ-ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձևը նրա պետականությունն է, նրա կերտումը, պաշտպանված, կենսունակ, ստեղծարար ու ժողովրդավար լինելը: Հին աշխարհի պատմագիր ու փիլիսոփա Լուկիոս Պլուտարքոսը (46-120 մ.թ.) հղում անելով անտիկ աշխարհի մեծ փլիսոփա Պլատոն Աթենացուն (427-347 մ. թ.ա.)՝ նշում է, որ «սոսկ այն ժամանակ պետությունները կազատվեն չարիքից, երբ նախախնամության բարի կամքով միավորվեն ուժեղ իշխանությունը, իմաստությունն ու արդարությունը» : Միաժամանակ ճիշտ է նկատել պետության գաղափարի առաջին մարմնավորող նույն Պլատոնը, որ սովորաբար արդարացին, լինի մարդ, թե պետություն, միշտ տուժում է և ավելին է վճարում, քան անարդարացին : Ասված միտքը արդիական է հնչում Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

Հայ ժողովրդի ավելի քան երեքհազարամյա հայրենիքն այն բնօրրանն է, ուր բնապատմական օրինաչափ զարգացումներով կազմավորվել է հայ ժողովուրդը որպես ազգ-հանրույթ, քաղաքական առումով ինքնակազմակերպվել ու կերտվել են հայոց հին և միջնադարյան պետականությունները, ստեղծագործ աշխատանքով արարվել են հոգևոր-մշակութային բազում համամարդկային արժեքներ և այլն: Մեր հայրենի միջուկը հանդիսացող ՀՀ-ից բացի՝ մեր ներկա ու ապագա սերունդը պիտի շարունակ հիշի ու ոչ պակաս կերպով սիրի նաև մեր պատմական ամբողջական մեծ հայրենիքը՝ Հայք-Հայաստանը, ոչ թե իբրև զուտ հիշողություն, այլև հարկ եղած դեպքում՝ պահանջատեր լինելու առումով: Այդ ամենը ոչ միայն չպետք է մոռացության մատնվի, այլև դրվի մեր ազգային պետական կրթության ու դաստիարակության, եթե կուզեք, նաև քաղաքականության հիմքում: Եթե մեր հայրենիքը միայն ՀՀ-ն է, կնշանակի, որ մենք այլևս չպետք է մտածենք ու գործենք անարդար, բռնի, հանցավոր, ցեղասպանական մեթոդներով բռնազավթված մեր հայրենիքի երկրամասերը վերադարձնելու, պատմական արդարությունն ու հայ ժողովրդի իրավունքները վերականգնելու ուղղությամբ, իսկ հոգևոր առումով կնշանակի մոռացության տալ հայոց ավելի քան երեքհազարամյա պատմությունը, նրա արարած հոգևոր-մշակութային արժեքները:

Համեմատական կարգով հարկ է արձանագրել, որ հայոց պետականությունները կերտվել են հայոց հայրենիքում՝ Մեծ Հայքում, Փոքր Հայքում և միջնադարում հայոց հարազատ հող-հայրենիք հանդիսացող Հայկական Կիլիկիայում: Ի տարբերություն դրա՝ ներկայիս մեր հարևան, միջնադարում մեր տարածաշրջանում հայտնված թուրք-թաթարական վաչկատուն, բարբարոս ցեղերն ու ժողովուրդները նստակեցության անցնելով՝ ի վերջո պետականություն են հիմնել բնավ ոչ իրենց պատմական հայրենիքում, այլ օտարի հողում: Ընդ որում, այդ ընթացքում իրենց ճանապարհին կոտորելով, թալանելով և նույնիսկ ոչնչացնելով (ցեղասպան անելով) կամ էլ յուրացնելով մարդկության ստեղծած քաղաքակրթական արժեքները՝ հիմնել են սոսկ բռնի ռազմուժի վրա հենված բռնակալ պետություններ՝ մշտապես ահուսարսափի մեջ պահելով իրենց պատմական բուն հայրենիքում ապրող ու արարող ազգերին ու ժողովուրդներին: Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Անդրբայկալ-Սիբիրից Միջին Ասիայով (այսինքն՝ Մեծ Թուրանից) գաղթած թուրքական քոչվոր ցեղերից մեկի առաջնորդ Օսմանի կամ Օթմանի՝ 1299 թ. Փոքր Ասիայում (Կենտրոնական Անատոլիայում) հիմնած օսմանյան պետությանը, որը նվաճելով հարևան երկրները, առաջնահերթ կործանելով Բյուզանդիան, ինչպես նաև նվաճելով Հայաստանի մեծ մասը (Արևմտյան Հայաստանը)՝ հիմնեց Օսմանյան կայսրությունը՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը: Իսկ մյուսը՝ դարձյալ միջնադարում անդրկովկասյան տարածաշրջան ներթափանցած նրա ցեղակից թյուրք-թաթարական քոչվոր ցեղերից առաջին անգամ 1918 թ. մայիսին պետություն դարձած «Ազերբայջան-Ադրբեջանը», յուրացրեց պարսկական «Ատրպատական» երկրամասի անվանումը, որն, ի դեպ, հեռագնա նպատակներով անվանակոչել են օսմանյան զորավարներ Խալիլ և Նուրի փաշաները :

Ցավալին ու դատապարտելին այն է, որ ՀՀ-ին և հայ ժողովրդին թշնամի այդ երկու ցեղակից պետությունները գործնականում Խորհրդային Ռուսաստանի օժանդակությամբ, հատկապես 1920 թ. Ալեքսանդրապոլի և 1921 թ. Մոսկվայի ու Կարսի հայավնաս պայմանագրերով յուրացնելով հայապատկան երկրամասերի մեծ մասը, այդ թվում՝ 1921 թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ ԿԿ-ի Կովբյուրոյի անօրինական որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցելով Խորհրդային Ադրբեջանին՝ այժմ էլ համաշխարհային հանրության ու միջազգային կառույցների աչքի առաջ սպառնում են նոր պատերազմով՝ ՀՀ ղեկավար շրջանակների կողմից շարունակ կրկնվող ՀՀ ընդամենը 29,8 հազ քառ. կմ տարածքից նոր հողակտորներ ու գյուղեր «պոկելով», միջանցքներ պահանջելով և այլն:

Մի պահ, եթե անգամ անգիտանանք, թե Կարսը, Սուրմալուն, անգամ Արևմտյան Հայաստանը «մեր հայրենիքը չեն», կամ դա ընդամենը պատմական անցյալ է, այդ համատեքստում մեջտեղ է գալիս և մեզ շարունակում է տանջել է մեր հայրենիքի կորստի ամենաթարմ օրինակը, թե՞ «Արցախը մեր հայրենիքը չէ»: Ցավոք, ներկայում այսպես են գրվում հայոց պատմության ու հայրենագիտական բնույթի դասագրքերը, և նոր աճող սերնդին հաճախ հրամցվում են ապազգային, օտարածին գաղափարներ, տեսադրույթներ ու կրթական չափորոշիչներ, ինչը կնշանակի սխալ հունով տանել նոր սերնդի կրթությունն ու դաստիարակությունը:

Հանրագումարի բերելով վերոշարադրյալը՝ արձանգրենք, որ անընդունելի է վարչապետի արտահայտած նման ձևակերպումը թե՛ քաղաքական և թե՛ բարոյական առումներով: Մյուս կողմից՝ պիտի տեսնել ու հաշվի առնել, թե քաղաքական լկտիության հասնող թուրք-ադրբեջանական պետական մակարդակի հավակնությունները ո՞ւր են հասել: Այս համատեքստում մեր ձեռնարկելիք հակաքայլը, ինչպես պատգամել են մեր հասարակական-քաղաքական մտքի ականավոր դեմքերը՝ սկսած Խ. Աբովյանից, ավարտած Հ. Թումանյանով ու Ե. Չարենցով, ազգի, հայրենիքի ու պետության փրկությունը միասնության և անբաժանելիության մեջ է: Բայց, ցավոք, դարձյալ հարց է ծագում՝ արդյոք մի՞շտ ենք առաջնորդվել ու առաջնորդվում հայակերտումի ու հայրենակերտումի այդ գաղափարով: Այդ առումով ազգովի մտածելու, խորհելու, դասեր քաղելու ու հետևություններ անելու, իսկ որ առավել կարևոր է՝ իրականացնելիք շատ գործեր կան:

Արարատ Հակոբյան

«Դրօշակ» թիվ 12 2023 թ.