կարևոր
4093 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-08 19:53
Արցախ

Արցախի նախագահի թեկնածության հարցի շուրջ 5 խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել

Արցախի նախագահի թեկնածության հարցի շուրջ 5 խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել

Արցախի Հանրապետության խորհրդարանի աշխատակազմի պարզաբանումը․

«Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականի հրապարակումից հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն  թվականի սեպտեմբերի 5-ից 7-ը ներառյալ, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ներկայացրել են Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումները՝ կից փաստաթղթերով:

«Միասնական Հայրենիք» խմբակցությունը Սամվել Բաբայանի թեկնածությունը առաջադրելու դիմումին կցված փաստաթղթերում ներկայացրել է վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզայի վարչության Ստեփանակերտ քաղաքի անձնագրային բաժնի որոշումը, ինչպես նաև ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի պատճենը՝ Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու մասին:

«Միասնական Հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին  տեղեկացվել է ԱՀ Սահմանադությամբ  պահանջվող անհրաժեշտ փաստաթղթի  բացակայության մասին և համապատասխան  գրությամբ  խմբակցության ղեկավարին է վերադարձվել ԱՀ նախագահի առաջադրման մասին  դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

Հրավիրվել է աշխատաքային խորհրդակցություն և ԱԺ հինգ խմբակցությունների ղեկավարներին ներկայացվել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հետ կապված տեղեկատվություն»: