Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված 2 խոշոր կազմակերպությունների՝ Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցներում առանձնակի ուշադրության կենտրոնում են հայտնվել դատական համակարգի հանդեպ ճնշումները, դատական համակարգի կողմնակալությունը եւ ոչ անկախ գործունեությունը։
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում արձանագրվում է, որ դատական համակարգը, մի շարք թերությունների շտկվելուց հետո, գուցե կարողանա եվրոպական ստանդարտներին համահունչ լինել։ Զեկույցում մասնավորապես ասվում է. «Չնայած օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն դատական համակարգը չէր դիտվում որպես անկախ ու անկողմնակալ՝ պատմականորեն դրսեւորվող կոռուպցիայի եւ քաղաքական ներգործության, բարեփոխումներին դիմադրելու եւ աղմկահարույց դեպքերի պատճառով։ Եղել են չհաստատված հաղորդումներ կառավարության եւ նախկին ռեժիմի տարրերի կողմից` դատավորների վրա ներազդելու փորձերի վերաբերյալ։ Մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը եւ կառավարության ճնշումների մասին պնդումները մասնագետներին հետ են պահել դատավորի թեկնածու առաջադրվելուց։
Շարունակաբար հաղորդումներ էին հայտնվում «անցանկալի» դատավորների դեմ «ընտրովի» կարգապահական վարույթներ սկսելու մասին և արդարադատության նախարարության կողմից ԲԴԽ ներկայացվող կարգապահական վարույթների ընտրության վերաբերյալ որոշումների հետ կապված թափանցիկության բացակայության մասին։ Նույն կերպ թափանցիկության եւ հանրային վերահսկողության բացակայության խնդիրն առկա էր դատավորների ինքնակառավարման մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշումների պարագայում։
Իրավապաշտպան-փաստաբանները հայտնում էին` կարգապահական վարույթների հարցում արդարադատության նախարարության եւ ԲԴԽ-ի միջեւ համագործակցության մասին, ինչը խաթարում էր գործադիրից դատական համակարգի անկախ լինելու հանգամանքը»։
Հունվարի 30-ին ԲԴԽ-ն առաջին ատյանի քրեական դատարանի նախագահ (ենթակայության տակ աշխատող դատավորների թիվը՝ 60) նշանակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որին անկախ փորձագետները հրապարակավ մեղադրել էին քաղաքական դրդապատճառներով վճիռներ կայացնելու մեջ։
Հունիսի 2-ին դատավորների եվրոպական միությունը «նշանակալի մտահոգություն» հայտնեց` ԲԴԽ-ի կողմից կարգապահական վարույթների չարաշահման վերաբերյալ, որոնք զսպող գործոն են հանդիսանում դատավորների կողմից դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու հարցում: Միությունը նաեւ մտահոգությամբ էր փաստում կարգապահական վարույթներ նախաձեռնելու՝ արդարադատության նախարարի լիազորությունը՝ համարելով, որ դա «վտանգում է դատավորների անկախությունը»։
Ստացվում է, որ իշխանության ձգտումը՝ դատական իշխանությանը «իրենով անել», ստացվել է. ստացվել է ոչ թե օրինական ճանապարհով, այլ անօրեն ճնշումների արդյունքում։ Դատական համակարգն այնքան է իշխանության վերահսկողության տակ գտնվում, որ մինչ օրս որեւէ կերպ Փաշինյանի շարասյան կողմից երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով առաջընթաց չկա, թեպետ դեպքից անցել է 2 տարի»: