Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչեւ վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միեւնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միեւնույն է ոչինչ չեք կարող փոխել։
Վախեցնելուց բացի նաեւ ամոթանք է տվել իր համերկրացիներին՝ մոտավորապես, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջեք, որ փրկեք ողջ Հայաստանը, կանխեք պատերազմը, ասել է` իբր այս գործընթացը Հայաստանի անկախության, գոյության համար է արվում։
Կիրանցիները, որ արդեն տասն օրից ավելի է ի նշան բողոքի, փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ իշխանություններին փորձելով հետ պահել միակողմանի զիջումներից, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից, Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը: Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաեւ՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Նորից փորձել է մեղքը բարդել ռուսների վրա, թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։ Ավելին, ասել է, որ Կիրանցում ճանապարհ փակող ընդդիմադիրները իրականում ոչ թե օգնում են իրենց, այլ վնասում՝ էլ ավելի գրգռելով ադրբեջանական կողմին, ու եթե ճանապարհ փակողները միայն կիրանցիներ լինեին, ապա ինքը կայցելեր Կիրանց, ոչ թե իրենց կհրավիրեր կառավարություն։ Փորձել է կիրանցիներին տրամադրել ճանապարհը փակող համագյուղացիների եւ նրանց պարբերաբար այցելող եւ աջակցություն հայտնող քաղաքական-հասարակական գործիչների դեմ։
Միեւնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո՝ գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը։
Այդուհանդերձ, հանդիպումն ու լսածներն այնքան հուսահատեցնող է եղել, որ կիրանցիները թեւաթափ եղած են դուրս եկել, մի կին անգամ լաց է եղել: Նրանք վերադարձել են հայրենի գյուղ, իսկ երեկ անգամ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միեւնույն է՝ Փաշինյանն իր սեւ գործն ավարտին է հասցնելու, չնայած դրան` շատերը դեմ են հանձնվելուն, երեկ քննարկել են նաեւ դաշտամիջյան ճանապարհները փակելու հարցեր, որպեսզի թույլ չտան սահմանը գծող ու սյուներ տեղադրող մասնագետները գաղտագողի գնան, քարտեզագրման աշխատանքներ իրականացնեն»։