կարևոր
4324 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-01 12:35
Հասարակություն

Իրանց իշխանության օրոք երեխա տվեցինք, տարան, կերան. Ազատում զոհված զինվորի ծնող

«Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք: Ուզեն-չուզեն, պետք է բացահայտեն: Իրենք չբացահայտեն, իրենցից հետո եկողը կբացահայտի: Ու ես իրանց հերը կանիծեմ մի ուրիշ ձևով, որ իրենց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, իրանք տարան, կերան։ Էնքան չկան իրանք, որ էդ գործը բացահայտեն զուտ ծնողի խղճի հանգստության համար»,- Հանրապետության հրապարակում ակցիայի ժամանակ ասաց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

«Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք ա։ Ես անուններով կարող եմ ասել, բայց որոշ բաներ հաշվի առնելով՝ անուններով չեմ ասում: Թող խելքները գլուխները հավաքեն: 15 երեխեքի սպանությունը անհայտ պայմաններում խաղ ու պար չի, որ փակեն, գնա»,-ասաց նա։
 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։