կարևոր
3379 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-01 12:06
Հասարակություն

Փաշինյանի վարկածով են ուղղորդվում, բայց փաստն էն ա, որ մեր էրեխքեին թունավորել են, հետո՝ վառել․ զոհվածի ծնող

Զինվորական կացարանի հրդեհից մահացած Արամ Մանուկյանի պապիկը՝ Արտյոմ Գրիգորյանը, ով մի խումբ զոհվածների ծնողների հետ  Հանրապետության հրապարակում ակցիա են անում, լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննության ընթացքում հերքվեց նախնական վարկածը, թե հրդեհը բռնկվել է կանեստրով բենզինից. «Բայց մինչև հիմա Փաշինյանի այդ վարկածն են առաջ տանում քննչական մարմինները: Չկապակցված քննություն են տարել, որտեղ մեկը մյուսին չի բռնում: Մեր վարկածն այն է, որ քննչական մարմինները չեն աշխատում: Հիմա էլ դատավարությունը ոչ օբյեկտիվ է: Ես կասկածում եմ, որ դատավորներն էլ ուղղորդված են: Արդեն փաստ է, որ մեր երեխեքին թունավորել են, հետո նոր վառել են»։

Արտյոմ Գրիգորյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ևս հակասական են. զինվորների մի մասի դեպքում գրված է, որ վառվելու ժամանակ ի վիճակի էին շարժվել, օգնել, օգնություն կանչել, իսկ մյուս կեսը՝ ոչ. «Ուրեմն երեխեքը թունավորվել են և ի վիճակի չեն եղել դուրս գալ: Այդ ինչպե՞ս եղավ, որ գոնե երկուսը չկարողացան դուրս գալ․․․ Ես կասկածում եմ, որ մեր երեխքին «ժերտվա» տվեցին, ոնց որ հիմա Տավուշի գյուղերն են տալիս եսիմ ինչի դիմաց»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։