Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մահիր Օզքան
Վտանգված լեզուների պահպանման համար աշխատող ակտիվիստների առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը լեզվի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը կասկածանքով ընդունելն է։ Կասկածամիտների մի մասը նրանցից է կազմված, ովքեր իրենց լեզուն արդեն բեռ են համարում և ցանկանում են, որքան հնարավոր է, շուտ ազատվել դրանից։Կամավոր ձուլվող նմաններին շատ բան չունենք ասելու։ Սակայն մեկ այլ հատվածը նշում է, որ նման վերաբերմունք են ցուցաբերում լեզուն «պաշտպանելու» ազդակով։ Այդ պատճառով այս մարդկանց վերաբերմունքն արժե քննարկել ու խոսել դրա շուրջ։
Հնարավո՞ր է լեզուն պահպանել այնպես, ինչպես կա
«Լեզուն եղածի պես պահելը» կարծես թե ենթադրում է դրական վերաբերմունք լեզվի նկատմամբ: Իրո՞ք այդպես է: Սա հասկանալու համար առանց հեռու գնալու նայենք թուրքերենին։ Թուրքերենի ամենահին բառարանը՝ Dîvânu Lugâti’t-Türk-ը, որը գրել է Մահմուդ Քաշգարին, պարունակում է 9000 բառ և նախադասություն։ Բառարանի, որը ենթադրաբար ստեղծվել է 1072-1074 թթ, ամենահին օրինակը գրի է առնվել Դամասկոսում՝ 1266 թվին։ Այսօր, ըստ Թուրքական լեզվագիտական ընկերակցության բառարանի, թուրքերենում կա 616767 բառ։ 9000 բառից ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ: Անշուշտ, պատմական շփումների առնչությամբ շատ բառեր, սկզբում արեւելյան լեզուներից՝ արաբերենի ու պարսկերենի գլխավորությամբ, ապա արեւմտյան լեզուներից՝ ֆրանսերենի ու անգլերենի գլխավորությամբ, մուտք են գործել թուրքերեն։ Միաժամանակ, հանրապետական շրջանում սկսվել է մաքրման շարժում, և ստեղծվել են նոր բառեր՝ որպես բազմաթիվ օտար բառերի թուրքերեն համարժեքներ։ Եվ օտար լեզուներից եկածները և նորերը այսօր կազմում են թուրքերենի բառային հարստությունը կամ բառապաշարը։ Այսօր էլ Թուրքական լեզվագիտական ընկերակցությունը շարունակում է թուրքերեն բառեր ստեղծել՝ ընդդեմ օտարաբանությունների, և մտադիր չէ պահպանել լեզուն այնպես, ինչպիսին այն կա։ Իրոք այդպես է։ Հարկ է հետևյալ հարցը բարձրացնել․ թուրքերենի դեպքում դա ճիշտ համարող, թուրքերենին վերաբերող արշավներին մեծ խանդավառությամբ մասնակցող համշենցիներն ինչու՞ են սկսել համշեներենի զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին ի պատասխան ասում՝ «Այն թողնենք այնպիսին, ինչպիսին որ կա»։ Ոչ մի լեզու նույնը չի մնում։ Եթե հասարակական զարգացումն ու փոփոխությունները չընդունեք, այսինքն՝ մնաք այնպիսին, ինչպիսին որ կաք, հետընթաց կապրեք։ Այսինքն՝ եթե կանգնեք, կընկնեք։
Հարուստ լեզու, հարուստ միտք
«Բանասիրական և լեզվաբանական ուսումնասիրություններում լեզվի բառերը, տերմինները, օտար լեզուներից եկած միավորները, ասացվածքները, արտահայտությունները, մարդկային հարաբերություններում օգտագործվելիս սովորույթ դարձած բառերը և որոշ կարծրացած ասույթներ որպես ամբողջություն՝ վերաբերում են բառապաշարին» (Աքսան, 2002: 13): Սակայն մարդիկ լեզվի ամբողջ բառապաշարը չեն օգտագործում իրենց առօրյա կյանքում: 800-1000 բառը բավարար է ամենօրյա բանավոր հաղորդակցության մեջ կիրառվող բառերի մոտավորապես 95%-ը, կամ հիմնական գրավոր տեքստի մոտավորապես 80-85%-ը ծածկելու համար: Սակայն առօրյա կյանքի ոլորտը փոխվելիս այս հիմնական բառերը ևս փոխվում են։ Օրինակ՝ յայլայի տանն ապրող համշենցու համար «չերքենա»-ն (յայլայի տան անկյունում ջրահեռացմամբ, լվացարանով այն հատվածը, որտեղ սպասք են լվանում) իր առօրյայի մի մասն էր, և նա օգտագործում էր այդ բառը։ Այսօր շատ համշենցիներ այդ բառը չգիտեն։ Այսօր նրանց առօրյայում չերքենա չկա, կա լվացարան։ Ինչպե՞ս են արտահայտելու այս բառերն առօրյա կյանքում։ Իհարկե, այդ առարկաները կարտահայտեն այնպես, ինչպես գիտեն։ Այս երկու բառերն էլ ներառվել են թուրքերեն, թեև դրանք թուրքական ծագում չունեն։ Սակայն, այն դեպքում, երբ համշենցիները թուրքերեն խոսելիս չեն մտահոգվում այս բառերի ծագման հարցի շուրջ, համշեներեն խոսելիս խորամուխ են լինում այս բառերի ծագման մեջ, և սկսվում են լեզվի թերության մասին նվնվոցները։ Լա՛վ, դեհ ուրեմն եկեք նոր բառ ստեղծենք համշեներենում կամ էլ հայերենից, որի բարբառն ենք, վերցնենք այդ բառը, որի մասին խոսում ենք․ ոչ, կրկին հնչում է «Պահպանենք համշեներենն այնպես, ինչպես կա» պնդումը:
«Բառապաշարի հարստությունն մարդու մտքերում էլ է արտահայտվում։ Հետեւաբար, մեր գործածած բառերի քանակի ավելացումը ուղիղ համեմատական է մտքի զարգացմանը» (Քարատայ, 2007: 143): Այսինքն, եթե մեր լեզուն չհարստացնենք հասարակական կյանքի պահանջներին համապատասխան նոր բառերով, հնարավորություն չի լինի այս լեզուն փոխանցել նոր սերունդներին և նրանց հետ այդ լեզվով խոսել։ Ասելով՝ «Լեզուն պահենք այնպես, ինչպես կա», այսինքն սառեցնելով և հետևաբար չկարողանալով այն նոր սերունդներին փոխանցել՝ նշանակում է լեզուն սպանել։ Գրականությունից աղքատ լինելու, պաշտոնապես ճանաչված չլինելու, կրթության մեջ չգործածվելու պես մի կույտ թույլ կողմերի առկայությունը մեր լեզվի զարգացման հանդեպ դրական վերաբերմունքը դարձնում են շատ կարևոր։
Համշեներենի զարգացման ռեսուրսներ
Ինչպե՞ս է համշեներենը հարմարվելու փոփոխվող առօրյա կյանքին և հիմնական բառերի փոփոխությանը: Կարծում եմ, որ այն ունի երեք հիմնական ռեսուրս։ Առաջինը հենց ինքը՝ համշեներենն է։ Պետք է ժամ առաջ պատրաստել համշեներենի բառարան, և Աբխազիայից Ղազախստան, Խոփայից Արաքլի, Համշենից Ռաշոտ և Համշենի բոլոր այլ շրջաններում օգտագործվող բառերը ներմուծել լեզու։ Անգամ մեկ գյուղում օգտագործվող բառերը իմանալու պահից սկսած պետք է օգտագործվեն ամենուրեք։ Երբեմն այնպիսի առարկությունների ենք հանդիպում, որ հնարավոր չէ չզարմանալ։ Փազարի Խաչափիթ գյուղում հայտնաբերվել է Խոփայում չգործածվող մի բառ և մեծ ոգևորությամբ շրջանառվում է լեզու ներմուծելու համար։ Մեկն էլ վեր է կենում և ասում. «Ես չգիտեմ-քանի տարեկան եմ, երբեք չեմ լսել այդ բառը»: Խաչափիթցիներն ու ռաշոտցիներն էլ ձեր իմացած հազարավոր բառերը չեն լսել։ Աբխազացիներն էլ (Աբխազիայի համշենահայերը-Ակունքի խմբ․) գիտեն որոշ բառեր, որոնք դուք չգիտեք, չգիտեն որոշ բառեր, որոնք գիտեք դուք: Դրանցից ո՞րը համարենք համշեներեն, ո՞րը չհամարենք։ Ճիշտը, որ բոլորն էլ համարենք։ Եթե ուզում ենք պահպանել մեր լեզուն, արագ շրջանառության մեջ դնենք բոլոր համշենական բառերը, որոնք գիտի գեթ մեկ համշենցի։
Երկրորդ՝ համշեներեն համարենք օտար լեզուներից համշեներեն մուտք գործած ու հաստատված բառերը։ Երկար ժամանակ համշեներենում գործածված մուքեմ, մաքթաբ, խալեսուշ, մուալիմ, մուխթար և այլ բառերը համշեներենի բառապաշարի մի մասն են։ Համշեներեն խոսելիս այն բառերի փոխարեն, որոնք այդ պահին մտքով չեն անցնում, թեկուզ համշեներենում կան, պետք չէ վարանել թուրքերենից բառեր վերցնել և շարունակել խոսել համշեներեն։ Պետք չէ խուափել տեխնոլոգիական զարգացումներով արևմտյան լեզուներից թուրքերեն մուտք գործած բառերն օգտագործելուց և դրանք համշեներեն դարձնելուց։ Ինչպես, օրինակ, ռադիո, ռոբոտ և այլն:
Երրորդը այն բառերն են, որոնք կարելի է վերցնել հայերենից, որի բարբառն է համշեներենը։ Համշեներենում գործածվող շատ բառերից կազմված հայերեն բառերը թեև չենք օգտագործում, բայց մեզ համար ամենևին էլ խորթ չեն։ Երկուսում էլ գիտենք որոշ ընդհանուր բառերը, բայց չենք օգտագործում ընդհանուր ձևը: Սակայն, երբ լսում ենք՝ մեզ շատ ծանոթ ու հասկանալի է թվում։ Նման բառերը պետք է մտցնենք մեր լեզու։ Օրինակ եթե բերենք՝ ծածկանուն բառը մեզանում չի օգտագործվում։ Սակայն գործածվում են ձաձգուշ՝ ծածկել, անուն բառերը։ Հետևաբար, երբ տեսնում ենք այս բառը, հասկանում ենք, որ այն նշանակում է թաքնված, անուղղակի անուն, ասել է թե՝ կեղծանուն։ Մեկ այլ օրինակ է ավելախոս բառը։ Գիտենք ավել» և խոսուշ՝ խոսել բառերը: Ուստի դժվար չէ հասկանալ, որ ավելախոս նշանակում է շատ խոսող, բացբերան։
Որոշ հայերեն բառերի արմատն ու բառաստեղծ ածանցը գիտենք, բայց երկուսը միասին չենք գործածում։ Այն բառերը, որոնց հանդիպելիս հեշտությամբ հասկանում ենք, ինչու՞ համշեներենի բառապաշարին չավելացնենք: Օրինակ՝ չափ բառը՝ ծիավոր-ձիավոր, խելքվոր-խելացի բառերի պես -վոր վերջածանցով օգտագործելիս դառնում է չափավոր՝ չափված։ Մենք օգտագործում ենք կիդանուշ-գիտենալ բառը և –ութին վերջածանցը: Ինչու՞ չօգտագործել կիդութին-գիտություն բառը: Օգտագործում ենք գաթ-կաթ բառը և -գից վերջածանցը (տուր՝ թերգից՝ հարևան)։ Գաթնագից–կաթնեղբայր բառը ինչո՞ւ չենք գործածում: Կարծում եմ օրինակները բավական են։ Սակայն հարյուրավոր, հազարավոր նման բառեր կան։ Ժամանակը չէ՞, որ հայերենի հետ համշեներենի հարաբերությունները թաքնվելու և վախենալու վիճակից վերածենք մեր լեզվի գոյատևման առավելության։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net